Բողոքում է թիվ 11 հատուկ դպրոցի կոլեկտիվը
Երեկ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսումնա-մանկավարժական կազմը բողոքի ցույց էր կազմակերպել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի առջեւ: Oրեր առաջ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու տարվա ազատազրկման դատապարտեց վերոնշյալ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանին, ով, ըստ դատավճռի, մեղադրվում է անչափահաս սանուհիների նկատմամբ 1985-2008 թթ. ժամանակահատվածում անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Դրանից հետո դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը ազատվեց աշխատանքից: Ցուցարարները երեկ պնդում էին, թե տնօրենը տեղյակ չի եղել նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի գործողություններից եւ պետք է վերականգնվի պաշտոնում, նաեւ պահանջում՝ այլեւս չպախարակել իրենց բազմավաստակ կոլեկտիվին: «Բողոքում ենք դպրոցի նկատմամբ մտածված ու շարունակվող գործողությունների դեմ»,- նշեց դպրոցի ուսուցչուհիներից Անահիտ Թորոսյանը ու շարունակեց, որ իրենց դպրոց են մտնում զանազան հ/կ-ներ, որոնք պակաս գրագետ ու պատրաստված մարդիկ չէին, քան Մարիամ Սուխուդյանը: Ըստ մեր զրուցակցի, նրանց թվում եղել են նաեւ հոգեբաններ, ու ինչպե՞ս է պատահել, որ դպրոցի երեխաները նրանց չեն բողոքել, թե իբր անառակաբարո գործողություններ են կատարվում իրենց հանդեպ, իսկ Մարիամին ասել են: Մեկ ուրիշ մանկավարժ՝ Նաիրա Հաջիպողոսյանն էլ փաստեց, որ հիմք են ընդունվել այն երեխաների ցուցմունքները, որոնք մտավոր խնդիրներ ունեն, ինչը անթույլատրելի է: Հաջիպողոսյանը նաեւ հավելեց. «Մենք անգամ տեղյակ չենք՝ Մարիամ Սուխուդյանը ունի՞ բարձրագույն կրթություն ու գաղափար՝ գիշերօթիկ դպրոցի մասին… Ի վերջո, ուզում ենք պարզել, թե ո՞վ է կանգնած Սուխուդյանի մեջքին, որ նրա ձայնը իրոք հասու է ուր ասես, իսկ հսկայական կոլեկտիվին ոչ մեկը լսել չի ուզում»:
Անահիտ Պապիկյանն էլ գործընկերուհու ասածներն էսպես լրացրեց. «Ինչպե՞ս կարելի է մի ամբողջ կոլեկտիվի հեղինակության հետ խաղալ, արատավորել մեր տնօրենի անունը, որը 30 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի փորձ ունի: Մեր դպրոցի ծաղկուն վիճակի համար թերեւս պարտական ենք նրան: Մութ ու ցուրտ տարիներին, որ ողջ հանրապետությունը զրկված էր լույսից, պարոն Ենգիբարյանը ապահովել է բոլոր պայմանները՝ երեխաների բարեկեցիկ կյանքն ու կրթությունը ապահովելու համար»:
«Առավոտը» զրուցեց նաեւ դպրոցի նախկին շրջանավարտ Աշոտ Գրիգորյանի հետ, ով հաշմանդամ է, դպրոցն ավարտելուց հետո չունի աշխատանք ու ստիպված մուրացկանությամբ է զբաղվում. «Սովի եւ մթի տարիներին մեր դպրոցում տնօրենն ու ուսմասվարը չէին քնում, գիշերները արտասահմանից օգնություն ստացած մանկական շորերը տանում էին գյուղ՝ սննդամթերքով փոխանակում, որպեսզի կարողանանք գոյատեւել»:
Ցուցարար մանկավարժները նշեցին նաեւ, որ գրավոր եւ բանվոր դիմել են ԿԳ նախարարին ու խնդրել, որ գան իրենց սեփական աչքով տեսնեն դպրոցի վիճակը: Նրանք երեկ փորձեցին իրենց դժգոհությունը փոխանցել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակին: Սակայն այնտեղից հայտնեցին, որ դա իրենց իրավասության սահմաններում չէ, խոստացան նաեւ, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը կայցելի դպրոց: