Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԸ ՉՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ

Հունիս 05,2010 00:00

\"\"«Փնթփնթալով» ՀԱԿ մարտավարությունից՝ պնդում է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը

– Վերջին շրջանում ՀԱԿ-ը պասիվության համար ավելի շատ քննադատության է ենթարկվում: Անգամ Կոնգրեսի անդամ ուժերի ներկայացուցիչներն են կիսաձայն, երբեմն նույնիսկ բարձրաձայն խոսում ընդդիմադիր դաշտում վերադասավորումների, նոր ձեւաչափերի ստեղծման եւ քաղաքական գործընթացներին ավելի ակտիվ հակադարձելու անհրաժեշտության մասին: ՀԱԿ-ի քաղաքական վախճանի տարբերակ տեսնո՞ւմ եք:
– Ժամանակին ինքս էլ դժգոհություն հայտնել եմ. դա ցանկացած քաղաքացու, առավել եւս Կոնգրեսին անդամակցողի իրավունքն է՝ քննադատել, կարծիք հայտնել, ինչպես նաեւ Կոնգրեսի ղեկավարության իրավունքն է՝ այս կամ այն քաղաքականությունը, մարտավարությունն ընտրել: Վախճանի մասին, իհարկե, չեմ ցանկանա խոսել, որովհետեւ դա ոչ թե Կոնգրեսի պարտությունը կլինի, այլ հայ ժողովրդի պարտությունը: Ինձ համար ակնհայտ է մեկ բան՝ պայքարը չշարունակելու իրավունք այս երկրի որեւէ պատասխանատու քաղաքացի պարզապես չունի: Պայքար դադարեցնելը նշանակում է համակերպվել, որ մենք եւ առավել եւս մեր երեխաներն ու թոռները պիտի ապրեն հետամնաց, գավառական մի երկրում, որտեղ ապահովված չի լինելու ոչ միայն նրանց խոսքի ազատությունը, այլ նաեւ կյանքի իրավունքը: Իսկ պայքարը շարունակել Կոնգրեսի մեջ, թե՝ Կոնգրեսից դուրս, կձեւավորվի երրորդ, չորրորդ ուժ՝ կյանքը ցույց կտա: Կարեւորն ամենեւին էլ դա չի, այլ այն, որ հաղթանակեն այն համամարդկային սկզբունքները, որոնց դավանում են ՀԱԿ-ի շուրջ այժմ միավորված բոլոր քաղաքացիական ուժերը:
– ՀԱԿ-ի ղեկավարությունն էլ խոսում է պայքարը շարունակելու անհրաժեշտության մասին, բայց անգամ Ազատության հրապարակում երիտասարդների կազմակերպած վերջին ակցիաների վերաբերյալ պաշտոնապես հայտարարվեց, որ դա ՀԱԿ-ի նախաձեռնությունը, որոշումը չէ: Այս իմաստով էլ, արդյոք, ուժի չեզոքացում, փոշիացում չի՞ լինում:
– Իմ գնահատականն այն է, որ սխալ մարտավարություն է ընտրվել, եւ կան նահանջի, տեղատվության ակնհայտ նշաններ: Կոնգրեսի ղեկավարներն իրենք պիտի նկատեն, որ իրենց վերջին բոլոր հարցազրույցներում, հրապարակային ելույթներում անընդհատ արդարացողի դերում են, անընդհատ ինչ-որ պատճառաբանությունների փնտրտուքի մեջ են, եւ երեւի իրենք էլ են զգում, որ հասարակությունն այնքան էլ միանշանակ չի ընդունում իրենց ասածները: Ինքս կողմնակից եմ, որ ՀԱԿ-ը վերանայի իր մարտավարությունը եւ առաջին հերթին ինքն իր ներսում փորձի ստեղծել շատ ավելի ժողովրդավարական մթնոլորտ, ստեղծի հարթակներ, որտեղ կարծիքների բախում, քննարկումներ կլինեն, եւ արդյունքում ճշտի իր մարտավարությունը: Ինքս էլ բավարարված չեմ պայքարի այն մակարդակով, որն այժմ ունենք:
– Վստահ եմ, որ այդ հարցերը բարձրացրել եք ՀԱԿ ղեկավարների առջեւ, ի՞նչ արձագանքներ են եղել:
– Ասվում է, որ այնուամենայնիվ հսկայական աշխատանք է գնում, եւ ես չեմ առարկում, որ տեղերում կառույցներ են ստեղծվում, ինստիտուցիոնալ առումով ՀԱԿ-ն ամրապնդվում է եւ իր քաղաքական ազդեցությունը ներքին ու արտաքին պրոցեսների վրա օրըստօրե ավելացնում է: Եթե նույնիսկ ամբողջովին համաձայնեմ այդ պնդումների հետ, միեւնույն է՝ բավարարված չեմ լինի, որովհետեւ այդ ամենի ֆոնի վրա բռնապետությունը շարունակում է գոյատեւել, ոստիկանությունն օրեցօր լկտիանում է, եւ սահմանը չի երեւում: Իսկ դրա դեմ ռեալ ի՞նչ պայքար է գնում՝ ես չեմ տեսնում:
– Վերջին աշխարհաքաղաքական զարգացումները կարծես հուշում են, որ օղակը Հայաստանի շուրջ սեղմվում է. ի՞նչ պիտի անենք հիմա, երբ ունենք երկփեղկված հասարակություն, իր շահը հետապնդող իշխանություն եւ ընդդիմություն, որը, կներեք, բայց ավելի շատ իր PR-ով է զբաղված:
– Որ օղակը սեղմվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տապալումը տապալումի ետեւից է՝ դա միայն կույրերը կարող են չնկատել եւ «Հանրապետական» կուսակցության նվիրյալ անդամները: Իսկ երկփեղկվել ես չէի ասի, որովհետեւ հասարակությունն իր ճնշող մեծամասնությամբ այս իշխանություններին դեմ է, եւ եթե երկրորդ թեւ կարելի է նշել, ապա՝ ուղղակի անտարբերների կամ քաղաքացիական հասունության չհասածների: Իշխանության կողմնակիցների թեւ ես չեմ տեսնում: Կան մի խումբ մարդիկ, ովքեր բռնազավթել են իշխանությունը: Սա կռվաններից մեկն է՝ հօգուտ այն ասածիս, որ պարզապես իրավունք չունենք համակերպվել դեպքերի նման զարգացման հետ, եւ նույն արտահերթ ընտրությունների, օր առաջ իշխանափոխության պահանջն ուղղված է հենց նրան, որ արտաքին քաղաքական ոլորտում այս վտանգավոր, կործանարար զարգացումն ինչ-որ կերպ կասեցվի: Էլ չեմ ասում ներքին խնդիրների մասին. ներքին քաղաքականության մեջ էլ անընդհատ ինչ-որ արտառոց, այլանդակ դրսեւորումներ են լինում իշխանության կողմից, որոնց դեմն ինչ-որ կերպ էլի պետք է առնել:
– Քանի որ որոշ իմաստով Կոնգրեսին այլախոհ եք, ինքներդ մտադիր չե՞ք ձեր շուրջ հավաքել ձեզ նման մտածող, ավելի ակտիվ մարտավարության կողմնակիցներին եւ ակտիվ պայքարը շարունակել:
– Ես չէի ցանկանա «այլախոհ» անունը ձեռք բերել. թերեւս, ավելի շատ՝ սրտացավ, չհամաձայնվող: Կոնգրեսի ղեկավարությունն այսպիսի մի ոճ է կիրառում, երբ ասում ես՝ այս չի արվում, այն չի արվում, ասում են՝ դու գնա արա: Բայց ակնհայտ է, չէ՞, որ այնքան մարդ, ինչքան հավաքվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ, չի հավաքվում ոչ Կարապետ Ռուբինյանի, ոչ էլ մեկ ուրիշի շուրջ: Հենց դրա համար էլ մենք միավորվել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ՝ հավատալով, որ նա կարող է գլխավորել այդ պայքարը: Եթե ես այդ նույն ժողովրդականությունն ու վստահությունը վայելեի, միանշանակ կներկայացնեի իմ գործողությունների ծրագիրը: Բայց իրականությունն այլ է, եւ ես ստիպված եմ իմ փնթփնթոցը ներկայացնել:

Հ. Գ. Օտարալեզու դպրոցների մասին ԱԺ նախկին փոխխոսնակի կարծիքը՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել