Հինգշաբթի օրը Իսրայելից երեք ինքնաթիռներով Թուրքիա են ժամանել Գազայի հատվածի համար մարդասիրական օգնություն եւ շինանյութ տեղափոխող «Ազատության նավախմբի» կամավորները: Ստամբուլի օդանավակայան ժամանած ավելի քան 450 կամավորներին դիմավորել են ծափահարություններով՝ որպես իսկական հերոսների: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Բացի շարքային քաղաքացիներից, իսրայելցիների կողմից կալանավորված եւ ապա ազատ արձակվածներին դիմավորել են նաեւ Թուրքիայի վարչապետի տեղակալն ու խորհրդարանի մի քանի պատգամավորներ: Ստամբուլ ժամանած կամավորների մեծ մասը՝ Թուրքիայի, մի մասը՝ մահմեդական այլ երկրների, նաեւ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի քաղաքացիներ են: Ստամբուլ են տեղափոխվել նաեւ իսրայելցի հատուկջոկատայինների կողմից «Ազատության նավախմբի» զավթման ժամանակ սպանված Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 9 զոհերի մարմինները:
Ստամբուլի կենտրոնում բողոքի ցույցեր են անցկացվել ի պաշտպանություն պաղեստինցիների: Դրանց մասնակցել է մի քանի հազար մարդ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իսրայելից պահանջել է անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը արդեն երեք տարի շարունակվող շրջափակումը որակել է որպես անարդյունավետ եւ անարդար: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը իր հերթին քվեարկել է իսրայելական հատուկ նշանակության զորքերի իրականացրած գործողությունների անկախ հետաքննություն անցկացնել: Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարները, որոնք նախօրեին հավաքվել էին Կահիրեում, ՄԱԿ-ից պահանջել են երաշխավորել Գազայի հատվածի ապաշրջափակումը: Հիշեցնենք, որ դեռ չորեքշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն տեղի ունեցած միջադեպը համարել է «Ազատության նավախմբի» կողմից իսրայելցի զինվորականների վրա կատարված հարձակման արդյունք, իսկ միջազգային հանրության՝ հրեա զինվորականների գործողությունների քննադատությունը անվանել է «միջազգային երեսպաշտության տագնապ»: