Ուրբաթ օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց 2008 թվականի մարտի 1-ին «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի կիրառման հետեւանքով զոհված Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների բողոքը, որով վերջիններս վիճարկում էին Հատուկ քննչական ծառայության անգործությունը: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, դատական նիստը տեւել է ընդամենը երկու րոպե: Զոհվածների հարազատները, ի նշան բողոքի, երեկ դատարանի դահլիճ են մտել. նրանք բոյկոտել էին նիստը՝ քաջ գիտակցելով, որ իրենց բողոքը մերժվելու է, ինչը եւ տեղի է ունեցել: Իսկ դատարանն իր որոշումը փաստարկել է նրանով, որ բողոքն «ամբողջությամբ անհիմն է», քանի որ «դեռ ընթանում է պատշաճ եւ բազմակողմանի նախաքննություն»: Զոհվածներից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայտարարել է, թե՝ քաղաքի կենտրոնում գնդակահարում են մարդկանց ու ասում, որ ձեր բողոքն անհիմն է, նախաքննություն է գնում. «Ի՞նչ նախաքննության մասին է խոսքը, եթե մենք գիտենք ե՛ւ մարդասպանների, ե՛ւ հրաման տվողների անունները, որոնք շարունակում են ծառայել համակարգում»: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին 10 զոհվածներից 9-ի հարազատները դիմել էին դատարան՝ բողոքարկելով Հատուկ քննչական ծառայության եւ դատախազության անգործությունը, եւ պահանջել էին դատարանից պարտավորեցնել այդ մարմիններին բացահայտել սպանության հանգամանքները: