Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՅԼԵՐՆ ՈՒ ՔԱՄԻՆԵՐԸ ՇԻՐԱԿՑԻՆԵՐԻՆ ՍՆԱՆԿԱՑՆՈՒՄ ԵՆ

Հունիս 05,2010 00:00

Մի քանի օր է՝ Շիրակի մարզի գյուղերը հայտնվել են աղետալի վիճակում. սոված գայլերի հարձակումից չպրծած (գայլերը հոշոտել էին Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղի բնակիչներից մեկի 30 գլուխ ոչխարները, 20-ին էլ այնպես էին վնասել, որ կենդանիներին տեղափոխել են անասնաբույժի մոտ)՝ նախորդ օրը ուժգին քամին զգալի վնասներ է հասցրել մարզի 9 համայնքների: Մարզպետարանական հանձնաժողովի երկօրյա ուսումնասիրությունները պարզել են, որ ամենամեծ վնասը կրել են Կապսն ու Հովունին, քամին թռցրել է այս երկու գյուղերի մշակույթի տների կտուրները; Նաեւ դպրոցներն են առանց տանիքների մնացել. մասնավորապես՝ Հովունու, Վահրամաբերդի ու Հացիկի: Վնասվել են նաեւ Մայիսյանի համայնքային կենտրոնը, Ամասիայի տարածաշրջանի Բյուրակն համայնքը, քամին մեծ թվով հենասյուներ է վայր գցել, ու միայն երեկ է էլցանցի աշխատակիցներին հաջողվել վերականգնել տուժած գյուղերի էլեկտրամատակարարումը: Նշենք, որ արդեն մի քանի անգամ Շիրակի մարզում բռնկվող անկանխատեսելի փոթորիկները «ֆինանսաքամ» են անում գյուղացիներին, սակայն նրանք ոչ միայն կառավարությունից փոխհատուցում չեն ստանում, այլեւ տեսնում են, որ հայրենի կառավարությունը պատրաստ չէ աղետների դիմակայմանը:
 «Առավոտը» Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանից հարցրեց՝ եթե ամեն անգամ փոխհատուցում չպիտի լինի, ապարդյուն չե՞ն արդյոք մարզպետարանի ուսումնասիրությունները: Պաշտոնյայի վստահեցնելով, կառավարությունը իր ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցների՝ դպրոցների ու արտադպրոցական հիմնարկների կրած վնասները միշտ էլ փոխհատուցել է, իսկ ինչ մնում է սեփականատերերին, ապա շենք-շինությունները կառուցելիս պետք է դրանք համապատասխանեցնեն նաեւ աղետների դիմակայմանը: «Նախկինում մեր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ շատ մեծ օգնություն է կազմակերպվել սեփականատերերի համար, Աշոցքին ու Ամասիային 400 միլիոնից ավելի դրամ է հատկացվել, բայց դա աղետ էր. մենք շատ հաճախ շփոթում ենք փոթորիկը, մրրկահողմը՝ սովորական քամու հետ: Մեր ուսումնասիրությունները պարզում են, որ քամուց տուժում են նաեւ նորակառույց շենքերը, օրինակ՝ անցած տարի տուժել էր Ախուրիկի ամբուլատորիան, պատուհանների ապակիները ջարդվել էին, որովհետեւ բաց էին եղել, աշխատողները տեղում չեն եղել, եթե պատուհանները բաց են թողել, ո՞ւմ ենք մեղադրում: Ես էն կարծիքին եմ, որ պետք է նաեւ պատասխանատվության կանչվեն պատասխանատուները, օրինակ՝ շինարարները կամ կառույցի, գրասենյակի տերերը»,- առաջարկում է մարզպետարանի տարածքային վարչության պետը: Իսկ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում մարզի գյուղերը սոված գայլերից փրկելու համար: Մարզպետարանի պաշտոնյայի կարծիքով, այստեղ եւս սեփականատերերը պետք է զգոն լինեն, փող ծախսեն ու իրենց ոչխարների անվտանգությունն ապահովեն: «Ո՞նց կարելի է 50, 60, 200 գլուխ անասուն պահել ու մեկ պահապան շուն չունենալ, անցած տարի Ամասիայում գայլերը շատ ավելի մեծ քանակությամբ ոչխարների ոչնչացրին, բայց գնում- տեսնում ես, որ ոչխարների հսկա հոտին մի տուզիկ են պահակ կանգնեցրել, հիմա ո՞վ է մեղավոր՝ գա՞յլը, ո՞վ է ասել, որ գայլերին պետք է անխնա ոչնչացնել, էն էլ, պատկերացրեք, կենդանական աշխարհից զուրկ Շիրակի մարզում, գայլը էս բնության զարդերից մեկն է, եթե փարախդ անտեր է, գելխեղդ շները չկան, գայլին ի՞նչ է մնում անել, երեւի շուն պահելը շատ թանկ է, ուզում են ոչխարաբուծությամբ մեծ եկամուտներ ստանալ, բայց այս նպատակի համար ներդրումներ չկատարել»,- այս հարցում եւս գյուղացիներին մեղադրում է Կարլեն Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ մի անգամ գայլերի թեմայով «Առավոտի» հետ զրուցելիս մարզի գլխավոր անասնաբույժն ասել էր. «Որ գոմերի դռները փակ պահեն, գայլերին էլ գող ու բոզ չհանեն, չի լինի՞»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել