Երեխաների իրավունքների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին եւ դրան հաջորդած երկու օրերին Հայաստանի երեք մարզում վերաբացվել է երեք մանկապարտեզ:
Տավուշի մարզի Հաղարծին գյուղում սփյուռքահայ բարերարների (25,4 միլիոն դրամ), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (8,1 միլիոն դրամ) եւ Հաղարծինի գյուղապետարանի (3,6 միլիոն դրամ) համաֆինանսավորմամբ գյուղի մանկապարտեզը հիմնանորոգվել է, ապահովվել է ջեռուցման համակարգով, փոխվել են ջրամատակարարման եւ ջրահեռացման արտաքին եւ ներքին ցանցերը, բակում կառուցվել է խաղահրապարակ: Մինչ հիմնանորոգումը, մանկապարտեզն ուներ 40 սան՝ երկու խմբով, այսօր բացվել է նաեւ երրորդ խումբը, երեխաների թիվը հասել է 70-ի:
Արագածոտնի մարզի Ուջանի մանկապարտեզը չէր գործում 1997 թվականից: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 68 միլիոն դրամով է նորոգվել Ուջանի մանկապարտեզը, իսկ կահավորանքը տրամադրել է «Կամուրջ» բարեգործական կազմակերպությունը: «Հովիկ» անունով մանկապարտեզն այսօր 50 երեխա կարող է ընդունել: Մինչդեռ գյուղապետարանում 220-230 երեխայի համար դիմում կա: Եթե նորոգվի նաեւ մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը, բոլոր ցանկացողները կկարողանան մանկապարտեզ հաճախել:
Իսկ Արմավիրի մարզում նորոգվել է Այգեկ գյուղի մանկապարտեզը՝ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հովանավորությամբ: Արմավիրի մարզպետարանը, սակայն, տեղեկացնելով այս մասին՝ Հակոբ Հակոբյանին եւս ներկայացնում է ԱԺ պատգամավոր: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է եղել 1999-2003 եւ 2003-2007թթ. գումարումների խորհրդարաններում: