Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն՝ ՀՕԳՈՒՏ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ

Հունիս 05,2010 00:00

Թեեւ ի տարբերություն անկուսակցական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ ՀՀԿ խմբակցության գրեթե ոչ մի պատգամավոր (բացառությամբ Կարեն Ավագյանի) մինչ երեկ միանշանակ աջակցություն չէր հայտնել կառավարության նախաձեռնությանը՝ օտարալեզու դպրոցներ հիմնելու վերաբերյալ, երեկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀԿ պատգամավորներ Արտակ Դավթյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Զաքարյանի եւ Արման Սահակյանի «կողմ» քվեարկությամբ այս նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ նստաշրջանի եւ հունիսի 7-ից մեկնարկելիք քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Ի տարբերություն նրանց՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, հավատարիմ մնալով նախապես հայտնած դիրքորոշմանը, թե այս նախագծին դեմ կքվեարկեն, եթե չընդունվի օտարալեզու ուսուցումը միայն ավագ դպրոցներում կազմակերպելու առաջարկը՝ իր քվեարկությամբ միացավ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանին եւ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանին: Այս հանձնաժողովի անդամ՝ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը քվեարկության պահին դահլիճում չէր, թեպետ հայտնի է, որ նրանք այս նախաձեռնությանը կողմնակից պիտի լինեն: Ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու ճանաչելու նախաձեռնության հեղինակը ժամանակին հենց «Օրինաց երկիրն» էր, սակայն նահանջեցին՝ հակազդեցությունից հետո: Վերջինս, սակայն, համեմատության եզր չուներ նրա հետ, ինչ այժմ է կատարվում: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մինչեւ օրինագծերը ներկայացնելը, ասաց, որ երկամսյա «կաշմառ» է ապրել օրինագծերի շուրջ հասարակության բողոքի ներքո, հետո նշեց. «Այս երկու ամիսների ընթացքում ոչ միայն վհուկների որս է եղել, ինկվիզիցիաներ, եղել է նաեւ առողջ մտահոգություն, քննադատություն»:
Մշտական հանձնաժողովը նաեւ որոշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հարցի վերաբերյալ կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել