Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխհատուցումը դադարեցվում է անորոշ ժամանակով

Հունիս 04,2010 00:00

Նամակ, որն ուղարկվել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Դալմայի այգիների թվով 30 հողօգտագործողներս այս տարվա ապրիլի 30-ին Ձեզ ուղարկեցինք նամակ, որն արժանացավ նախորդ նմանատիպ դիմումների բախտին: Ապրիլի 30-ի նամակը վերահասցեագրվեց Երեւանի քաղաքապետարան, որտեղից սպասում ենք ավանդական (երեւի թե տասներորդ) պատասխանին՝ «ֆինանսական ճգնաժամի պատճառով փոխհատուցումը անորոշ ժամանակով դադարեցվում է»։

Հասկանալի է քաղաքապետարանի «մտահոգությունը» մտացածին ճգնաժամի վերաբերյալ, նրանք շարունակում են ոտնահարել հողօգտագործողներիս նպաստող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187, Հողային օրենսգրքի 4/4, 48/3, 52/2, 62/2, 72 եւ ՀՀ Սահմանադրության 31/2 հոդվածների դրույթները։ Զարմանալի է, թե մեր Սահմանադրական իրավունքի երաշխավոր նախագահին ուղղած դիմումները ի՞նչ տրամաբանությամբ են հայտնվում մեր իրավունքները խախտող ու Ձեր հանձնարարականի կատարումից թերացող մարմնին։

Հուսով ենք, Ձեզ կմտահոգի նաեւ քաղաքապետարանի անօրինականությունների արդյունքում մեր ապրած խորը ֆինանսատնտեսական, ինչպես նաեւ նրան ուղեկցող հույսի ու հավատքի ճգնաժամը։

Մենք համոզված ենք, որ Դուք ժամանակ կտրամադրեք ժողովրդի իրավունքները պաշտպանելու՝ անիրավ չինովնիկներից, որոնց ձեռքին արդեն 7 տարի է, ինչ տառապում ենք։

Դալմայի այգիները մշակող քաղաքացիներս, լինելով ԽՍՀՄ 18-րդ համագումարի անվան կոլտնտեսության անդամներ եւ նրանց հետնորդներ, վաստակաշատ թոշակառուներ, 1990թ.-ից բարեխղճորեն մշակում ենք մեզ տրամադրած հողամասերը եւ, ըստ Քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի՝ «Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն 10 տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ ու անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք»: Մենք վաստակել ենք մեր մշակած տարածքների սեփականացման իրավունքը, այն է՝ պաշտոնական ձեւակերպման ու սեփականության իրավունքի պետական գրանցման, ինչը չեն կատարել ու չեն ցանկանում կատարել պետական չինովնիկները՝ 7 տարի քայքայելով մեր առողջությունն ու խաթարելով մեր հավատը սեփական պետականության նկատմամբ։

Խնդրում ենք օրինականացնել մեր իրավունքները կամ մշակած հողերի դիմաց տալ փոխհատուցում՝ կադաստրային արժեքի սահմաններում, կամ էլ տրամադրել համարժեք հողամասեր Երեւանի սահմաններում մեր ու մեր ընտանիքների ֆիզիկական գոյությունը պահպանելու եւ մեր ազգային բանակի համար զինվոր մեծացնելու։

Մեծարգո պարոն նախագահ, մենք հավատալով մեզ արժանապատիվ փոխհատուցում տալու 2007թ. ապրիլի 13-ի Ձեր տված բանավոր հավաստիացումներին, 2007թ. օգոստոսի 3-ին Երեւանի քաղաքապետարանին տված Ձեր հանձնարարականին, որոնք անկատար են թողնվել քաղաքապետարանի կողմից, համոզված ենք, որ միայն Դուք կարող եք վերացնել պաշտոնյաների կողմից ստեղծած կախարդական շրջանակը ու վերականգնել մեր ոտնահարված իրավունքները, վերջ դնելով մեր նվաստացումներին։ Եթե մեր այս դիմումն էլ չզեկուցեն, մենք ստիպված ենք միջազգային ատյանների միջոցով այն հասանելի դարձնել Ձեզ։

Սպասելիքների ու հավատի բացակայության պարագայում մեզ այլ ճանապարհ չի մնում։

Հ. Գ. Համոզված եմ, որ Ձեզ չեն զեկուցում արծարծված հիմնահարցերի իրական ընթացքի մասին, այդ իսկ պատճառով հարկ ենք համարում այն Ձեր ուշադրությանը ներկայացնել թերթով՝ բաց նամակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել