Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՂԻ ԿԱՍԿԱԾԸ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Հունիս 04,2010 00:00

\"\"Երեւակայության վրա հիմնվելով՝ կասկածել սեփական երեխայի հայրության հարցում, սխալ է

Ընտանիքը կարեւոր է երեխաների հոգեկան զարգացման, մեծերի եւ երեխաների հոգեբանական պահանջմունքների բավարարման համար: Ընտանիքը մարդկանց մի խումբ է, որոնք կապված են իրար հետ ամուսնական կամ արյունակցական-ազգակցական հարաբերություններով, ընդհանուր կենցաղով, տնտեսությամբ, բարոյական պատասխանատվությամբ եւ այլն: Ընտանեկան կյանքում կարեւոր դեր են խաղում միջամուսնական հարաբերությունները, որոնք իրենց բովանդակությամբ նշանակալիորեն ավելի բարդ են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ընտանեկան կյանքում երեւի թե ամենակարեւոր հանգամանքը ամուսինների կողմից միմյանց վստահելն է, սակայն ընտանեկան կյանքի անխուսափելի կողմերից են նաեւ կոնֆլիկտները՝ տարբեր դրդապատճառներով՝ տեղին ու անտեղի, եւ խանդը: Երբ մարդը ուժեղ կապվում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, դա լինի առարկա, որը թանկ է նրա համար, թե մարդ, որին նա քնքշորեն սիրում է, հաճախ սկսում է զգուշանալ եւ վախենալ, որ հանկարծ կարող է զրկվել նրանից: Խանդը գոյություն ունի ցանկացած տեսակի մարդկային հարաբերություններում: Խանդը պատկանում է այն խնդիրների թվին, որոնք զուգընկերները պետք է քննարկեն բացահայտորեն: Ամուսնական հարաբերություններում երբեմն պատահում է հիվանդության աստիճան հասնող խանդ, ինչի պատճառով էլ առաջանում է նույնիսկ անվստահություն սեփական հայրության հարցում՝ որն էլ անվանվում է «Մոնթուելի կոմպլեքս»:

Նշենք, որ երեւույթն իր անունը ստացել է 10-րդ դարում, ֆրանսիացի կալվածատեր Մոնթուելի անունից: Վերջինս իմանալով, որ կինն իրեն դավաճանել է, կնոջը փակել էր եկեղեցում, իսկ ծնված երեխային հետագայում ուղարկել ձիանոցում աշխատելու, քանի որ նրա ստեղծման հարցում իր մասնակցությանը խիստ կասկածում էր: Բոլորը դատապարտեցին այդ արարքը, քանի որ երեխան արտաքինով շատ նման էր հորը, բայց Մոնթուելին՝ երեխայի իրեն նման լինելու փաստը չհամոզեց: Մինչեւ այժմ էլ հորը շատ նման երեխաներին ֆրանսիացիներն անվանում են «Մոնթուելի որդի»:

«Մոնթուելի կոմպլեքսը» զուգընկերուհու կամ կնոջ նկատմամբ անվստահությամբ եւ վախով է արտահայտվում: Սովորաբար տղամարդը խուճապային ձեւով վախենում է, որ հանկարծ, եթե ինչ-որ մեկն իմանա, որ իր կինը ուրիշից երեխա է ունեցել, կհայտնվի ծիծաղելի վիճակում, կկորցնի իր արժանապատվությունը եւ այլն: Իսկ այդպիսի մարդիկ հիմնականում հայրություն ճանաչելու համար փորձաքննություն են պահանջում կանանցից, նույնիսկ այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկա,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանեց հոգեբան Շահեն Կարապետյանը: «Ամենից հաճախ «Մոնթուելի կոմպլեքսը» ալկոհոլիկների մոտ է զարգանում, որովհետեւ հիվանդ երեւակայությունը, հատկապես հարբած վիճակում, նրանց մոտ դավաճանության պատկերներ է նկարագրում: Սեփական խանդի ազդեցության տակ այս կոմպլեքսով տառապող ալկոհոլիկները սկսում են բարկանալ, ագրեսիվ են դառնում կնոջ եւ երեխաների հանդեպ»: Շ. Կարապետյանն ասում է, որ երբեմն էլ «Մոնթուելի կոմպլեքսը» ժառանգաբար է փոխանցվում. օրինակ, եթե երեխայի մայրն իր ապրած կյանքի ընթացքում անբիծ վարքով աչքի չի ընկել, ապա նման կնոջ որդին հետագայում բոլոր կանանց վարքի համար կասկածում է. «Նա իր կասկածները տարածում է սեփական կնոջ վրա ու ինչքան շատ է նրան սիրում՝ այնքան ավելի շատ է նրան դավաճանության մեջ կասկածում: Բազմիցս ապացուցված երեւույթ է, որ այն կոմպլեքսները, այդ թվում եւ Մոնթուելինը, որ գալիս են մանկությունից, շատ դժվար են բուժվում: Հայերի մեջ էլ կան այս կոմպլեքսով տառապող շատ անձինք: Գաղտնիք չէ, որ մենք տաքարյուն, խանդոտ, կասկածամիտ ազգ ենք, հատկապես՝ տղամարդիկ: Այդ պատճառով հիմնականում նրանք, որոնք խմիչքի հետ սեր ունեն եւ իբր թե ավանդական ընտանիքի կողմնակից են, հայկական ավանդույթների կրողն ու պահպանողը, հարբած վիճակում սկսում են անտեղի հայհոյել սեփական կնոջը, պոռնիկ անվանել ու կասկածել երեխաների հայրության հարցում. սա նույնիսկ այն դեպքերում, երբ խեղճ կինը առավոտից երեկո, անհրապույր ու անխնամ վիճակում օրն անցկացնում է միմիայն տնային գործերն անելով»:

Հոգեբանի խոսքերով, այս գրեթե անբուժելի կոմպլեքսը հաճախ զարգանում է նաեւ իմպոտենտների եւ այն տղամարդկանց մոտ, որոնք սեքսուալ կյանքում խնդիրներ ունեն: Շ. Կարապետյանի ձեւակերպմամբ, այս կոմպլեքսի հետ կապված ամերիկացիները մի հետաքրքիր ու լայնամասշտաբ հետազոտություն են անցկացրել. «Ըստ հետազոտության տվյալների, որում ներգրավված է եղել մոտ 12 երկիր՝ առաջադեմ եւ ոչ այնքան՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Հնդկաստան եւ այլն, «Մոնթուելի կոմպլեքսով» տառապողների թվով առաջին հորիզոնականում հայտնվել են ամերիկացիները, երկրորդում՝ արաբները, ֆրանսիացիները զբաղեցրել են 9-րդ հորիզոնականը. հետաքրքիր է, եթե Հայաստանն էլ ներգրավված լիներ հետազոտության մեջ, ո՞ր հորիզոնականում կհայտնվեիք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել