Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը մի լեզվով է խոսում, տնտեսությունը մի այլ լեզվով է ընթանում»

Հունիս 05,2010 00:00

\"\"ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, տարին, գնաճի տեսանկյունից, բավականին լարված է, իսկ պաշտոնական ցուցանիշները շատ ավելի ցածր են իրական գնաճի մակարդակից:

Երեկվա ասուլիսում պարոն Ասատրյանը նկատեց, որ երբ «խորանում ես թվերի մեջ՝ տխրելու առիթներ շատ են լինում». «Ընթացիկ տարվա հինգ ամիսների կտրվածքով, սպառողական գների 5% անկման պարագայում հիմնական ծանրությունն ընկել է պարենային ապրանքների վրա: Ցավալին այն է, որ հիմնականում աճում են տեղական արտադրության ապրանքատեսակների գները: Բանջարեղեն-կարտոֆիլը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 11%-ով, միայն կաղամբն աճել է 33%-ով»: Ըստ Ասատրյանի, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում միջազգային շուկայում հացահատիկի եւ շաքարավազի 5% գնանկում է արձանագրվել, բրնձի՝ 7,5%, գրեթե չեն փոփոխվել բենզինի եւ դիզվառելիքի գները, մինչդեռ Հայաստանում նախորդ տարվա մայիսի համեմատ այս տարի բենզինի գինը աճել է 31%-ով, դիզվառելիքի գինը՝ 34%-ով. «Եթե համաշխարհային շուկայում գները բարձրանում են, Հայաստանում եւս բարձրանում են, երբ համաշխարհային շուկայում գները նվազում են, Հայաստանում էլի բարձրանում են, մեր տնտեսության մեջ տնտեսական օրինաչափությունները չեն աշխատում, մի քանի անհատների վճիռներն են գործում, ինչ ուզում եք՝ արեք, սա է»: Պարոն Ասատրյանին տպավորել է ընթացիկ տարվա 4 ամիսներին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշը, որը նա պայմանավորում է միջազգային շուկայում մետաղների գնաճով եւ մեր երկիր մասնավոր տրանսֆերտների աճով. «Ուրախալի է, որ աճ կա, բայց այն պասիվ է, հուսալի չէ. օրինակ՝ ապրիլին, մարտի համեմատ, անկում ենք ունեցել, բացի արդյունաբերության ոլորտից՝ էլ մյուս ոլորտներում աճը էական չի եղել… այն, ինչ կատարվում է գյուղատնտեսության ոլորտում, անհանգստացնում է բոլորին, բացի իշխանություններից»: Արտաքին առեւտրի տեսանկյունից, տնտեսագետի գնահատմամբ, վերջին տասնամյակում Հայաստանը նահանջ է ապրել. «Մենք չարտադրող, բայց շռայլ ծախսող ժողովուրդ ենք, ըստ էության մենք արտահանում չունենք, թեեւ այս տարվա 4 ամիսների ընթացքում 60% աճ է արձանագրվել, իրականում այն նույնիսկ չի հասել $300 միլիոնի, մինչդեռ նույն ժամանակահատվածում ներմուծումը գերազանցել է $1,1 միլիարդը ու շարունակում է աճել»: Նրա խոսքով, Հայաստանում տնտեսական համակարգը կոչված է ոչնչացնելու փոքր եւ միջին բիզնեսը, եւ այն հաջողությամբ իրականացվում է. «Տնտեսությունն ամբողջովին մոնոպոլիզացված է, օլիգարխները խեղդում են փոքր-միջիններին, որովհետեւ նրանց հացն է կտրվում: Կառավարությունը խոսում է մի լեզվով, տնտեսությունը եւ իրականությունը մի այլ լեզվով է ընթանում, բոլորս էլ հասկանում ենք, բարի ցանկություններով է սալապատված դժոխքի ճանապարհը»: Անդրադառնալով Հայաստանի արտաքին պարտքի ծավալներին՝ պարոն Ասատրյանն ասաց, որ իշխանությունները խիստ պետք է անհանգստանան այդ հարցում. «Երբ իրական չափն են գնահատում, թող համադրեն արտահանման ծավալների հետ, քանի՞ տարի մեր երկիրը պետք է արտահանի ու չսպառի, որ կարողանա պարտքը մարել, ակնհայտ է, որ առաջիկայում դժվարություններ ենք ունենալու, պետք է համակարգային քայլեր ձեռնարկենք»: Իսկ ինչ վերաբերում է Արժույթի հիմնադրամի՝ Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ դրական գնահատականներին, Բ. Ասատրյանը ասաց. «Չինովնիկական մոտեցում եմ տեսնում նրանց կողմից: Նրանք իրենց «գյորա» են գնահատում, այդ գումարները նրանց համար չնչին բան են, մեր տնտեսության համար՝ սարսափելի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել