Հունիսի 2-ին տեղեկացրել ենք, որ Լոռու մարզում տեղացած ուժեղ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով մեծապես տուժել են Գարգառ, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Եղեգնուտ, Անտառամուտ, Ամրակից, Պուշկինո, Վահագնի համայնքների ցանքատարածությունները, արոտավայրերը, այգիները: Ջուրը լցվել էր բնակելի տների նկուղներ: Արդեն պարզ է, որ վնասի ընդհանուր չափը կազմում է 138,23 միլիոն դրամ: Կարկտահարվել է 813.63 հեկտար արտ ու այգի:
Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչիկ Անտոնյանի կարծիքով, նման աղետները հնարավոր կլինի մեղմել, եթե եղանակը գոնե ճիշտ կանխատեսվի:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը տեղեկացրեց, որ դժվար է լինելու վերականգնել կարկտահարված պտղատու այգիները: Թեկուզ ցանքի համար ուշ է, բայց բանջարեղենի կորուստը մասամբ կարելի է մեղմել-վերականգնել կրկնակի ցանքի միջոցով: Վնասված հացահատիկի ցանքատարածություններն էլ կհնձվեն եւ կօտագործվեն որպես անասնակեր:
Տուժած գյուղացիներին օգնելու ակնկալիքով Լոռու մարզպետարանը դիմել է ՀՀ գյուղնախարարությանը եւ կառավարությանը: