Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ՝ ՆՈՐՈԳՎԵԼ Է

Հունիս 04,2010 00:00

Թափոնատարի ամրացումից ու պատասխանատուների լրացուցիչ հավաստիացումներից հետո էլ՝ Շղարշիկի բնակիչները պնդում են, որ թունավորման սպառնալիքը դեռ կա:

\"\"
Այսպիսին էր թափոնատարը երկու ամիս առաջ…

\"\"
… …այսպիսին է հիմա:

Մարտի 20-31-ի հատվածում «Առավոտում» հինգ հրապարակում եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ թափոնատարի վիճակի մասին: Հ/կ-ները պնդում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող, Շղարշիկ բանավանով անցնող, տեղ-տեղ քայքայված թափոնատարից դուրս թափվող ջրերը խառնվում են հարակից ձորով հոսող առվին եւ թափոնատարի հարեւանությամբ գտնվող Շղարշիկ բանավանի ընդհանուր աղբյուրի ջրերին, ինչի արդյունքում արձանագրվում են թունավորումներ ե՛ւ մարդկանց, ե՛ւ կենդանիների շրջանում: Բնապահպանության նախարարությունը պնդում է, որ թափոնատարը կայուն վիճակում է, արտահոսք չկա: Մարտի 31-ի հրապարակումից հետո ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ «բնապահպանական պետական տեսչության պետ Ալեքսանդր Սահակյանը հանձնարարական է տվել Սյունիքի մարզային տեսչությանը՝ հասարակական կազմակերպությունների հետ տեղում ուսումնասիրել առկա վիճակը եւ զեկուցել»:

Հրապարակումներից երկու ամիս անց այցելեցինք խնդրահարույց վայր եւ տեսանք, որ շինարարական աշխատանքներ են տարվել, բետոնապատվել են թափոնատարի քայքայված հատվածները:

ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը նշեց, որ իր տեսակետը մնում է անփոփոխ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ ներկայումս նա պնդում է, որ թափոնատարը կայուն վիճակում է, թափոնատարի շրջակայքում կուտակված ջրերն էլ ամենեւին թափոնատարի ջրերը չեն, այլ ստորգետնյա ջրեր եւ բացառվում է, որ սալիկապատված, հաստ պատերի ներսից ջրի արտահոսք լինի, առավելեւս, որ խնդրի հնչեղություն ստանալուց հետո լրացուցիչ աշխատանքներ են տարվել՝ հնարավոր վթարները բացառելու համար: Հիշեցնենք, որ խնդիրը հասարակական հչեղություն էր ստացել այն ժամանակ, երբ Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանը դիմել էր Սյունիքի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն՝ ՇՊԱԿ ու հայտնել, որ թափոնատարի ջրերը գյուղի միջով հոսող առվի ջրերին են խառնվել, այդ առվից է սնվում իր ջրավազանը ու սատկել են ջրավազանում պահվող 3000 իշխան տեսակի ձկները: Բնակիչը փորձաքննության էր ուղարկել ջրավազանի եւ ձորի աղբյուրի ջրերը, որից պարզվել է, որ այդ ջրում գերակշռում է ծծմբաջրածինը: Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը մի խնդրի վրա է ուշադրություն դարձնում: «Նախ տվյալ բնակիչը չուներ ջրօգտագործման թույլտվություն, այն ստանալու ժամանակ գուցե համապատասխան կառույցի եզրակացության մեջ կասվեր, որ տվյալ ջուրը պիտանի չէ ձկներ բազմացնելու համար, եւ բնակիչը այդքան վնաս չէր կրի, կամ ջրավազանի կառուցման նախագիծ կտրվեր, որպեսզի ճիշտ իրականացվեր ծրագիրը: Իսկ թափոնատարը կայուն վիճակում է եւ բացասաբար ազդեցություն միջավայրի վրա չի կարող ունենալ, առավելեւս՝ բնակչի ձկների անկման պատճառ դառնալ»,- նշում է տեսչության պետը: Նույնը վստահեցնում է նաեւ ԶՊՄԿ ընկերության բնապահպանության բաժնի պետ Մարտուն Հարությունյանը եւ հավելում, որ ընկերությունը ոչ մի մեղք չունի այս խնդրում եւ անգամ չնչին մեղքի դեպքում անպայման կփոխհատուցեր բնակչին ու հարցը հասարակական հնչեղություն չէր ստանա: «Մեր կողմից իրավիճակը հսկվում է, շուրջօրյա հերթապահություն է սահմանված թափոնատարի ամբողջ երկայնքով, որի երկարությունը մոտ 30 կմ է, որից 13 կմ-ն անցնում է Շղարշիկ բանավանի վերեւով: Այստեղ ավելի ուժեղ է իրականացվում հսկողությունը, հատուկ ուշադրություն է դարձվում թափոնատարի այն հատվածներին, որ հարակից են բնակելի տարածքներին: Մենք ամեն տարի վերականգնման աշխատանքներ ենք տանում, բետոնապատում ենք թափոնատարի այն հատվածները, որտեղ դրա կարիքը լինում է: Վթարի դեպքում մենք ունենք հատուկ աշխատողներ, որ անմիջապես արձագանքում են եւ բացառվում է, որ թափոնատարի ջուրը խառնվի գյուղի խմելու ջրին, քանի որ խմելու ջուրը խողովակներով աղբյուրից տարվում է տներ: Բացի այդ, բնակիչները պետք է այնպիսի պայմաններ ստեղծեն, որ նույնիսկ վթարի դեպքում ապահովագրված լինեն»,- նկատեց ընկերության բնապահպանության բաժնի պետը: Ըստ կոմբինատի ներկայացուցչի, նախկինում օգտագործված ջուրը խողովակաշարով էր ֆաբրիկայից հասցվում Արծվանիկի պոչատար, եւ այն ժամանակ վթարները շատ էին: Իսկ արդեն 1983 թվականից մինչեւ օրս, երբ խողովակաշարային տարբերակը փոխարինվեց բետոնե թափոնատարով՝ նման վթարներ չեն գրանցվել:

Սյունիքի բնապահպանության տարածքային բաժնի պետի խոսքերով, վիճակն իրենց կողմից էլ է վերահսկվում, ցանկացած վթար արձանագրվում է: «Տվյալ բնակչի խնդրով ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցներն են ծավալուն աշխատանքներ տարել ու պարզվել է, որ բնակչի կողմից գյուղացիներից հավաքած ստորագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Ստորագրողները նշել են, որ համագյուղացին հավաստիացրել է, որ ստորագրություն հավաքելու նպատակը թափոնատարի վերանորոգումն է, իրենք էլ ստորագրել են դատարկ թղթերի տակ, այնինչ՝ ստորագրություններից հետո կազմված տեքստում նշվել է, որ թափոնատարը բացասական հետեւանքներ է թողնում տարածաշրջանի վրա, աղտոտվում է խմելու ջուրը, օդային ավազանը, կան թունավորումներ մարդկանց եւ կենդանիների շրջանում, կենդանիներ են սատկել եւ այլն: Հարցումներ են արվել տարածաշրջանի բժշկական կենտրոնից՝ տվյալ բնակավայրից հիվանդանոցներում նման թունավորումներով հիվանդներ եղե՞լ են, թե՞ չէ: Կապանի եւ Քաջարանի կենտրոնների տրամադրած տեղեկատվության համաձայն՝ եղել են սննդային թունավորումներ՝ սնկի օգտագործումից»,- հավելում է Լեւոն Պետրոսյանը:

Տուժող կողմը՝ Վլադիմիր Մկրտչյանն էլ մնում է իր կարծիքին եւ նշում, որ ունի բոլոր փաստերը, որոնք հերքում են պատասխանատուների ասածները: Դրանցից մեկն էլ այն է, որ ծծմբաջրածնի պարունակությունը գերակշռում էր ոչ միայն ձկան նմուշներում ու ջրավազանում, այլ նաեւ ձորով հոսող առվում, որից եւ գյուղաբնակներն օգտվում են տարբեր նպատակներով: Բնակիչը նաեւ հավաստիացնում է, որ վերջերս կրկին թափոնատարի ջրերը խառնվել էին առվի ջրին եւ դա արդեն շարունակական եւ պարբերական բնույթ է կրում:

Շղարշիկի մեկ այլ բնակիչ՝ Վռամը, ասում է, որ թեեւ բոլոր պայմանները կան, որ վթարի դեպքում թափոնատարի ջրերը չխառնվեն իրենց խմելու ջրին, բայց, այնուամենայնիվ, դրանից խուսափել միշտ չէ, որ հաջողվում է: «Փոքր երեխա ունեմ, դեպքեր են եղել, որ կռացել է ձորի ջրից խմել, խիստ վտանգավոր է, ինչքան փորձում ես երեխաներին հեռու պահել եւ բացատրել, բայց երեխա է չի հասկանում, ծարավ ժամանակ խմում է էդ աղտոտված ջրից: Մի տարի առաջ էլ երինջներիցս մեկն էր թափոնատարի մեջ ընկել, նման դեպքեր գյուղում էլի են եղել, երբ թափոնատարի պատերի քայքայված լինելու հետեւանքով անասունները մտել էին մեջը, բայց հիմա, երբ էդ քանդված պատերը նորոգել են, նման դեպքեր էլ չեն եղել»,- ասում է Շղարշիկի բնակիչը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստ է իր միջոցներով խողովակաշար կառուցել եւ առվի ձորով անցնող հատվածը կամ փակել, կամ տեղափոխել, որպեսզի էլ մտահոգության ու բողոքի առիթ չլինի, սակայն բնակիչները համաձայն չեն, քանի այդ ջուրն օգտագործում են այգի ջրելու եւ այլ նպատակներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել