Սեղանի թենիսի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները վերադարձել են Մոսկվայում անցկացված աշխարհի թիմային առաջնությունից::
Ֆելիքս Սարգսյանը իր սանուհիներին նախապատրաստում է պայքարի:
Խաղում է Մեսրոպ Ղուկասյանը
«Առավոտը» հանդիպեց մեր հավաքականները գլխավորած Եվրոպայի նախկին չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանին:
– Ինչպե՞ս եք գնահատում մեր մարզիկների մրցելույթները:
– Եթե նկատի ունենանք անկախության տարիները՝ շատ լավ: Աղջիկները (Հասմիկ Մաթեւոսյան, Հասմիկ Խաչատրյան եւ Լուիզա Նազարյան) հանդես էին գալիս երրորդ դիվիզիոնի «J» խմբում, որտեղ նրանց մրցակիցներն էին Շվեյցարիան, Արգենտինան, Կոնգո-Բրազավիլը, Շոտլանդիան եւ Իրանը: Ասեմ, որ դա ամենաուժեղ ենթախումբն էր: Մեկնարկում շվեյցարացիներին պարտվելուց հետո, մեր աղջիկները «թեւաթափ» չեղան եւ հաջորդ օրը հաղթեցին Իրանի ուժեղ թիմին: Իրանցիները շատ լավ էին նախապատրաստվել առաջնությանը: Մոսկվայում նրանց հավաքականի հետ աշխատում էին Չինաստանից եւ Կորեայից հրավիրված մարզիչներ: Այնուհետեւ առավելության հասանք Արգենտինայի եւ Շոտլանդիայի նկատմամբ: Ենթախմբի վերջին խաղում Կոնգո-Բրազավիլին զիջելով, որի կազմում հանդես էին գալիս երկու չինացիներ, մեր թիմը 3-րդ տեղով անցավ 1/16 եզրափակիչ, որտեղ երկրորդ դիվիզիոն տեղափոխվելու համար պայքարն ընթանում էր արդեն օլիմպիական մրցակարգով: Համառ պայքարում մեր մարզուհիները 3:2 հաշվով պարտության մատնեցին Մակաոյին: Սակայն 1/8-ում, ցավոք, զիջեցին Բոսնիային եւ, մնալով նույն դիվիզիոնում, հարկադրված պայքարը շարունակեցին 5-8-րդ տեղերի համար եւ ի վերջո գրավեցին 7-րդ, իսկ ընդհանուր երկրների հաշվարկով զգալիորեն բարելավեցին դիրքերը՝ 64-րդից բարձրանալով 55-րդ հորիզոնական: Այսպիսի առաջընթաց առաջին անգամ արձանագրվեց: Նկատի ունեմ, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ մարզիկները հանդես եկան աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում: Ինձ, որպես մարզչի, հուսադրում են ուժեղ երկրների նկատմամբ տարած հաղթանակները, ինչը նշանակում է, որ անցած այս տարիներին սեղանի թենիսը մեզանում, ճիշտ է, նահանջել է, բայց չի վերացել: Իսկ որ մնացինք նույն դիվիզիոնում, ոչինչ, թեեւ մեկ կարգ բարձրանալու հնարավորություն ունեինք:
– Տղաներից նո՞ւյնպես գոհ եք:
– Պատկերացրեք՝ այո: Մեր Մուրադ Ասատրյան-Մեսրոպ Ղուկասյան-Ալեքսանդր Դիարյան եռյակը պայքարում էր չորրորդ դիվիզիոնի «S» խմբում: Միմյանց հետեւից հաղթելով Մալավիին, Պակիստանին, Եվսեին եւ պարտվելով միայն Բահրեյնին, Հայաստանի թիմը 2-րդ տեղով նույնպես անցավ հաջորդ փուլ: 1/16 եզրափակչում զիջեց Պարագվային եւ 9-16-րդ տեղերի համար պայքարում առավելության հասավ Սալվադորի եւ Սիրիայի նկատմամբ: Սակայն պարտվելով ԱՄԷ-ին՝ դիվիզիոնում եզրափակեց առաջատարների տասնյակը:
– Ասացիք, որ բոլոր թիմերն էլ լավ նախապատրաստված էին ժամանել: Մենք նո՞ւյնպես:
– Միանշանակ պատասխանել դժվարանում եմ: Մյուս երկրների հավաքականները տարիներով են նախապատրաստվում: Իսկ մենք ընդամենը երկուսուկես ամիս առաջ ֆեդերացիայի նոր նախագահ ընտրեցինք՝ Լեւոն Գրիգորյանին: Նա շատ արագ խորամուխ լինելով սեղանի թենիսի հոգսերի մեջ՝ ձեռնամուխ եղավ մարզաձեւի մեր հարուստ ավանդույթների վերականգնմանը: Աշխարհի առաջնությանը մնացած այս կարճ ժամանակաընթացքում հասցրել ենք ընդամենը 10-օրյա ուսումնամարզական հավաք կազմակերպել հավաքականների կենտրոնում, որի տնօրեն Յուրի Բեգլարյանն էլ իր հերթին արեց ամեն բան՝ այն նպատակային անցկացնելու համար: Արդյունքը ինքներդ եք տեսնում: Համոզված եմ, եթե միասնական աշխատենք՝ ցուցանիշներն արագ կաճեն:
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Գրիգորյանը Մոսկվայում նոր կապեր ստեղծելու եւ համագործակցություն հաստատելու բավականին աշխատանք է կատարել: Նա արդեն նշանակվել է մարզաձեւի Արեւելա-Եվրոպական լիգայի փոխնախագահ, որում ընդգրկված են նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունները: Մեր ֆեդերացիան դարձել է նաեւ ֆրանկոֆոնիայի անդամ: Լեւոն Գրիգորյանի խոսքերով, Շվեյցարիայի հետ արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի մեր պատանի մարզիկները պարբերաբար հավաքների մեկնեն այնտեղ: Ընդ որում, բոլոր ծախսերը, բացի օդանավի տոմսերից, նրանք պատրաստ են վերցնել իրենց վրա: Բացի դա, համագործակցություն է հաստատվելու նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որի շրջանակները ներկայումս ճշգրտվում են: