Եթե որեւէ մեկն ուզենա, կարող է արտերկրի շուկաներից անգամ իր
մրցակիցը չունեցող հայկական ծիրանը դուրս շպրտել:
Հայկական հանքային ջրերը սրանից 3 տարի առաջ մեծ սպառում ունեին ոչ միայն ներքին շուկայում, այլեւ՝ ողջ Եվրոպայում, Ռուսաստանում, Իրանում եւ ԱՄՆ-ում: Բոլոր նորմալ երկրների գործարարները, տեսնելով, որ իրենց արտադրանքը լավ չի սպառվում ու շուկան ինչ-որ «x» երկրի ապրանք է գրավում, նրան թեթեւ սեւ PR-ի միջոցով դաշտից դուրս են շպրտում, ինչը եւ եղավ մեր «ջերմուկների» հետ: Մի պատահական օր հանկարծ ամերիկացիները մեծ աղմուկ բարձրացրին, որ հայկական «Ջերմուկ» հանքային ջրի օգտագործումը խիստ վտանգավոր է մարդու առողջության համար, որ դրա մեջ մկնդեղի՝ 500-600 անգամ նորման գերազանցող պարունակություն կա: Այս տագնապից հետո որքան էլ «Ջերմուկ» արտադրողները, ՀՀ կառավարության ներկայացուցիչները, հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը կոկորդ էին պատռում, որ այդ մեղադրանքները սուտ են, մի շարք երկրներ, նույնիսկ Կանադան եւ Հոնկոնգը, որտեղ 7 տարի հայկական «Ջերմուկն» արտահանվել էր՝ սկսեցին բոյկոտել այն: Ներքին շուկայում էլ շատերը, որ ամռանը ջրի տեղ «Ջերմուկ» էին խմում՝ հրաժարվեցին այդ սովորությունից: Հիմա նոր-նոր «Ջերմուկը» հազիվ «ուշքի է գալիս» ու փորձում շուկայում իր տեղը գտնել:
Այս պատմությունը ցույց տվեց, թե որքան անպատրաստ ու անպաշտպան են մեր գործարարները թե՛ դրսի, թե՛ ներսի շուկայում: Աշխարհում ցանկացած իրեն հարգող ընկերություն, բիզնես սկսելուց առաջ առաջին հերթին սկսում է մտածել «ճգնաժամային PR փաթեթների» մասին, որն իր մեջ ներառում է նաեւ պաշտպանություն սեւ PR-ից: Քանի որ դա շատ տարածված երեւույթ է եւ ոչ մի ընկերություն պաշտպանված չէ սեւ PR-ի թակարդից, ձեռնարկատերերը պետք է նախապես ձեռքի տակ տարբերակներ ունենան՝ այդ թակարդը չընկնելու եւ շուկայից խցանի պես դուրս չթռչելու համար: Հայաստանում դժվար է ենթադրել, որ կա գոնե մի ընկերություն, որը չի խնայում փող տալ՝ նման փաթեթ ունենալու համար: Իսկ այդ դեպքում նորմալ արտահանման եւ միջազգային շուկաներ գրավելու մասին հայ գործարարների պլանները հեքիաթներ են թվում:
Այս առնչությամբ, «Առավոտի» հետ զրույցում «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը պատմեց, որ մի քանի տարի առաջ «Պեպսիի» դեմ սեւ PR են արել ու դրա տակից հայտնի ընկերությունը կարողացել է հեշտությամբ դուրս գալ. «Պեպսիի» երկաթե տարաների մեջ մարդիկ տարբեր նահանգներում ասեղ էին գտնում: Ուղիղ եթերում տեսախցիկի առաջ բացում էին տարան, լցնում թափանցիկ բաժակի մեջ ու ասեղը ցուցադրում: Իհարկե, «Պեպսի» արտադրողները շատ արագ հասկացան, որ իրենց դեմ սեւ PR են անում, դժվար չէր կռահել նաեւ, թե ով էր դրա պատվիրատուն, եւ քանի որ ուներ հակաճգնաժամային փաթեթ, արդեն մտածված մեխանիզմներով հաշված օրերի ընթացքում շոկից դուրս եկավ՝ առանց վնասելու իր հեղինակությունը: Բայց եթե վաղը Հայաստանում լուրեր տարածվեն, որ, ասենք, «Բրաբիոն ֆլորա սերվիսի» ծաղիկներից թունավորում է առաջանում, ներկերը քիմիական բաղադրություն ունեն եւ այլն, այդ մարդիկ բավականին լուրջ հարված կստանան եւ փաստի առաջ կկանգնեն, որովհետեւ, ենթադրում եմ, որ հակաճգնաժամային փաթեթ չունեն»:
Ուշագրավ է, որ եթե որեւէ տնտեսվարող անբարեխիղճ մրցակցություն է անում, չարաշահում է գերիշխող դիրքը կամ այլ խախտում է անում՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարող է նրան տուգանել, իսկ սեւ PR-ի դեպքում ոչ ոք չի կարող պատժվել, որովհետեւ նախ դա ապացուցել հնարավոր չէ, բացի այդ, դա մրցակցության «առողջ» տարբերակ է համարվում: Երբ PR մասնագետին հարցրինք՝ եթե շուկայում մի գործարար մյուսի նկատմամբ «անմեղ տեղը» սեւ PR անի ու շուկայից կեղծ լուրերի շնորհիվ դուրս անի՝ դա որքանո՞վ է արդար ու բարոյական՝ Հայկ Կիրակոսյանը պատասխանեց. «Սեւ PR-ում դա միշտ վիճելի է, անգամ փիլիսոփայական հարց է դարձել, թե որտե՞ղ է բարոյականությունն ու անբարոյականությունը, բայց մի բան միանշանակ է՝ օրենսդրական խնդիրներ չեն կարող առաջանալ: Ճիշտ սեւ PR-ը եւս պետք է կառուցվի իրականության հիման վրա: Ընդհանրապես PR-ը շատ առողջ երեւույթ է, նպատակ ունի շուկայում թույլ խաղացողին հանել: Եթե մեկը դրսից ներկրված վատ կաթի փոշիով թթվասեր է արտադրում՝ պետք է սեւ PR արվի, որ նա դուրս գա շուկայից, շուկայում տեղ չզբաղեցնի եւ իր առաջարկը չհասնի սպառողին: Այդ միջոցով կարելի է ստիպել, որ մարդը ընտրի այս կամ այն թեկնածուին, խմի այս կամ այն հյութը, օգտվի կոնկրետ մի ծառայությունից եւ այլն: Այսօր շուկայից մրցակցին հանելը այնքան հեշտ է: Կայքեր կան, որ թույլ են տալիս իմ բջջայինից, բայց ձեր անունից հաղորդագրություն ուղարկել, կամ իմ e-mail-ով, բայց ձեր հասցեով նամակ ուղարկել՝ ցանկացած բովանդակության: Բավական է մի ընկերության հետ կապված թեկուզ անանուն տեղեկություն տարածել՝ այդ ընկերությունը խնդիրներ կունենա»:
Նշենք, որ ներկայումս Հայաստանից մեծ քանակությամբ ցեմենտ, ծիրան եւ ոչխար է արտահանվում Իրան: Եթե որեւէ ընկերության մտքով անցնի լուրեր տարածել, որ, ասենք, հայկական ոչխարները «խոզի հիբրիդով» են ստացվում, կամ՝ ծիրանի կորիզի ու հայկական ցեմենտի մեջ խոզի ճարպ կա՝ որքան էլ այդ տեղեկությունն անհեթեթ թվա՝ իսլամական երկրներում այդ ապրանքատեսակների սպառումն իսկույն կկանգնի: Այնպես որ, նույնիսկ այն շուկաներում, որտեղ «մերոնք» իրենց շատ լավ են զգում եւ թվում է, թե գերիշխող են, մրցակից չունեն՝ կարող են այնպիսի խնդիրներ ի հայտ գալ, որ շոկի մեջ կգցի ոչ միայն մի քանի գործարարների, այլեւ կհարվածի Հայաստանի տնտեսությանը: