Հայաստանում առայժմ նման վտանգ չկա
Զբոսաշրջության գործակալություններն այսօր փակվելու վտանգի տակ են, բայց ոչ այն պատճառով, որ տուրիստները նվազել են: Պատճառն այն է, որ արդեն շատերը նախընտրում են ինտերնետով, առանց տուրգործակալության միջնորդության կապվել այս կամ այն երկրի հյուրանոցի հետ եւ on-line ռեժիմով տուրփաթեթներ ձեռք բերել: Տուրգործակալությունների փակվելու վտանգը չեն բացառում նաեւ մեզ հետ զրուցած զբոսաշրջության գործակալությունների տնօրենները:
«Առավոտի» հետ զրույցում «Վիզա կոնկորդ» տուրգործակալության տնօրեն Արթուր Բաբայանը նկատեց. «Ընդհանրապես, այդպիսի մտահոգություն ու վտանգ կա ողջ աշխարհում, մեր երկրում թեեւ վտանգը դեռ մեծ չէ, բայց, այնուամենայնիվ, on-line ռեժիմով հյուրանոցներ պատվիրողները գնալով շատանում են»: Ըստ պարոն Բաբայանի, ինտերնետային ծառայություններից օգտվելու դեպքում էլ վտանգի ռիսկերն են մեծանում. «Ոչ միշտ է, որ ինտերնետով պատվիրած հյուրանոցը ամենաէժանն է, նման դեպքերում գումարները վերադարձման ենթակա չեն, այսինքն, եթե քարտից գումարը հանվեց, ապա վերադարձման քիչ հավանականություն կա, ավանդական գործակալությունները մեկ այլ առավելություն էլ ունեն, այն է՝ կարող ես խնդիրների դեպքում փոխել մեկնման օրը կամ հրաժարվել քո ամրագրածից, իսկ on-line ամրագրումներն այդպիսի հնարավորություններ չեն ընձեռում, գուցե սրա շնորհիվ է, որ ավանդական գործակալություններին շարունակում են ավելի շատ վստահել»:
Պարոն Բաբայանը չբացառեց նաեւ, որ մոտակա տարիներին on-line ծառայությունների հնարավորությունները կմեծանան եւ կիրացնեն գործակալությունների մենաշնորհը, թեեւ. «Դեռեւս Եվրոպայում էլ մարդիկ գերադասում են անձնական կոնտակտ ունենալ զբոսաշրջության գործակալի հետ»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցում որեւէ վտանգ չի տեսնում. «Պետք է տարբերակենք զբոսաշրջային օպերատոր եւ զբոսաշրջային գործակալ հասկացությունները: Օպերատորը ինքն է փաթեթը ձեւավորում եւ վաճառում, գործակալը վաճառքի միջնորդն է, on-line ծառայությունները սկսում են մեծ տեղ զբաղեցնել հասարակական կյանքում, եւ կարող են հանգեցնել նրան, որ գործակալներին ավելի քիչ դիմեն, բայց վաղ է խոսել, թե ինտերնետը կփոխարինի զբոսաշրջային օպերատորին, որը ստեղծագործական միտք ունի ու ամեն օր նոր փաթեթներ է ձեւավորում եւ այլն»: Պարոն Ապրեսյանը համամիտ չէ, թե on-line ծառայությունները նվազ վստահելի են, քան տուրգործակալությունները. «Գործակալը կարող է լինել անպատասխանատու եւ վատ ծառայություն վաճառել, նույնը ինտերնետի դեպքում կարող է լինել, քաղաքացին պետք է իմանա՝ ում է դիմում եւ որ կայքի ծառայություններից է օգտվում, այսինքն՝ որակյալ ծառայություն մատուցողի, պատասխանատու ծառայություն մատուցողի խնդիրը միշտ էլ լինելու է, իսկ ինտերնետի լայն հնարավորությունների շնորհիվ, գործակալներին դիմելու նվազման միտում, իհարկե, կա»: