Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ՁԵՐ Ո՞Ր ՄԻ ԱՍԱԾԻՆ ՎՍՏԱՀԵՆՔ

Հունիս 05,2010 00:00

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության
հեղինակները հակասական պատասխաններ են տալիս, թե ի վերջո անցկացվե՞լ է աուդիտ, որով պարզ կդառնար, թե քանի կապուղի կա Հայաստանում:

\"\"

«Հիմա ուղղակի պետք է վստահեք մեզ»,- այսպես ավարտեց իր պատասխանը էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հունիսի 3-ի քննարկման ժամանակ՝ այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ աուդիտը դեռ չեն վերջացրել, բայց արդեն պարզ է, որ մրցույթ հայտարարվելու է 18 կապուղու համար: Որպեսզի պարզ դառնա, թե նախարարն այս դեպքում գրեթե անհնարինն էր ակնկալում՝ հարկ է համառոտ հիշեցնել մի քանի ավելի վաղ արված հայտարարություններ: 2009-ի հոկտեմբերի 22-ին, երբ ԵԽ փորձագետ Ալեք Թոմասը «Հեռարձակման թվայնացման գործընթացը եւ դրա ներդրման հետեւանքները Հայաստանում» թեմայով ԱԺ լսումներում իր ելույթում երկու անգամ ընդգծեց, որ Երեւանում կան դեռեւս չհատկացված, չօգտագործվող կապուղիներ՝ Ներսես Երիցյանը տեղեկացրեց, թե կառավարությունը խնդրել է, որ «ամբողջ հաճախությունների տիրույթը միջազգային փորձագետների կողմից աուդիտի ենթարկվի»: Այս տարվա մայիսի 22-ին, երբ «Ազատություն» ռ/կ-ի հյուրն էր միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ավետիս Բերբերյանը՝ հարց ուղղեցինք, թե խոստացված աուդիտն արվե՞լ է, թե՞ ոչ, եւ նա այսպես պատասխանեց. «Աուդիտը ի վնաս մեզ կլինի, ի վնաս ձեզ նաեւ: Ասեմ ինչի՝ որովհետեւ Հեռարձակողների միջազգային միության կողմից մեզ տրված է ընդամենը 11 անալոգային կապուղի, որոնք մենք կարող ենք թվայնացնել: Այսօր մենք, կոպիտ ասած, կատարում ենք գողություն»: Ընդամենը 2 օր անց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կազմակերպված քննարկման ժամանակ պրն Երիցյանը հայտնեց, թե այնուամենայնիվ անցկացվել է նման աուդիտ: Իսկ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն էլ «Առավոտին» հայտնեց, թե 2 աուդիտ է արվել: Եվ ահա հունիսի 3-ին էկոնոմիկայի նախարարությունում վերոհիշյալ քննարկման ժամանակ Ներսես Երիցյանն ասաց. «Աուդիտը իրականացվում է եւ կավարտվի շուտով»: Պարզ դարձավ, որ աուդիտը սկսվել է միայն այս մայիսի սկզբին. «Կամ մի քիչ ավելի վաղ: Եվ հիմա վերջնական հաշվետվությունը դեռ պատրաստվում է»: Իսկ մինչ այդ նա կոչ արեց վստահել իրենց տված տեղեկատվությանը, թե ինչ արդյունքներ է ունենալու աուդիտը:
Բայց թերեւս միայն մեզ համար չէ առեղծված ՀՀ-ում կապուղիների թիվը: Ըստ «Ռեգնումի»՝ հունիսի 2-ին Ամերիկյան համալսարանում ելույթի ընթացքում Մարի Յովանովիչը զարմանք է արտահայտել, թե ողջ աշխարհում հեռուստաընկերությունների թվայնացումը հնարավորություն է ընձեռում ավելացնել ալիքների թիվը, իսկ Հայաստանում դրանց քանակը, չգիտես ինչու, պակասում է: Եվ նա ասել է, որ իր դիտողություններն արդեն ներկայացրել է կառավարությանը:
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկման ընթացքում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հայտարարեց. «Պիտի պարզ լինի, թե ինչպես է այդ 18 թիվը ձեւավորվել: Եվ քանի աուդիտի արդյունքները հրապարակված չեն՝ միշտ էլ զարմանք առաջանալու է»: Նաեւ հավելեց. «Որպեսզի օրինագծի կամ հայեցակարգի նկատմամբ լինի վստահություն՝ անհրաժեշտ է, որ այդ աուդիտի տվյալները հրապարակվեն՝ մինչեւ որեւէ քայլ կկատարվի, օրինագիծն ընդունվի եւ այլն»:
Այս քննարկման ընթացքում նախարարը բազմիցս նշեց, թե ԵՄԱ նախագահի հետ փոխհամաձայնություն են ձեռք բերել. «Այս օրենսդրությամբ միայն կենտրոնանում ենք թվայնացումը սկսելու, թվայնացման համար հիմք ստեղծելու համար: Եվ ձեւավորում ենք աշխատանքային խումբ, որտեղ ծրագրային մոտեցումները կձեւակերպենք»: Այսինքն՝ ստացվում է, թե մրցույթներ կանցկացնեն օրենքի նոր խմբագրությամբ, որով կապուղիների թիվն այդպես էլ մնում է զարմանքի առարկա, ՀՌԱՀ-ն էլի պարտավոր չէ հիմնավորել իր ընտրությունը («5-6 կետով տրված է, թե ընտրության ժամանակ ինչ է հաշվի առնվելու, եւ այդ կոլեգիալ մարմինը յուրաքանչյուր կետի համար ձեռք է բարձրացնելու: Դրանից ավելի ի՞նչ հիմնավորում եք ուզում դուք,- քննարկման ժամանակ ասում էր Ավետիս Բերբերյանը:- Դուք դա տեսնելու եք, դա թափանցիկ է լինելու»), նաեւ էլի դուրս է մնում այն դրույթը, թե ՀՌԱՀ-ը արտոնագրատիրոջ ընտրության վերաբերյալ որոշումը կայացնելիս պարտավոր է հաշվի առնել «մրցութային հայտով եթերային բազմազանություն ապահովելու առաջարկությունը» (թեեւ վերականգնել են մեկ այլ դրույթ, որ պետք է հաշվի առնեն «դիմողի՝ բազմակարծությունը խթանելու կարողությունը»), իսկ այ, դրանից հետո կանեն նոր փոփոխություններ, որոնք էական կլինեն արդեն առնվազն 5 տարի հետո՝ նոր մրցույթներում: Եվ ի դեպ՝ այս նախագիծը բնա՜վ միայն թվայնացմանն առնչվող խնդիրներ չէ, որ լուծում է: Մի օրինակ՝ արել են փոփոխություն, եւ Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության վերահսկումը հանվել է ՀՌԱՀ-ի իրավասություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել