Օրեր առաջ մարզական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե ուրուգվայցի հայազգի ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, որ հանդես է գալիս Արգենտինայի «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբում, հնարավոր է՝ մոտ ժամանակներս տեղափոխվի Պորտուգալիայի «Սպորտինգ»: Իսկ այժմ նույն լրատվամիջոցները, մասնավորապես՝ իտալական «Corriera dello Sport» հեղինակավոր թերթը, ավելի հավանական է համարում Բոգոսյանի «Լացիո» տեղափոխվելը: Թերթը գրել է, թե օրերս իտալական այդ ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն հանդիպել է Բոգոսյանի գործակալ Պակո Կասալին եւ 22-ամյա հարձակվողի համար առաջարկել 6 միլիոն եվրո: Սակայն Կասալը պահանջել է 10-12 միլիոն: Թե ինչպե՞ս կդասավորվի ֆուտբոլիստի հետագա ճակատագիրը, պարզ կդառնա միայն նրա՝ Եվրոպայից Հարավային Ամերիկա վերադառնալուց հետո: Բացի «Լացիոյից» եւ «Սպորտինգից», հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Ռոման», «Յուվենթուսը», «Նապոլին», «Սամպդորիան», Անգլիայի «Լիվերպուլը», «Ասթոն Վիլան», Մոսկվայի «Լոկոմոտիվը», անգամ՝ Թուրքիայի «Ֆեներբախչեն»:
Հիշեցնենք, որ Խոակին Բոգոսյանը տեսանելի ապագայում կարող է հագնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզազգեստը: Այս մասին նա ակնարկել է այն բանից հետո, երբ իր անունը չգրանցվեց Հարավ- Աֆրիկյան Հանրապետություն մեկնող Ուրուգվայի ազգային հավաքականի ցուցակում: Ի պատասխան դրա, ֆուտբոլիստը ասել էր, որ իրեն դուր է գալիս իր պատմական հայրենիքի հավաքականում հանդես գալու գաղափարը:
Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ Բոգոսյանը մտադիր է ընտանիքով այցելել Հայաստան: Սակայն նա կգա միայն իր աշխատանքի տեղավորման հարցերը կարգավորելուց հետո: