Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՍՏԻԼ

Հունիս 05,2010 00:00

\"\"Արդեն մի քանի օր Ազատության հրապարակն «անառիկ» պահելու ՀՀ ոստիկանության գործողությունների շուրջ «Առավոտը» զրուցեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ ու նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի հետ:

– 2008թ. մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ եւ դրանից հետո ընդդիմության ներկայացուցիչների, համակիրների նկատմամբ բռնությունները, նաեւ խաղաղ հանրահավաքներ, երթեր կամ ինքնաբուխ ակցիաներ անցկացնելու ՀՀ քաղաքացիների իրավունքը խոչընդոտելու դեպքերի հիշատակումն ու դրանց դատապարտումն անցած երկու տարիների ընթացքում իրենց մշտական տեղն են գտել միջազգային բոլոր հնարավոր կառույցների զեկույցներում, ԵԽԽՎ մի քանի բանաձեւերում: Հայաստանն այս ամենը դեռ չի «մարսել», բայց իշխանություններն այդօրինակ բռնությունները հետեւողականորեն շարունակում են նաեւ հիմա՝ Ազատության հրապարակն «անառիկ» պահելու համար: Ի՞նչ եք կարծում՝ այս արձանագրումը խոսում է իշխանությունների կողմից իրավիճակը ոչ ադեկվատ գնահատելո՞ւ, թե՞ իրավապահների ապօրինի գործողությունների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին:
– Կարծում եմ՝ Ազատության հրապարակը շրջափակելը կամ այնտեղ զբոսանքի, թեկուզ նստացույցի արգելքները ոչ միայն անօրինական, այլեւ անտրամաբանական են: Ինձ թվում է, իշխանություններն ուղղակի ինչ-որ բնազդային վախ ունեն, որ Ազատության հրապարակն ընդդիմությունն էլի կգրավի, նորից հարյուր հազարանոց հանրահավաքներ կանի եւ այլն: Բայց ես նույնիսկ տրամաբանության նշույլ չեմ տեսնում, թե նրանք ի՞նչ միջոցներով են ուզում կանխել այդ հանրահավաքային պրոցեսը՝ թեկուզ նաեւ Ազատության հրապարակում:
– Բռնություններով՝ ինչպես եւ անում են:
– Շատ լավ, բայց չէ՞ որ այդ բռնություններն ապօրինի են: Մենք արդեն անցել ենք այդ ճանապարհը՝ 2008-ի փետրվարյան դեպքեր, «Մարտի 1»: Ու ի՞նչ է շահել այս պահին իշխանությունը. ունեինք 14 քաղբանտարկյալ, հիմա ունեցանք 15-րդը: Կային միջազգային կառույցների կողմից ընդունված բանաձեւեր, որոնցով մեր իշխանություններից պահանջվում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին, հիմա իշխանությունը ավելացնում է քաղբանտարկյալների թիվը: Պարզ է, չէ՞, որ այն երիտասարդը, որը հունիսի 1-ին կալանավորվել է, քաղբանտարկյալ է, որովհետեւ եթե նրա կատարած հանցագործությունը «հասարակ» խուլիգանություն լիներ՝ առանց որեւէ քաղաքական երանգավորման, այդ գործի քննության համար Գլխավոր դատախազը ինչ-որ օպերատիվ խորհրդակցություն չէր հրավիրի, եւ այդ մասին լրատվամիջոցները չէին հայտարարի, մանավանդ, որ խուլիգանության ոչ մի գործով այդպիսի օպերատիվ խորհրդակցություններ չեն հրավիրվում: Հենց իրենց՝ իրավապահների գործողությունները մատնում են, որ դրանք քաղաքական պատվերների իրականացում են:
– Իրենք դա կբացատրեն գործի ստացած հասարակական հնչեղությամբ:
– Իսկ ինչո՞ւ է այդ գործը հասարակական հնչեղություն ստացել. որովհետեւ ոստիկանությունն ապօրինաբար արգելափակում է Ազատության հրապարակը, նաեւ բռնության գործադրմամբ խոչընդոտում քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը: Իսկ դուք հարցրեք՝ ինչո՞ւ նրանք չեն շրջափակում նաեւ Նժդեհի, Հանրապետության, Սախարովի հրապարակները: Ո՛չ այս եւ ո՛չ էլ Ազատության հրապարակները, որոնք հասարակական, նաեւ զբոսանքի եւ տարբեր ակցիաների անցկացման վայրեր են, շրջափակելը որեւէ տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում: Այդ գործողությունը նույնքան անտրամաբանական է, որքան անտրամաբանական էր «Մարտի 1»-ի սպանդից հետո: Բայց ավելի ծիծաղելի է այն, թե ինչպես են նրանք դա անում այսօր. 10 երիտասարդի, 3 լրագրողի, 1 դիտորդի Ազատության հրապարակ մուտք գործելն արգելելով զբաղված է առնվազն 500 ոստիկան: Մի՞թե այս երկրում, նույն Երեւանի Կենտրոն համայնքում, հանցագործներ չկան, չկան հանցագործություններ, չբացահայտված ծանր հանցագործություններ: Ամբողջ քրեական հետախուզությունը՝ ՀՀ ոստիկանապետի գլխավորությամբ, ամեն երեկո զբաղված է այդ 10 երիտասարդների մուտքն Ազատության հրապարակ թույլ չտալով: Այս գործողություններն ինձ վրա «Չիպոլինո» մուլտֆիլմի տպավորությունն են թողնում: Ինձ այնքան այդ գործողությունների ապօրինությունը չի զարմացնում, որովհետեւ այս իրավապահների կողմից ես ամեն ինչ տեսել եմ, որքան դրա անհեթեթությունն ու ծիծաղելիությունը: Անհարմար էլ է. ինչո՞ւ են այդ ոստիկաններին դնում ծիծաղելի իրավիճակի մեջ, ապօրինի հրաման են տալիս եւ պարտադրում, որ ոստիկանները, ամբողջ օրը մի ձեռքով գլխարկը բռնած, երիտասարդի հետեւից վազեն հրապարակի այս ծայրից այն ծայրը՝ նրանց մուտքը հրապարակ կանխելու համար: Չէ՞ որ նրանք շատ ավելի կարեւոր խնդիրներ ունեն: Կարծում եմ, այստեղ ավելի շատ ենթագիտակցական վախն է գործում, թե չէ՝ ի՞նչ ադեկվատ գործողություն: Երկու տարի հրապարակում շինարարություն արեցին. վերջը մի օր պիտի բացեին: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ոստիկան է կանգնած նաեւ հրապարակի ստորգետնյա ավտոկայանի մուտքի մոտ: Եթե այնտեղ փորձի մտնել մի մեքենա, որի մեջ 5 մարդ լինի, պիտի ասեն՝ դուք չորսդ էստեղ իջեք, թող վարորդը մենակ մեքենան կանգնեցնի: Դուք այսպիսի երկիր տեսե՞լ եք:
– Օրերս իշխանական թեւի ներկայացուցիչներից մեկը «խորը» վերլուծություն կատարեց եւ եկավ այն եզրահանգման, որ ընդդիմության ներսում կա մի ծայրահեղ տրամադրված մարդկանց խումբ, որոնք այսօրինակ ակցիաներով, իբր, իշխանությանն ուզում են ցույց տալ, որ եթե ընդդիմության պահանջները չկատարվեն, ասպարեզ կգան իշխանությանն ավելի ծայրահեղ տրամադրված ուժեր: Կոնգրեսում նման ուժեր կա՞ն:
– Այդ դատողությունները ժողովրդական բանահյուսության ժանրից են: ՀԱԿ-ին անդամակցում են տասնյակ քաղաքական եւ հասարակական ուժեր, առավելապես անկուսակցական անհատներ, որոնք տարբեր հայացքներ ունեն, բայց ես չեմ հիշում, թե նման քննարկումներ կամ մշակված ծրագրեր երբեւէ եղած լինեն: Դա իրենց՝ իշխանական խոհանոցներում ծնված միտք է: Իհարկե, ՀԱԿ-ում կան ավելի կտրուկ կամ ավելի մեղմ գործողությունների կողմնակիցներ, ավելի ակտիվ կամ ավելի պասիվ զանգված: Դա բնական է եւ լավ է, որովհետեւ Կոնգրեսում կայացվող որոշումները ծնվում են այդ բոլոր մոտեցումների քննարկման արդյունքում: Բայց ՀԱԿ-ի որոշման արդյունքն այն գործողություններն են, որոնց մասին մենք հրապարակային հայտարարում եւ իրականացնում ենք: Կոնգրեսի կազմակերպած ակցիան ամեն օր անցկացվում է Սարյանի արձանի մոտ: Վարդգես Գասպարիի եւ մի քանի երիտասարդների, քաղաքացիների ակցիաները, որոնք մի քանի օր է՝ տեղի են ունենում, այդ քաղաքացիների նախաձեռնությունն է: ՀԱԿ-ը նման ակցիաներ անցկացնելու որոշում չի կայացրել, բայց եթե մարդկանց իրավունքները ոտնահարվում են, Կոնգրեսը եւ ես էլ՝ որպես ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, պարտավոր ենք նրանց ապահովել փաստաբաններով ու իրավական խորհրդատվությամբ:
– Ամեն անգամ, երբ ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները գերլարվում են, իշխանությունը հիշում է իշխանություն-ընդդիմություն-հասարակություն երկխոսության, հաշտության մասին: Օրերս դրա մասին հիշեց ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը՝ նկատելով, թե ԵԽԽՎ նստաշրջանից օրեր առաջ ընդդիմությունը սրում է իրավիճակը, ու արդյունքում ԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը կարող են երեսով տալ՝ էս չե՞ք դուք:
– Որ այդ ակցիաները ընդդիմության նախաձեռնությունը չեն՝ արդեն ասացի: Ինչ վերաբերում է երկխոսությանն ու հաշտության կոչերին, ապա իշխանություններն արդեն երկու տարի խոսում են դրանց մասին, բայց մատը մատին չեն տալիս, որպեսզի որեւէ իրական երկխոսություն տեղի ունենա: Մեր առաջնորդը, նաեւ ՀԱԿ-ը բազմիցս հայտարարել են՝ ազատ արձակեք քաղբանտարկյալներին, որից հետո ձեզ (իշխանության) հետ կնստենք երկխոսության: Իրենք ոչ միայն բաց չեն թողնում, այլեւ ավելացնում են քաղբանտարկյալների թիվը, նոր բռնություններ են կիրառում: Այդ պայմաններում ի՞նչ երկխոսության, հաշտության մասին է խոսքը: Նրանց գործողությունները հակառակին են միտված՝ խափանել նման որեւէ հնարավորություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել