Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵՔ ՍՈՊՐԱՆՈՅԻ» ԳԱԼԱՀԱՄԵՐԳԸ

Հունիս 04,2010 00:00

Նախագիծ՝ օպերային աստղերի օրինակով

\"\"
Մագդա Մկրտչյանը (ձախից), Մարինե Դեինյանը եւ Նունե Բադալյանը:

Ցանկացած շոու, որն ունի ուշագրավ ինտրիգ ու պահանջարկ, դառնում է հաճելի եւ ընդունելի, մանավանդ, երբ այն իրականացվում է դասական արվեստում: Աշխարհահռչակ օպերային երգիչներ Պավարոտիի, Դոմինգոյի եւ Կարերասի օրինակով, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհիներ Մագդա Մկրտչյանը, Մարինե Դեինյանը եւ Նունե Բադալյանը «Երեք սոպրանո» գալահամերգով կներկայանան հանդիսատեսին: Համերգը կկայանա հունիսի 9-ին, Ազգային օպերային թատրոնում:

Նշենք, որ երգչուհիները զբաղված են օպերային թատրոնի խաղացանկի մի շարք ներկայացումներում, այդ թվում՝ Տիգրանյանի «Անուշում», Չուխաջյանի «Արշակ Երկրորդում», Վերդիի «Տրուբադուրում» եւ «Տրավիատայում», Բելինիի «Նորմայում», Մոցարտի «Դոն Ժուանում» եւ այլն: Մինչ կայանալիք մենահամերգը, երեք սոպրանոները ընդամենը մի քանի կատարումներով ժամանակին իրենց «փորձարկել» են Կամերային երաժշտության տանը, «Ա. Բաբաջանյան» համերգասրահում, հանդես եկել Հնդկաստանում, Թուրքիայում ու Վրաստանում:

«Առավոտի» հետ զրույցում «Երեք սոպրանո» նախագծի հեղինակ Մագդա Մկրտչյանը, չհերքելով, որ տրիոյով հանդես գալու գաղափարը վերցված է աշխարհահռչակ 3 տենորներից, հավելեց, որ ինքը տարիներ առաջ, երբ ԱՄՆ-ում բեմ է բարձրացել հայազգի մեծանուն երգչուհի Քալեն Էսպիրյանի հետ, առաջին անգամ տեղեկացել է, որ վերջինս էլ նման նախագծով ընդգրկված է մեծ ճանաչում վայելող երեք սոպրանոների կազմում՝ հայտնի օպերային երգչուհիներ Կասելլոյի եւ Լաուրենսեի հետ: Մ. Մկրտչյանը պատմեց նաեւ, որ վերջերս Վրաստանում կայացած իրենց տրիոյի ելույթից հետո Թբիլիսիի օպերային թատրոնի մեներգչուհի Նինո Գաբիձաշվիլին մոտեցել է իրենց ու խնդրել ծրագիրը, նաեւ «թույլտվություն»՝ իրենց մոտ նման եռյակ ստեղծելու համար:

Հետաքրքրվեցինք՝ երեք սոպրանոների համար ո՞վ է գրում կամ մշակումներ անում, մեր զրուցակիցն ասաց, որ կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը մեծ աշխատանք է կատարել՝ տրիոյի համար մշակելով Կոմիտասի, Մելիքյանի, Դոլուխանյանի, ինչպես նաեւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններ: «Նախորդ ելույթներից վստահորեն կարող եմ ասել, որ մեր մենահամերգում ներկայացվող ծրագիրը հաճույքով կլսի հանդիսատեսը: Ի վերջո, ընդգրկված են վաղուց սիրված երկեր: Միայն համամիտ չեմ «շոու» պիտակին, չեմ կարծում, թե դա տեղին է»,- ասաց երգչուհին:

Մ. Մկրտչյանը հայտնեց, որ մենահամերգի օրը իրենք հանդես են գալու Օպերային թատրոնի նվագախմբի հետ, վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Հատուկ նշեց թատրոնի գլխավոր կոնցերտմայստեր Օլգա Խաչիկյանի անունը, որը մեծ աշխատանք է տարել իրենց հետ: Հետաքրքրությանը, թե «Երեք սոպրանո» նախագծին ինչպե՞ս վերաբերվեց թատրոնի տնօրինությունը, մեր զրուցակիցն ասաց. «Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը դեռ տարիներ առաջ ողջունեց նախագիծը (երգչուհիները միասին աշխատում են շուրջ 3 տարի-Ս.Դ.) եւ այս մենահամերգի կազմակերպման ու անցկացման աշխատանքներում շատ աջակցեց»:

Վերջին շրջանում պատվավոր կոչումներ, պարգեւներ եւ ճանաչում են ձեռք բերում հիմնականում շոուներով հանրությանը ներկայացող շատ արվեստագետներ: Կարելի՞ է ենթադրել, որ նախագիծը ստեղծելիս հեռահար նպատակներ են ունեցել, մանավանդ որ, 1999թ.-ից Օպերային թատրոնի մեներգչուհիները, որոնք մի քանի միջազգային մրցույթների դափնեկիրներ են, դեռւ չեն արժանացել պետական որեւէ պարգեւի: «Կոչումը կամ պարգեւը դեռեւս ոչ մի արվեստագետի չի խանգարել,- ժպտալով ասաց Մագդան, հետո էլ ավելացրեց,- մասնագետի մեկ բարձր գնահատականն արդեն ամեն ինչ է…»: Նշենք, որ «Առավոտը» ժամանակին անդրադարձել է Մագդա Մկրտչյանի հասցեին Պավարոտիի հնչեցրած բարձր կարծիքին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել