Աղասի Այվազյանի դրամատուրգիայի թատերական փառատոնը հովանավորներ չունի, իսկ ժյուրիի կազմը արդեն որոշված է:
Հոկտեմբերի 18-28-ը Երեւանում կանցկացվի Աղասի Այվազյանի դրամատուրգիայի թատերական փառատոն: Այդ առիթով Հ. Թումանյանի տիկնիկային թատրոնում երեկ ասուլիս կայացավ:
2010 թ.-ին նշվում է հայ գրող, դրամատուրգ, նկարիչ, ռեժիսոր, Երեւանի պատվավոր քաղաքացի Աղասի Այվազյանի 82- ամյակը: Փառատոնի կազմակերպիչն է Աղասի Այվազյանի անվան հումանիտար-կրթական համալիր հիմնադրամը: Փառատոնի մասին հայտարարությանը, ըստ փառատոնի նախագահ եւ նախագծի հեղինակ Գրետա Վերդիյան-Այվազյանի, դրական են արձագանքել մայրաքաղաքի թատրոնները: Փառատոնին կմասնակցեն Հ. Պարոնյանի անվան թատրոնը, Կամերայինը, «Գոյը», Հ. Մալյանի անվան, «Ագուլիս», «Նորք», ինչպես նաեւ Արտաշատի, Վանաձորի, Մալաթիա-Սեբաստիայի, Էջմիածնի, Կապանի, Գավառ-Սեւանի, Գյումրու, Գորիսի, Հրազդանի, Ալավերդու, Ստեփանակերտի, Թբիլիսիի թատրոնները:
Փառատոնի տնօրեն Ռուբեն Փաշինյանն էլ նշեց, որ փառատոնին իրենց պիեսներով կարող են մասնակցել նաեւ ինքնագործ եւ ուսանողական խմբեր:
Մասնակիցներին կտրվեն մրցանակներ, դիպլոմներ:
Ժյուրին կգլխավորի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
«Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքով է ընտրվել ժյուրիի կազմը, որի մեջ մտնում են Դավիթ Մուրադյանը, Կարինե Խոդիկյանը, Արմեն Վաթյանը, Անի Փաշինյանը, Լեւոն Մութաֆյանը, Անուշ Ասլիբեկյանը, Ազատ Գասպարյանը, Ալիս Հովհաննիսյանը, Յուրի Հարությունյանը, Նվարդ Ասատրյանը:
Փառատոնի նախագահը փոքր-ինչ դժվարացավ հստակ պատասխան տալ, ասաց միայն, որ աշխատել են ընդգրկել թատերագետների, լրագրողների, կոմպոզիտորի, որոնք անաչառ կլինեն իրենց վճիռը կայացնելու մեջ:
Փառատոնի պատվավոր հյուրերն են լինելու Սոս Սարգսյանը, Զորի Բալայանը, Պերճ Զեյթունցյանը, Տիգրան Մանսուրյանը եւ Արմեն Ջիգարխանյանը: Թեպետ վերջինիս ներկայությունը խիստ կասկածելի է, որովհետեւ Ա. Ջիգարխանյանը հատուկենտ դեպքերում է մեկնում փառատոների:
Ռ. Փաշինյանը նշեց, որ առայժմ չունեն ֆինանսավորման աղբյուրներ, որոշակի գումար տրամադրել է մշակույթի նախարարությունը: Բայց այդ գումարով, Փաշինյանի փոխանցմամբ, կարելի է հոգալ միայն փառատոնի գովազդային խնդիրները: