Լրահոս
Օրվա լրահոսը

Անմարդկային շնասիրություն

Հունիս 04,2010 00:00

Ամորձատված շունը հալածվում է, նիհարում ու մազաթափ լինում

Վերջերս մայրաքաղաքի թափառող շների նկատմամբ «շնասիրական» վերաբերմունքից դրդված՝ մի խումբ մարդիկ կազմակերպել են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, որն իր իրավասությունը ձեռք է բերել ՀՀ պետական գնումների գործակալության անցկացրած մրցույթի արդյունքում:

Ընկերության աշխատակիցները թափառող շներին որսալով՝ տանում են իրենց կլինիկան, մի քանի օր կերակրում, հետազոտում, բուժում, պատվաստում, վիրահատական եղանակով ամլացնում (արուներին ամորձատում են, էգերին՝ ստերջացնում), պոչատում եւ բաց թողնում ազատության մեջ: Անբուժելի հիվանդ կամ ագրեսիվ շներին վնասազերծում են, մեղմ ասած՝ քնեցնում, խիստ ասած՝ սատկացնում: Կլինիկան իր տեխնիկական հագեցվածությամբ միակն է Հարավային Կովկասում եւ ունի 29 աշխատակից:

2006-2008 թթ. ընթացքում ՍՊԸ-ի կողմից ամլացվել է շուրջ 16 000 շուն: 2009թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում ամլացվել է 1391 շուն եւ վնասազերծվել՝ 2200-ը: Նշենք, որ մեկ շուն վնասազերծելու համար պահանջվում է 2400 դրամ, իսկ ամլացնելու համար՝ 8800-ից (արուի) մինչեւ 11 500 (էգի) դրամ:

Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչո՞ւ են թափառող կենդանիների վրա հսկայական գումարներ ծախսվում, եթե այդ գումարները կարելի է տալ հազարավոր կարիքավոր կամ բազմանդամ ընտանիքների, միայնակ ծերերի կամ տնանկների՝ որեւէ կերպ օգնելու, որեւէ բարի գործ ձեռնարկելու համար: Ինչո՞ւ են նման գումարներ կենտրոնացվում հատկապես թափառող շների, այլ ոչ թե, ասենք, թափառող կատուների, առնետների ու ագռավների վրա:

Ինչո՞ւ են ոտնահարում շների իրավունքները եւ նրանց ամորձատում, առանց նրանց կարծիքը հարցնելու: Ո՞ւր են նայում կենդանիների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները: Բացի այդ, մի՞թե ամորձատված ու ազատ արձակված շունը դադարում է թափառական լինելուց, աղբամանները ցիրուցան անելուց, մարդկանց կծելուց, իր արտաթորանքներով փողոցները, բակերն ու խաղահրապարակները աղտոտելուց, հազար ու մի վտանգավոր վարակներ տարածելուց, գիշերները իր ամորձատված վիճակի մասին ոռնալով ու ամորձատողների հասցեին հաչալով՝ մարդկանց քունը խանգարելուց:

Ուսումնասիրե՞լ են «շնասերները», թե նման խեղված ու հաշմված կենդանիները ազատության մեջ ինչպես են ընդունվում իրենց ցեղակիցների կողմից: Չէ՞ որ արուի եւ էգի սեռական օրգանները հեռացնելով, նրանք զրկվում են ոչ միայն սերունդ տալու ունակությունից, այլեւ սեռական պատկանելությունից: Սեռական օրգանների եւ գեղձերի բացակայությունը հիմնովին փոխում է կենդանու օրգանիզմի ողջ ֆիզիոլոգիան, նյարդային համակարգը, հորմոնային ֆոնը, ինչն էլ հանգեցնում է տվյալ կենդանու տեսակին ու սեռին բնորոշ հոտերի վերացմանը, հոտեր, որոնք կարեւոր դեր են կատարում կենդանիների «միջանձնային» հարաբերություններում՝ արուն արուի հետ, էգը՝ էգի, եւ հակառակ սեռերի միջեւ:

Ահա, երբ թափառող շների միջավայրում հայտնվում է ամորձատված շունը, կենդանիները առաջին հերթին ձգտում են հոտառության միջոցով ճանաչել նրա ով եւ ինչ լինելը, եւ չգտնելով շանը բնորոշ հատկանիշները, տվյալ դեպքում՝ տեսակին կամ սեռին բնորոշ բույրը, հասկանում են, որ գործ ունեն ինչ-որ տարօրինակ արարածի հետ, որը արտաքինով իրենց նման լինելով, բուրում է միանգամայն այլ կերպ: Եվ ի հայտ են գալիս բախումներն ու գզվռտոցները նորմալ ու աննորմալ շների միջեւ, որտեղ մշտապես տուժողը լինում է ամորձատվածը: Հիշենք, օրինակ, թե ինչպես է առնական, ագրեսիվ ու գեղեցիկ ցուլը ամորձատվելուց հետո վերափոխվում ենթարկվող, հնազանդ, աշխատող, հեզ եզի:

Այնպես որ, եթե տեսնեք յուրայինների կողմից հալածված, գզգզված, նիհարած, մազաթափ շուն, ապա իմացեք, որ այն «մարդասիրական գործունեության» զոհ դարձած շուն է, որին ստիպողաբար կրտել են եւ բարեհոգաբար ազատ արձակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել