Լրահոս
Օրվա լրահոսը

35. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հունիս 04,2010 00:00

\"\"
84-ամյա սուրճ եփող Անահիտ Գյուրջյանը:

\"\"
80-ամյա ժանեկավաճառ Արուսյակ Աբգարյանը:

\"\"
Թուրք լրագրող Ջեմիլ Յըլդըզը եւ թարգմանիչ Լոկմագյոզյանը՝ Վերնիսաժում:

Վերնիսաժում հեռվից պատվանդանին եկեղեցիների մանրակերտեր նկատեցի, որոնք հղկած ու խնամքով կտրտված քարից էին պատրաստված: Չգիտեմ, թե Վերնիսաժը ինչքանով է հարմար այսպիսի աշխատանքներ վաճառելու համար: Հավանաբար, հեղինակը՝ Հովհաննես Սեւաչերյանը, ուղղակի փորձում կամ ուսումնասիրում է այս խնդիրը:

– Ո՞ր եկեղեցու մանրակերտն է սա,- դիմեցի վաճառողին՝ Նիկոլայ Բալյանին:

– Զեյթունի Սուրբ Հարություն եկեղեցին է, որը 1915-ին կործանել են թուրքերը:

– Այս մեկը Գառնիի տաճարն է,- ասացի ես,- մյուսը՝ Հաղպատի զանգակատունը: Ճի՞շտ եմ ասում: Իսկ գնորդներ կա՞ն:

– Նոր ենք բերել, դժվար խնդիր է վաճառելը: Գուցե թանգարաններին հետաքրքրի…

Վերնիսաժի մի անկյունում նստած մեծահասակ մի կին ինձ էր հետեւում: Հեռվից լուսանկարեցի, ապա եւ մոտեցա:

– Հետաքրքիր է, թե ի՞նչ եք անում այստեղ նստած,- ժպտալով դիմեցի ես:

– Սուրճ եմ եփում Վերնիսաժի վաճառողների, այցելուների համար,- պատասխանեց 84-ամյա Անահիտ Գյուրջյանը,- աղջիկս էլ տանում, մատուցում է, կուզե՞ս քեզ համար էլ պատրաստեմ:

– Չէ, շնորհակալություն, Գյուրջյան ազգանունը Շուշիում էր տարածված: Մեծ քանդակագործ Հակոբ Գյուրջյանը շուշեցի էր:

– Չգիտեմ, բայց մեր ընտանիքը Բուլղարիայից է եկել:

Մեծահասակ մի կին, տեսնելով լուսանկարչական խցիկս, մտածեց, որ զբոսաշրջիկ եմ, մոտեցավ ու առաջարկեց ձեռքի բազմատեսակ ասեղնագործ ժանյակները:

– Ի՞նչ արժեն,- հարցրի ես:

– 6- 7 հազար դրամ:

– Հե՞շտ ես գործում:

– Հիմա դժվարանում եմ,- պատասխանեց 80-ամյա Արուսյակ Աբգարյանը,- 29 հազար դրամ թոշակ եմ ստանում, իսկ ընտանիքս այլ եկամուտ չունի, որդուս վիրահատել են, անաշխատունակ է, ստիպված գործում եմ, բերում, վաճառում:

– Հարսդ չի՞ գործում:

– Չէ, չի գործում:

– Երբվանի՞ց եք սկսել ժանեկագործությամբ զբաղվել:

– Շատ փոքրուց գործում եմ: Հենց կյանքը փոխվեց՝ սկսեցի վաճառել:

– Իսկ բնիկ որտեղի՞ց եք:

– Լոռվա Աղեգի գյուղից:

Գնորդներին առաջարկվող բա զմապիսի ու բազմաձեւ առարկաների մեջ առանձնանում են փայտաշեն երկարավուն, նրբագեղ սեւ ֆիգուրները:

– Հե՞շտ են վաճառվում,- դիմեցի քանդակագործ Ալեքսանդր Շկարբանենկոյին:

– Արվեստի գործերը Վերնիսաժում համարյա չեն գնում: Այցելուներն այստեղ այլ բան են ընտրում, ասենք՝ գինու տակառիկներ, նարդի, իսկ քանդակ՝ ոչ:

– Գուցե սալոններին առաջարկեք:

– Լրացուցիչ վաճառքի տոկոս են դնում, ու ամենն անիմաստ է դառնում:

– Երեւանո՞ւմ ես սովորել:

– Զեյթունի գեղարվեստի ուսումնարանում: Տղաս՝ Վիկտորն էլ է քանդակում:

– Եվ ինչպե՞ս պետք է լուծեք խնդիրը:

– Երեւի Ռուսաստան գնանք, այնտեղ փորձենք իրացնել:

Հին անիվներն ու ճախարակներն էի զննում, երբ հանդիպեցի ստամբուլցիներ Ջեմիլ Յըլդըզին ու Լոկմագյոզյանին: Ջեմիլը «Թուրքիյե» օրաթերթի թղթակիցն էր, իսկ Լոկմագյոզյանը՝ թարգմանիչը: Ջեմիլն ասաց, որ արմատներով ինքը էրզրումցի է, ու իր պապը պատմում էր, որ հայերը Էրզրումում կոտորել են թուրքերին:

– Հա,- ասացի ես,- ու թուրքերը ստիպված գաղթել են, ցրվել աշխարհով մեկ, կամ էլ՝ վերադարձել են իրենց նախահայրենիքը՝ Լեռնային Ալթայ:

Թուրքը լռեց, ապա հարցրեց.

– Ի՞նչ կասեք հայ-թուրքական հարաբերությունների մասին:

– Թուրքիայի եւ Հայաստանի հասարակությունները պատրաստ չեն նման քննարկումների: Եթե այգում տեսնում եք, որ, ասենք, տանձը չի հասել, մի՞թե կարող եք քաղել այն: Պետք է հասունանա, պետք է ժողովրդին օգնել, որ հասկանա, ընկալի իր իրական պատմությունը: Եթե կառավարությունները պատրաստ են օգնելու, որ ժողովուրդները հասկանան իրար, ուրեմն պետք է առանց աղմուկի նախ դիվանագիտական կապեր հաստատեն, ապա ճանապարհները բացեն, փորձեն իրար լսել, հասկանալ եւ ընդունել,- ապա խոսեցի թուրքերեն:- Ես ղարաբաղցի եմ, մենք էլ խնդիրներ ունեինք Բաքվի իշխանությունների հետ: 88-ին ապստամբեցինք, դուրս եկանք ադրբեջանական ճնշումից: Այսօր Ադրբեջանում իրենց հինավուրց հայրենիքում ապրող ուրիշ ժողովուրդներ էլ կան, դրանք թալիշներն են, լեզգիները, ավարցիները, թաթերը, որոնք ուզում են դուրս գալ դոմինանտ ժողովրդի ճնշումից: Դա քաղաքակրթության այսօրվա գլոբալ զարգացման պահանջն է: Նույն վիճակում են այսօրվա Թուրքիայի տարածքում ապրող հայերի բեկորները, որ մնացել են 1915-ից հետո, քուրդ ժողովուրդը, Պոնտոսի հույները, այլ ժողովուրդներ, որոնք ձգտում են ազատվել գերակայող մի ժողովրդի ճնշումից:

– Այո, համաձայն եմ,- ասաց թուրք լրագրողը,- իսկ հայերն ու ադրբեջանցիները կարո՞ղ են իրար հետ ապրել:

– Հակամարտությունը էթնիկական բնույթի էր: Դա թաքցնել չի կարելի, այլապես լուծում գտնել չի լինի: Եվրոպայում կամ ԱՄՆ- ում որոշել ու պարտադրել, որ իրար հետ ապրեն՝ չի լինի:

– Ես հայ ընկերներ ունեմ Ստամբուլում, որոնցից մեկն էլ Հրանտ Դինքն էր,- ասաց Ջամիլը ու խնդրեց թարգմանչին, որ լուսանկարի երկուսիս:

Մայիսյան հեղձուցիչ տապից լեզուս ցամաքել էր ու ջուր էի փնտրում: Հիշեցի գրող Էդվարդ Ավագյանի նկարագրած «Երեւանա ծռերից» սալմաստցի Զատիկ ախպարին, որը կոլխոզշուկայում գյուգյումը շալակած, սափորն ու բաժակը ձեռքին շարբաթ-ջուր էր առաջարկում մարդկանց: Խմում էր երեւանցին Զատիկ ախպարի պաղ ջուրը, սղալում բեղերն ու տնքում.

– Օխա՜յ…

– Օխայդ անուշ,- արձագանքում է Զատիկ ախպարը:

Ցավոք, անցյալը այլեւս ետ չես բերի, ու շարբաթ- ջուր մատուցող այլեւս չես հանդիպի: Այս մտորումների մեջ էի, երբ հիսնամյա մի կին, ժանյակների խուրձը ձեռքին մոտեցավ, մեկիկ- մեկիկ սկսեց ցույց տալ ասեղնագործ նրբահյուս զարդամոտիվները, ձգտելով համոզել, որ դրանք լավ նվեր կլինեն տնեցիներին:

– Ես լրագրող եմ…

– Շուտ ասեիր, այ մարդ, էսքան իզուր չէի խոսի:

Վերնիսաժի մի ծառուղին գրավել էին գեղանկարիչները: Երկու կողմից, ասես հարյուրավոր բաց պատուհաններ, դեպի երեւակայական կամ իրական աշխարհներ, գրավում են անցորդներին: Իրենք՝ նկարների հեղինակները, նկարների ետեւում, ծառերի տակ նստած նարդի, քարտ էին խաղում, կամ էլ վիճում քաղաքական հարցերի շուրջ, այդպես սպանում ժամանակը: Եզակի էր պատահում, որ որեւէ անցորդ մոտենա ու գեղանկար գնի: Իմ ուշադրությունը գրավեց հին ու դեն նետած ժանգոտ ավտոմեքենաների նկարները:

– Սկզբում մերկ ծառերով էի հմայված,- ասաց Անդրանիկ Փահլեւանյանը,- հետո մեր բակում մի շատ հին ու դեն նետած բեռնատար տեսա ու նկարեցի, անցա գնացքներին, հին նավերին, ապա նորից անցա ավտոմեքենաներին:

– Գնորդ լինո՞ւմ է:

– Ձմռանը գնորդներ կային, հիմա զբոսաշրջիկ չի երեւում: 22 տարի այստեղ եմ: Ու միշտ անհանգիստ եմ. երբեւէ դո՞ւրս կգամ այս իրավիճակից: Պետական համալսարանի իրավաբանականն եմ ավարտել: Զուգահեռ նկարում էի: Սովետի ժամանակ 150 ռուբլով էի վաճառում գեղանկարը, հիմա ութ հազար դրամով, այսինքն՝ 20 ռուբլի էլ չի անում:

– Ամուսնացա՞ծ ես:

– Չէ: Միայնակ եմ ապրում: Իմ ննջասենյակում եմ նկարում ու ներկերի հոտից գլուխս է ցավում: Մեծ կտավ չեմ կարող նկարել, քանի որ եթե սա թողնեմ, գոյությունս պահել չեմ կարող: Չրթոն վաճառողի կարգավիճակում եմ հայտնվել: Շատ կարեւոր մի բան եմ հայտնաբերել, բայց իրականացնելու հնար չկա: Գաղտնիք է, բացահայտել չեմ կարող, որովհետեւ իսկույն կգողանան: Այս նկարներն իմ ունակությունների 5%-ն է միայն: «Ուղղակի խոսք» վերնագրով բանաստեղծությունների գիրք եմ հրատարակել:

Մի հատվածում ցուցադրվող գործերը ծանոթ թվացին: Գեղանկարիչ Եդվարդ Արեւշատյանի աշխատանքները վաճառում է որդին՝ Վահագնը:

– Ո՞ւր է հայրդ:

– Անհատական ցուցահանդեսի է պատրաստվում:

– Այսօր ի՞նչ ես վաճառել:

– Ոչինչ: Այս տարի զբոսաշրջիկները գեղանկար չեն գնում: Նրանք «Արարատ սար» են գնում:

– Հայաստանի մթնոլորտ են ուզում ստեղծել իրենց տանը:

– Բայց հայաստանյան գույներ տանելն ավելի ճիշտ կլիներ:

– Փորձիր բացատրել, փոփոխել ճաշակը…

Իմ ուշադրությունը գրավեցին Սամվել Մելիքսեթյանի՝ Կոնդի թաղամասից պատկերները:

– Միրգ, նատյուրմորտից եմ սկսել նկարել սովորել:

– Վաճառվո՞ւմ են:

– Համեմատաբար վատ չի վաճառքը:

– Ընտանիքդ կարողանո՞ւմ ես պահել:

– Հազիվ եմ հասցնում:

– Ինչքա՞ն ժամանակ է, որ ինքդ ես վաճառում:

– 1984 թվականին Սարյանի պուրակում սկսեցինք բաց ցուցադրություն կազմակերպել: Խորհրդային իրավական մարմինները ցրում էին, արգելում: Ի վերջո, մենք հաղթեցինք:

– 26 տարի է՝ ինչ ցուցադրում եւ վաճառում ես: Գեղանկարչական արհեստն ու արվեստը սահմանազատվո՞ւմ են Վերնիսաժում:

– Դժվար հարց է…

Մի պահ գեղանկարչական ծառուղին լցվեց աղմուկ- աղաղակով, ճղրտյուններով, հայհոյանքների, քֆուր-քյաֆարի տարափով: Ամեն կողմից մարդիկ վազում էին դեպի այդ աղմուկը: Ընդհարումը բաժանողները գերակշռում էին, ուստի այն արագ խաղաղվեց, ասես հողմապտույտ էր, եկավ, պատեց գեղանկարիչների ծառուղին ու արագ էլ մարեց: Հարեւան ծառուղու վաճառողը դիմել էր գեղանկարչին, որ նկարները վերցնի եւ ազատի ճանապարհը, նկարիչն էլ պատասխանել էր, թե անցնելու համար հերիք է արանքը: Տղան աքացիով գետնին էր տապալել ցուցադրվող գեղանկարները, ապա մահակակռիվ էր սկսվել, որի արդյունքում տղայի դաստակն էր վնասվել, գեղանկարչի՝ գլուխը:

Սեղանին փայտի փորագրված զարդամոտիվներով ժամացույցներ են շարված:

– Խորհրդային տարիներին արտադրությունում տեխնոլոգ, պահեստապետ եմ աշխատել,- ասաց փորագրող վարպետ Գագիկ Սիմոնյանը,- իսկ 18 տարի առաջ կյանքը, փոփոխությունները ստիպեցին արհեստի անցնեմ: Մեր գործում տարին տարվա վրա անկում է ապրում: Մեքենայական աշխատանքը նեղում, ասպարեզից հեռացնում է ձեռքի աշխատանքը: Ու գնորդները էժանն են գնում: Մարդիկ Չինաստանից աղբ են բերում ու վաճառում: Փողի մոլուցքը խեղդում է արվեստը:

– Իսկ այս սափորներն ո՞ւմ աշխատանքն են:

– Դրանց հեղինակը Վարդան Աբգարյանն է: Դամբուլի, ծիրանի, կեռասի, դեղձի կորիզներով է հավաքում սափորները: Խնդրել է, որ իմ աշխատանքի հետ վաճառեմ: Օգնում ենք իրար:

Արթուր Անտոնյանի սեղանին մոտեցան ֆրանսախոս մի խումբ զբոսաշրջիկներ: Նրանց հետաքրքրում էին ծածկի ձողից կախած թառը, քամանչան ու դուդուկը:

– Հավանաբար, դուք երաժիշտներ եք,- զբոսաշրջիկներին դիմեցի ես:

– Ոչ, ես Արմեն Ավդալյանն եմ, մասնագիտությամբ՝ էքսպերտ, ընկերս՝ Միշել Շահնազարյանը բժիշկ է: Գործիքները գնում ենք մեր ընկերոջ երեխայի համար, որը շնորհալի երաժիշտ է:

Լալ տղամարդը գիպսե քանդակ- դրամարկղը մեկնում է վաճառողներին, հայացքով աղաչում, որ դրամ խցկեն բաց երախով: Հետեւեցի նրան: Բոլոր վաճառողները հրաժարվում էին, ասելով՝ փող չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել