Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակը երեկ բաց էր

Հունիս 05,2010 00:00

Ընդդիմության համակիրները ոչ միայն մտան հրապարակ, այլեւ նստացույց արեցին

Ի տարբերություն նախորդ երեք օրերի, երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչներ եւ անկուսակցական քաղաքացիներ առանց արգելքի, ավելին՝ հունիսի 1-ին ձերբակալված իրենց ընկերոջ՝ Դավիթ Քիրամիջյանի լուսանկարները ձեռքներին եւ «Դավիթ, մենք քեզ հետ ենք» վանկարկումներով մտել են Ազատության հրապարակ եւ 2 ժամանոց նստացույց են անցկացրել:
Իհարկե, ինչպես նստացույցի մասնակիցներից մեկը՝ Պատվական Հովակիմյանն ասաց «Առավոտի» հետ զրույցում, չնայած ոստիկանների կողմից պարբերական հայտարարություններին, թե նրանք հասարակական կարգ են խախտում, եթե չդադարեն վանկարկել, իրենք խիստ միջոցներ կձեռնարկեն, այդուհանդերձ, բողոքի ակցիան տեղի է ունեցել:
«Սա Ազատության հրապարակն է, հենց անունը հուշում է, որ մեր գործողություններում խախտում չկա»,- ի պատասխան ոստիկաններին՝ ասել էր մեր զրուցակիցը: Նա մեր հարցին ի պատասխան նաեւ հավելեց, թե՝ բողոքի ակցիաներ Ազատության հրապարակում տեղի կունենան ամեն օր, ու այնքան ժամանակ, մինչեւ ազատ արձակվի նաեւ Դավիթ Քիրամիջյանը: Ի դեպ, երեկ Սարյանի արձանին հարող պուրակում, որտեղ անցկացվում են Կոնգրեսի նախաձեռնած ամենօրյա «քաղաքական զբոսանքները», մարդիկ ոգեւորությամբ դիմավորեցին նախօրեին ազատ արձակված «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանին ու նրա եղբորը՝ Սարգիս Գեւորգյանին: Սարյանի պուրակից նրանք երկուսն էլ գնացին Ազատության հրապարակ ու միացան իրենց ընկերներին: Մինչ այդ՝ Ազատության հրապարակում նստացույց հայտարարած երիտասարդներից մեկը՝ Տիգրան Առաքելյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե իրենց բողոքի ակցիան բռնությամբ ցրելու ոստիկանության գործողություններին ի պատասխան՝ իրենք վերսկսելու են իրենց ուրբաթօրյա երթերի շարքը, որն արդեն երկու ամիս չէր անցկացվում:
Տ. Առաքելյանն էլի մի անգամ էլ  հավաստիացրեց, որ Ազատության հրապարակում նստացույց անելու նախաձեռնությունը սկսվել է նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի նստացույցին զորակցելու ցանկությունից եւ ՀԱԿ-ի հետ որեւէ կապ չունի: 
Ի դեպ, ոստիկանությունը, որն արդեն մի քանի օր շարունակ արգելում էր ընդդիմադիրներին մտնել Ազատության հրապարակ, հունիսի 3-ին Վարդգես Գասպարիին չէր խոչընդոտել Թումանյանի արձանի մոտ նստացույց անել։ Իսկ նա պահանջում էր դադարեցնել խոշտանգումները ազատազրկման վայրերում, վերաբացել «Ա1+» հեռուստաընկերությունը։ «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե՝ ինչո՞ւ այսօր ոստիկանությունը չի խոչընդոտում Գասպարիի ակցիան, Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը պատասխանել է՝ «թող նստի, ի՞նչ է պատահել»։ Իսկ թե ի՞նչ կարող էր պատահել, եթե նրան մայիսի 28-ին եւ դրան հաջորդող օրերին թույլ տային նստացույց անել՝ պարոն Մեքոնյանին հարցնող չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել