Գորիսեցիներից շատերը քաղաքապետի ընտրությանը չեն գնալու, շատերը այս ընտրություններին ընտրության հնարավորություն չեն տեսնում, իսկ Սյունիքի մարզպետը պնդում է, որ ընտրությունները Սյունիքում միշտ էլ արդար են լինում:
Հունիսի 20-ին Գորիսում քաղաքապետի հերթական ընտրություն է: Քաղաքապետի աթոռի համար այս անգամ պայքարում է երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Նելսոն Ոսկանյանը եւ անկուսակցական, «Վարարակն» ընկերության տնօրեն Ավետիք Բուդաղյանը: Նելսոն Ոսկանյանը Գորիսի քաղաքապետ է 2000 թվականից: Այդ տարվա ընտրություններում նա ստացել էր 4115 ձայն եւ պարտության էր մատնել Համլետ Մկրտչյանին (2100 ձայն), Մասիս Բաղիրյանին (1950 ձայն) եւ Սամվել Հարությունյանին (315 ձայն): 2003 թվականի հունիսի 22-ին կայացած ընտրությունների ժամանակ էլ նա պայքարում էր Ավետիք Բուդաղյանի եւ Մուշեղ Խոյլունցի հետ, եւ ստանալով 3833 ձայն, կրկին հաղթեց: 3-րդ՝ 2006 թվականի ընտրությունների ժամանակ նա միակ թեկնածուն էր եւ 7933 ձայնով մնաց քաղաքապետի աթոռին: Մի քանի օր առաջ տեղի ունեցած զրույցում Նելսոն Ոսկանյանն ասաց՝ «15-20 օր հետո իմ ընտրությունն ա, որից ես շատ զգույշ եմ»: Մեր հարցին, թե ինչո՞ւ է ուզում 4-րդ անգամ ընտրվել, գործող քաղաքապետը այսպես պատասխանեց. «Անելիքներ միշտ կան, ես մի ասացվածք ունեմ՝ գժերը կյանքում իրենց խելքից չեն բողոքում»:
«Առավոտը» գորիսեցիներից հետաքրքրվեց՝ ի՞նչ սպասելիքներ ունեն այս ընտրություններից եւ ո՞ւմ են տալու իրենց ձայնը: «Ստեղ ընտրություն չի լինում, հունց ուզում են, տենց էլ անում են: Ստից քյում են, թուղթը քցում: Դուք ինձնից լավ գիտեք, հո՞ր ես ինձ հարցնում: Ավագանին եթե ավագանի ա, պիտի նստի, մի հարց լուծի, 17-18 տարեկան հարուստի երեխեք են, ի՞նչ են հասկանում: Ընտրության չեմ գնալու, որովհետեւ թեկնածու չկա, խելոքներ շատ կան, բայց նրանց չեն թողում, որ թեկնածություն դնեն: Սրանցից բացի՝ ով ուզում ա լինի, թեկուզ գյուղից՝ մի չոբան: Չոբանը սրանցից լավ կղեկավարի: Տեղական ինքնակառավարման մարմինները մինակ իրանց հմար են աշխատում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գորիսեցի նախկին վարորդ Սուրիկը: Գործող քաղաքապետի մասին նա այսպես արտահայտվեց. «Քաղաքապետին եթե մի հարցով դիմում ես, ասում ա՝ ես ստեղ պահակ եմ աշխատում, հասկացա՞ր: Ինքը պրոստո աթոռն ա, որ նստած ա, ամեն ինչը չեն խորանում, աղջիկ ջան: Ոչ մի լյավ պյան չկա»: Մյուս թեկնածուի՝ Ավետիք Բուդաղյանի մասին էլ կարծիք հայտնեց. «Էդ էլ պրոստո հերը մի քանի մանեթ ունի, թեկնածությունը առաջադրել ա»: Վարորդ Սուրիկի նման քիչ գորիսեցիներ գտնվեցին, որ ցանկացան ազատորեն արտահայտվել: Գորիսում վախի մթնոլորտ է: Մեր փոքրիկ հարցումով պարզեցինք, որ գորիսեցիների մեծ մասն անտարբեր է ընտրությունների նկատմամբ, շատերը ընտրության չեն գնալու: Գորիսեցիներից ոմանք ցանկություն էին հայտնում խոսել առանց ձայնագրիչի կամ էլ ասում էին, որ խոսեն՝ իրենց հետ հաշվեհարդար կտեսնեն: Մի տարեց մարդ էլ վախեցած ասաց՝ «Մի անգամ «Ազատություն» ռադիոկայանով խոսեցի՝ գլխիս հարսանիք սարքեցին: Հիմա որ խոսեմ՝ տեղում ձեռներս կկապին, կտանին»: 41-ամյա մսագործ Շիրազ Բաղդագուլյանն էլ մեր հարցմանն այսպես պատասխանեց. «Ընտրության չեմ գնալու, տենց խասիաթ չունեմ, ինձ պետք չի: Ինձ համար՝ ուզում են ընտրվեն, ուզում են՝ ոչ, լրիվ մեկ ա: Գնամ ի՞նչ, իրանք ընտրված-պրծած են: Ես իսկի չեմ իմանում քաղաքապետը հուվ ա, կողքովս անցնի՝ չեմ ճանաչի»: Հարցին՝ որեւէ սպասելիք չունե՞ք ընտրություններից, պատասխանեց. «Ա՛յ, ես գոհ եմ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից, մի հատ ուժեղ տղա ա, իրա ասածը օրենք ա, մեծ մարդ եմ համարում, Աստծու չափ հարգում եմ: Ինձ ամեն ինչով օգնել է, էրեխու վիրահատմանն էլ օգնեց (նկատենք, որ մարզպետները քաղաքացիներին դրամական օգնություն են տալիս ՀՀ պետական բյուջեով ստացված գումարներից-խմբ.)»: Գորիսի գյուղատնտեսական պետական քոլեջում դասավանդող Ռուբիկ Խաչատրյանն էլ խուսափեց խոսել, բայց ասաց. «Մեկ ա, որ մեկին էլ ընտրես՝ նույնն ա: Եթե վերեւից որջը փոխվեց, մինչեւ ներքեւ լրիվ փոխվելու է»: Գորիսի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի գծով գլխավոր մասնագետ Արմինե Հովակիմյանն իր ձայնը տալու է գործող քաղաքապետին, որովհետեւ նրա հետ աշխատելը հեշտ է, իսկ թեկնածու Ավետիք Բուդաղյանի մասին ասաց. «Բան չունեմ ասելու, երիտասարդ տղա է, բավականին լավ նկարագիր ունի, կիրթ ընտանիքից է»: Գորիսեցի Համլետ Միրզոյանն էլ դժգոհ էր սյունեցիների սոցիալական վիճակից. «Բոլոր խանութներին մարդիկ պարտք են, պարտքի ցուցակներ կան»: Նա գնալու էր ընտրությունների եւ ասաց, որ ընտրելու է գործող քաղաքապետին՝ մի բանի համար. «Մաշինը կայնեցնում ա, նստում ենք»:
77 տարեկան մի կին էլ, որ կրկին խուսափեց անուն տալուց, ասաց. «Հիմա Գորիսը չես կարող համեմատել նախկին, մի 10 տարի առաջվա Գորիսի հետ: Առավոտյան նայում եմ, փողոցներում մարդ չկա, հիշում եմ անցյալը, երբ մարդիկ իրար հրմշտելով աշխատանքի էին գնում, հիմա մարդ չկա: Այնպիսի քաղաքապետ է պետք, որ մտահոգվի քաղաքի համար: Եթե անջատեք՝ շատ բան կասեմ, կազմակերպչական ջիղ ունի Բուդաղյան Ավոն, ժողովրդի համար օգտակար գործեր է անում»:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ ասաց. «Բարձրաձայն կարող եմ ասել՝ սատարում եմ ներկայիս քաղաքապետին, որովհետեւ նա նորմալ, կիրթ, դրական, իրենից չվանող անձնավորություն է, նաեւ Հանրապետական կուսակցության անդամ է, բայց էդ ամեն ինչից զատ, իմ ընկերն է»: Հարցին՝ արդյո՞ք իր կարծիքը չի խոչընդոտի արդար ընտրություններ անցկացնելուն, պատասխանեց. «Ընտրությունները Սյունիքում միշտ էլ արդար են լինում, էդ մի հարցում կարող եք վստահ լինել»: Մոտ 23 հազար բնակիչ եւ մոտ 16 հազար ընտրող ունեցող Գորիսում մարդիկ վերջին 10 տարում այնքան էլ ակտիվ չեն մասնակցել քաղաքապետի ընտրություններին: 2000 թվականին քաղաքապետի ընտրությանը մասնակցել է մոտ 8500, 2003 թվականին՝ մոտ 6700, 2006-ին՝ 8100 ընտրող: