Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւ՝ 200 վետերանի

Հունիս 04,2010 00:00

Այս տարվա մայիսի 5-ին «Առավոտը» անդրադարձել է Հայրենական մեծ պատերազմի լոռեցի վետերանների խնդիրներին. Վանաձորի Երկաթուղայինների այգում տեղակայված վետերանների քաղաքային սկզբնական կազմակերպությունում չկա ջուր, լուսավորություն, ջեռուցում, կոյուղի եւ այլն:

Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը եւ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը որոշել են դրամական պարգեւներ հանձնել Հայրենական մեծ պատերազմի սոցիալապես անապահով 200 վետերանների եւ ակցիան սկսել են Լոռու մարզից (hիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին առաջարկեց 800 միլիոն դրամ ուղղել՝ Հայրենական մեծ պատերազմի 3500 վետերանների արտահերթ կարգով ԽՍՀՄ խնայբանկում ավանդադրված գումարներն առաջնահերթ փոխհատուցելու նպատակով):

Հայաստանում այսօր ապրում է Հայրենական մեծ պատերազմի 3720 վետերան, 402-ը՝ Լոռիում, որից 37-ը՝ կին: Դրամական պարգեւ է ստացել 25 լոռեցի վետերան. 10-ը՝ Տաշիրի տարածաշրջանից, 15-ը՝ Վանաձորից: Ըստ նախաձեռնության հեղինակների, պարգեւի չափը կախված է ընտանիքի վիճակից: Վանաձորում պարգեւատրումը համընկավ վանաձորցի ամենատարեց վետերանի՝ Արշավիր Բեգլարյանի ծննդյան 99-ամյա հոբելյանի հետ: Մարտական ընկերներն ու հյուրերը նրան մաղթեցին քաջառողջություն՝ մեկդարյա պատմություն կերտելու համար:

Տարեցտարի մեր կյանքից պակասում են վետերանները: Լոռեցի ամենաերիտասարդ վետերանը 90 տարեկան է: Ըստ ՀՀ պատերազմի, զինված ուժերի, իրավապահ մարմինների եւ աշխատանքի վետերանների Լոռու մարզային խորհրդի վետերանների՝ խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելը եւ նրանց առօրյայով հետաքրքրվելը շատ կարեւոր է: Վետերանները շոյված են նման վերաբերմունքից, բայց ցանկանում են լուծված տեսնել իրենց խնդիրները: Նրանցից շատերը բարձր կենսաթոշակ ստանալու ակնկալիքով ՌԴ-են մեկնում: Օգտվելով առիթից, լոռեցի վետերաններն իրենց մտահոգություններն ու առաջարկությունները ներկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցչին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել