Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԿՑԻԱ՝ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿՐԹԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Հունիս 04,2010 00:00

Երեխաների օրը միայն մեկ օր չպետք է լինի

\"\"
Երգիչ Մրոն՝ ակցիայի ժամանակ:

Արդեն 3-րդ տարին է, ինչ հունիսի 2-ին Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցման կենտրոնը» Հաղթանակի զբոսայգում բարեգործական ակցիա է կազմակերպում, որի շրջանակներում Հայաստանի ճանաչված դերասաններն ու երգիչ-երգչուհիները զբոսայգում վաճառում են պաղպաղակ, հյութեր, ձողիկներ եւ այլն: Այդ ապրանքները անվճար նրանց են հանձնում Հայաստանում բիզնես ծավալող ընկերությունները: Վաճառքից հավաքագրված գումարն էլ ծախսվում է կենտրոնում աջակցություն ստացող երեխաների վրա: Նախօրեին էլ էր զբոսայգում նման ակցիա մեկնարկել: Այս տարի ե՛ւ ակցիային մասնակցող աստղերի թիվն էր ավելացել, ե՛ւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներինը: Մասնակցում էին 11 ընկերություններ եւ Հայաստանի բանկերից մեկը: Շոու-բիզնեսի ներկայացուցիչների թիվը նախորդ տարիների համեմատ կրկնապատկվել էր՝ 36-ից դարձել 68: «Նախորդ տարիների համեմատ սերնդի փոփոխություն էլ է տեղի ունեցել: Եթե անցած տարիներին մենք ունենում էինք շոու- բիզնեսի բացառապես երիտասարդ ներկայացուցիչներ, ապա այս տարի մեզ միացել են ավագ սերնդի մարդիկ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Երեխաների աջակցման կենտրոնի» ղեկավար Միրա Անտոնյանը: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն գումար է հավաքվում այսպիսի ակցիաների ժամանակ եւ դա ի՞նչ նպատակով է ծախսվում: «Դեռ չգիտեմ, ինչքան գումար է հավաքվելու, սակայն այն, որ այսքան մարդ է մասնակցում, կարծում եմ՝ դա արդեն հաղթանակ է: Սա նշանակում է, որ այսքան մարդ անտարբեր չէ երեխաների հանդեպ, իսկ դա ամենակարեւորն է: Մեր նպատակը բարեգործություն կրթելն է: Ինչ վերաբերում է նրան, թե ինչի վրա ենք ծախսում այդ գումարները, ապա ասեմ, որ մենք ի վիճակի ենք լինում գնալ-հասնել այն երեխաներին, որոնք մեր աջակցության կարիքն ունեն: Այցելում ենք նրանց, մասնագիտական օգնություն ցուցաբերում, եթե կարիք կա՝ նաեւ նյութապես օգնում»,- պատասխանեց Մ. Անտոնյանը: Մեր հաջորդ հարցին, թե ինչո՞ւ է ակցիան հենց հունիսի 2-ին լինում, նա պատասխանեց. «Հունիսի 1-ին երեխաների համար շատ միջոցառումներ են տեղի ունենում, իսկ մենք ցանկանում ենք ցույց տալ, որ երեխաների օրը միայն մեկ օր չէ, այլ բոլոր օրերն են նրանցը, ինչն էլ պետք է դառնա կյանքի ռիթմ»:

Նշենք, որ վաճառվող ապրանքների կողքին դրված էին նաեւ արկղիկներ, որտեղ անցորդները կարող էին առանց որեւէ ապրանք գնելու գումար նվիրաբերել: Այգի էին այցելել նաեւ աջակցության կենտրոնի երեխաները, որոնք ձեռքներին ունենալով իրենց իրավունքների մասին հավաստող պաստառներ՝ անվճար օգտվում էին այգու ատրակցիոններից:

Հ. Գ. Ներկայումս կենտրոնում աջակցություն է ստանում 24 երեխա: Մասնագետները կենտրոնից դուրս աշխատում են նաեւ 184 երեխայի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել