Եթե նրանք չհրաժարվեն Հայաստանի դեմ ստահոդ բանաձեւի նախագծի ներքո դրված իրենց ստորագրությունից:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ, որին հրավիրվել է նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ վերջինս մայիսի 28-ի ասուլիսում դժգոհել էր, թե մինչ ԵԽԽՎ նիստերին մասնակցելը՝ խորհրդակցություններ չեն հրավիրվում, որտեղ միասնական դիրքորոշումներ կմշակվեին արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այն ժամանակ էլ էր մեզ հայտնել, որ պատվիրակությունը մշտապես նման հավաքներ ու քննարկումներ է անցկացնում, ուղղակի Զարուհի Փոստանջյանն է հրաժարվում մասնակցել դրանց: Մինչ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցությանը մասնակցելը՝ Զարուհի Փոստանջյանը մեզ հայտնեց. «Ես խնդրել եմ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության քարտուղարին, որ ցանկացած հավաքի մասին ինձ գրավոր տեղեկացնեն, որ իմանամ՝ ասենք, եթե հավաքը Կոլոմբիեի եւ Պրեսկոտի հետ ռեստորան գնալն է, ես դա չեմ ընդունում որպես քննարկում: Ես հորդորում եմ լուրջ հավաք անցկացնել, որտեղ պիտի քննարկվեն, օրինակ, այժմ շրջանառության մեջ դրված երկու փաստաթղթերը՝ Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին զեկույցը եւ Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովի շրջանառության մեջ դրած բանաձեւի նախագիծը՝ «Հայաստանի վճռականությունը՝ մոնոէթնիկ պետություն դառնալու եւ ընդդեմ ազգային փոքրամասնությունների քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ»: Հավաքվենք՝ որոշելու անելիքները, քանի որ համակարգված պետք է աշխատենք»:
Հուսեյնովի բանաձեւի նախագծին իրենց ստորագրություններով միացած ԵԽԽՎ 18 պատվիրակներին Զարուհի Փոստանջյանը երեկ արդեն պարզաբանում-պատասխան է ուղարկել՝ նշելով, թե նրանք ստորագրել են բացահայտ ապատեղեկատվություն պարունակող փաստաթղթի ներքո. «Այս առաջարկի հիմքում ընկած սխալ եւ ոչ միանշանակ դրդապատճառներն ինձ մոտ կասկածներ են առաջացնում, թե արդյոք դուք այդքան պատրաստակամ կլինեի՞ք արտահայտելու ձեր աջակցությունը, եթե տեղյակ լինեիք խնդրին առնչվող իրականությանը: Ես բարձրացնում եմ այս խնդիրները որպես հայաստանյան մի պատգամավոր, ով երբեք չի խուսափել պատասխանատվությունից՝ բաց զեկուցելու Հայաստանի բացթողումների մասին բազմաթիվ բնագավառներում՝ սկսած քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունից մինչեւ ավտորիտարիզմի վտանգավոր միտումները»: Սակայն այս դեպքում տիկին Փոստանջյանն արձանագրել է. «Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող յուրաքանչյուր պաշտոնական փաստաթուղթ հետեւողականորեն արձանագրել է, որ ազգային փոքրամասնություններն այստեղ երբեք չեն եղել խտրականության առարկա կամ հետապնդման որեւէ այլ ձեւի զոհ՝ իրենց էթնիկ կամ ազգային ինքնության պատճառով: Թեեւ տարիների ընթացքում եղել են որոշ խնդիրներ, սակայն դրանք եղել են առանձին դեպքեր, որոնց առնչությամբ Հայաստանում ազգային փոքրամասնությունների խտրականության կամ հետապնդման որեւէ աչքի ընկնող փաստաթուղթ չի կազմվել»: Փոխարենը նա հակառակի մասին վկայող նյութեր է ուղարկել՝ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ: Հույս է հայտնել, որ հենվելով այս պարզաբանումների վրա՝ ԵԽԽՎ պատվիրակները դրանք հաշվի կառնեն իրենց աջակցությունը հայտնելիս «նման անպատասխանատու եւ վնասաբեր առաջարկի կապակցությամբ, որը դուք թյուրիմացաբար ստորագրել եք»: Եվ Զարուհի Փոստանջյանը մեզ հայտնեց. «Եթե այդ մարդիկ սուտը պնդեն ու հետ չվերցնեն իրենց ստորագրությունները՝ այդ մասին տեղեկատվությունը պատրաստվում եմ հասցնել իրենց խորհրդարաններին եւ ընտրողներին»:
Հ. Գ. Ի դեպ, Դավիթ Հարությունյանը Զարուհի Փոստանջյանի մասին ասել էր. «Առաջին անգամ իրենից եմ լսում, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում քննարկման առարկա է լինելու ինչ-որ մի նոր բանաձեւ, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղին»: «Ժառանգության» պատգամավորն ասաց, որ կա ասուլիսի ձայնագրությունը՝ ինքը չի օգտագործել «նոր» բառը. «Ինչ ասել եմ՝ ասել եմ հին փաստաթղթի վերաբերյալ, թե 1416 բանաձեւի շրջանակում պետք է քննարկվի ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեության հարցը»: