Դպրոցների հիմնանորոգման տեմպերը դանդաղել են
Սա թիվ 195 դպրոցի «ապագա» դասասենյակներն են:
Թիվ 198 դպրոցի չվերանորոգված հատվածը:
Դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվող գումարները ճգնաժամի պատճառով էապես կրճատվեցին: «Առավոտի» շրջայցը Երեւանի մի քանի ավագ դպրոցներում ցույց տվեց, որ այդ կրթօջախներում շինարարական աշխատանքների ավարտին դեռ շատ կսպասեն, այնինչ՝ պաշտոնատար անձինք տարբեր առիթներով հայտարարում են, թե դպրոցների հիմնանորոգման աշխատանքները 99.5 տոկոսով կատարված են:
Նոր Նորքի շուրջ 700 աշակերտ ունեցող թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Սկզբից նախատեսված էր հիմնանորոգումն ավարտին հասցնել 3-4 տարվա ընթացքում: Արդեն 3-րդ տարին է ծրագիրն ընթանում, բայց գործնականում վերանորոգված է դպրոցի կեսից ավելին: Առաջին տարում հատկացվեց 160, երկրորդում՝ 40, 3-րդում՝ 21 միլիոն դրամ: Դեռ վերանորոգվել է «բ» մասնաշենքի երրորդ հարկը եւ «գ» մասնաշենքի 2-րդ եւ 3-րդ հարկերի սանհանգույցները: Չեն էլ սկսել վերանորոգել վարչական մասը, մարզադահլիճը, միջոցառումների դահլիճը, չի կատարվել դպրոցի ցանկապատումը»:
Իրավիճակը գրեթե նույնն է Աջափնյակ համայնքի թիվ 195 դպրոցում, որտեղ սովորում է շուրջ 800 աշակերտ: Տնօրեն Արտավազդ Վահրամյանի փոխանցմամբ՝ 3 տարվա վերանորոգման ծրագիրը կատարված է 20 տոկոսով, շինարարության տեմպերն էլ դանդաղել են. «Վերանորոգումը սկսել է անցյալ տարվանից, վերանորոգվել են դասասենյակներ, պատուհաններ ու դռներ են փոխվել, առաջին հարկի վերանորոգումն ամբողջությամբ ավարտված է: Ամբողջ ծրագիրը մոտ 300 միլիոն դրամ է կազմում, այս տարի պիտի մոտ 100 միլիոն դրամ տրամադրվեր, բայց տրվեց ընդամենը 24 միլիոնը: Հրատապ հիմնանորոգման կարիք ունի կոյուղին, խողովակները, շենքը կարոտ է ամրացման, բայց ֆինանսական միջոցների սղության պատճառով այս տարի դա չի նախատեսվում»: Տնօրենների հետ զրույցում պարզեցինք, որ գումարներից տեղյակ չեն, իրենց հիմնականում ոչ մի ֆինանսական փաստաթուղթ չի ներկայացվում: Այս կապակցությամբ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց որոշ մանրամասներ. «Քաղաքաշինության նախարարը հայտարարում է, որ կրթական օբյեկտների հիմնանորոգման ծրագիրը 99.5 տոկոսով կատարվել է: 2009-ի հոկտեմբերի 1-ին քաղաքաշինության նախարարի տրամադրած տեղեկանքի համաձայն` մինչեւ 2009-ի հոկտեմբերի 1-ը նախատեսված 83 ուսումնական հաստատություններում պայմանագրային գումարները, կասեցումից հետո, առնվազն 2 անգամ պակաս են ծախսվել, իսկ 15 դպրոցների համար նախատեսված 881 միլիոնն ընդհանրապես չի ծախսվել` ըստ նույն տեղեկանքի: Համաձայն 2009-ի ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության՝ Հայաստանի բոլոր ավագ դպրոցների հիմնանորոգման ծախսերը կատարվել են 78.7 տոկոսով եւ կազմել 1 միլիարդ 794 միլիոն դրամ: Բայց, ըստ նախարարի ներկայացրած տեղեկանքի՝ կատարվել է 1 միլիարդ 225 միլիոնի աշխատանք: Նույն փաստաթղթում գրված է, որ միջին մասնագիտական հաստատությունների շինարարությունը կատարվել է 91.8 տոկոսով, այնինչ՝ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի համար, կասեցումից հետո, նախատեսված 134 միլիոն 248 հազար դրամը 2009-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ընդհանրապես չի կատարվել: Ո՞ւր են կորել նախատեսված միլիոնները»: