Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխի շարժումները չեն ձայնագրառվում

Հունիս 04,2010 00:00

Նախորդ օրը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը՝ Տարոն Նազարյան, Կարինե Հակոբյան եւ Տիգրան Սահակյան կազմով, քննեց միաժամանակ մի քանի գործ: Դատական նիստերի 104-րդ դահլիճում հավաքվել էին վերաքննիչ բողոք բերածները: Յուրաքանչյուր գործի համար նախատեսված էր 15 րոպե ժամանակահատված: «ՎՏ Բանկի գործով» դատարան էր եկել բողոքաբերի իրավաբան ներկայացուցիչը, որը դատարանի հարցերին պատասխանում էր գլխի շարժումներով: Նախագահողը զգուշացրեց, որ դատական նիստերը ձայնագրառվում են, իսկ գլխի շարժումները չեն կարող ձայնագրառվել: Անմեղսունակ մեկը բանկից վարկ է վերցրել, իսկ բանկն էլ չի իմացել, որ նա հաշմանդամ է, որեւէ տեղ չի աշխատում: Այս գործով վերաքննիչ դատարանը անցավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտը կայացնելու:

«Էկոլոգիական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Գաբրիելյանը դեռ չէր զբաղեցրել բողոքաբերի տեղը, երբ պայուսակից հանեց սրտի կաթիլներ ու ջուր եւ խմեց: Հասարակական կողմի հակառակ կողմը սնանկության գործերով կառավարիչ Հովհաննես Եղյանն էր: Երբ նախագահողը հարցրեց, թե տեղյա՞կ են կողմերն իրենց իրավունքներին ու պարտականություններին, Գ. Գաբրիելյանը խնդրեց նորից բացատրել իրենց, քանի որ Կենտրոնի դատարանում դատավորը կամաց է ընթերցել այդ իրավունքներն ու պարտականությունները: Դատարանը հրապարակեց Քաղդատօրի համապատասխան հոդվածը: Կառավարիչը պահանջել է արգելանք դնել հասարակական կազմակերպության գույքի վրա եւ քանի որ կազմակերպության հասցեն էլ Գաբրիելյանի բնակատեղին է, այդ արգելանքը տարածվել է նաեւ նրա բնակարանի վրա: Դատարանը ստուգեց առկա փաստաթղթերը ու ավարտեց «դատաքննությունը»: Դրանից զարմացավ Գ. Գաբրիելյանը, որն ասաց, թե ուներ բացատրություններ, փաստաթղթեր: Դատարանը ստանձնելով փաստաբանական օգնություն ցույց տալու դերը, կողմին բացատրեց, որ ընդհանուր իրավասության դատարանում ներկայացված ապացույցներից բացի, դատական երկրորդ ատյանն իրավասու չէ նոր ապացույցներ հետազոտել եւ դատաքննություն իրականացնել:

Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ: Վճիռը կհրապարակվի հունիսի 10-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել