Այս տարի Սեւանա լճի մակարդակը հասել է 1899,91 սմ-ի, ինչը նախորդ տարվա համեմատ բարձր է 66 սմ-ով: Այս մասին երեկ ՀՀ կառավարության նիստում հայտնեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նրա խոսքերով. «Լճի ամբարման տեսանկյունից այս պահի դրությամբ ունենք բավականին մեծ պաշար եւ դրա կուտակման տեմպը դեռ չի դադարել, որովհետեւ այս տարի եւս բավականին ջրառատ է»:
Ըստ Ա. Անդրեասյանի, ինչպես ամեն տարի՝ ամառվա սկզբին, այս անգամ էլ օրենքով սահմանված կարգով լճում նախատեսել են ջրառ իրականացնել: Թեեւ թույլատրելի չափը մինչեւ 170 միլիոն խմ-ն է, բայց այս տարվա ջրառի համար սահմանված չափաքանակը 144,5 միլիոն խմ ջուրն է. «Անցած տարի նմանատիպ չափաքանակ էր սահմանված, փաստացի ջրառը կազմեց 124 միլիոն խմ, անցած տարի նույնպես ջրառատության եւ ջերմաստիճանի առումով բարենպաստ էր եւ ջրառը կանխատեսված չափաբաժնից էլ քիչ կազմեց, այս տեսանկյունից այս տարի էլ բացառություն չէ, հիմնական ջրամբարները, որոնք սնուցում են Արարատյան դաշտավայրը՝ բավականաչափ պաշար ունեն կուտակած եւ կարծում եմ, որ սահմանված չափաքանակը, եթե եղանակային էական փոփոխություններ չլինեն, պետք է բավարարի»: