Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԱՆՕԴԱՉՈՒ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑ

Հունիս 04,2010 00:00

ՄԱԿ-ի արտադատական դատաստանի հարցով հատուկ զեկուցող Էլստոնը հայտարարել է, թե անօդաչու ինքնաթիռների օգտագործման տարածումը միջազգային իրավունքի համար նոր խնդիրներ է ստեղծում: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ներկայացված զեկույցում ամենախիստ քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ն, թեեւ փաստաթղթում հիշատակվում են նաեւ Իսրայելն ու Ռուսաստանը:

BBC-ի մատուցմամբ, զեկույցում նշվում է, որ անօդաչու ինքնաթիռներն ամենաշատը օգտագործում են ամերիկացիները՝ հատկապես Պակիստանում իրականացվող գործողությունների ժամանակ, որի արդյունքում «հարյուրավոր խաղաղ բնակիչ է զոհվում»:

Իսկ Ռուսաստանը քննադատության է արժանացել 1990-ական թվականների վերջին տարիներին եւ 2000-ականի սկզբին «չեչենական երկրորդ արշավի» ընթացքում անօդաչու ինքնաթիռների օգտագործման համար: Զեկույցում հատկապես մատնանշվում է 2002թ.-ին տեղի ունեցած գործողությունը, որի արդյունքում սպանվել էր ծայրահեղականների առաջնորդներից մեկը՝ Խոտտաբը: Բացի այդ, զեկույցում նշվում է, որ 2006-ին ՌԴ Դուման օրենք է ընդունել, որը թույլ է տալիս հատուկ ծառայություններին ֆիզիկապես ոչնչացնել ահաբեկիչներին նաեւ Ռուսաստանի տարածքից դուրս՝ արտերկրում: Ընդ որում, ինչպես շեշտել է զեկուցողը, հասարակության համար հասանելի որեւէ տեղեկություն չկա, թե օրինականությունը նման գործողությունների ընթացքում ինչպես է ապահովվելու, նաեւ՝ ինչ չափանիշներով է մարդը կասկածյալից վերածվելու թիրախի:

ՄԱԿ-ի զեկուցողը նաեւ շեշտել է, որ անօդաչու ինքնաթիռների օգտագործումը հարված է հասցնում գոյություն ունեցող միջազգային այն իրավունքի նորմերին, որոնք կոչված են պաշտպանել մարդու կյանքի իրավունքը: Էլստոնը առանձնակի մտավախություն է հայտնել, թե անօդաչու ինքնաթիռների զինվորական օպերատորները սպանությանը վերաբերվում են այնպես, ինչպես «Playstation» խաղի սիրահարները: ՄԱԿ-ի զեկուցողը շեշտել է, թե անօդաչու ինքնաթիռներից համակարգչի միջոցով իրականացվող հարվածները մեծ հավանականությամբ կարող են դիտարկվել որպես ռազմական հանցագործություններ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կողմից անօդաչու ինքնաթիռի օգտագործման արդյունքում վերջերս Պակիստանում սպանվել էր «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը՝ Մասրին, սպանվել էին նրա կինն ու երեք երեխաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել