Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԻՊԵԼ ԵՆ, ՈՐ ՕՐԱԿԱՆ 10-15 ՏՂԱՄԱՐԴ ՍՊԱՍԱՐԿԵՆ

Հունիս 04,2010 00:00

Հրաժարվելու դեպքում աղջիկներին ծեծել են, ստորացրել ու սպառնացել

\"\"
Թրաֆիքինգը կանխելու համար այսպիսի բուկլետներ են բաժանում Մոլդովայի բոլոր քաղաքներում եւ գյուղերում:

Մայիսի 28-ին Մոսկվա-Քիշնեւ երեկոյան չվերթով Մոլդովա վերադարձան Օքսաննան եւ Մարիան (հոդվածում անունները փոխված են): Քանի որ աղջիկները հայրենիք էին վերադառնում հյուծված, վախեցած, առանց փողի ու սթրեսային վիճակում, երկու ընկերուհիներին հենց Քիշնեւի օդանավակայանում սպասում էր հոգեբանից, բժշկից եւ իրավապահներից կազմված մի խումբ: Իրավապահները պետք է ապահովեին նրանց անվտանգությունը, որպեսզի Ռուսաստանի կավատի մոլդովյան գործընկերները աղջիկներին չվնասեին, մինչեւ որ կհայտնաբերվեին հանցագործության բոլոր կազմակերպիչները:

Մոսկվայում որպես մոդել աշխատելու խոստումներով գայթակղված երկու ընկերուհիները 3 ամիս շարունակ հարկադրաբար սեռական ծառայություններ էին մատուցել՝ մեկ ժամի համար վճարվելով $100-150: Նրանցից յուրաքանչյուրը օրական ընդունել է 10-15 տղամարդ: Աղջիկների պատմելով, իրենց հետ շատ դաժան են վարվել, ծեծել են, ստիպողաբար աշխատեցրել՝ անգամ վատառողջ ժամանակ:

Օքսաննայի եւ Մարիայի վերադարձը Մոլդովա՝ կազմակերպել էր Մոլդովայում գործող թրաֆիքինգի դեմ պայքար մղող «Լաստրադա» միջազգային կազմակերպությունը: «Առավոտի» հետ զրույցում կազմակերպության ղեկավար Ալինա Բուդիչը պատմեց, որ փաստաթղթերի բացակայության պայմաններում իրենց համար շատ դժվար է թրաֆիքինգի զոհերին օտար երկրներից տեղափոխել հայրենիք, ուստի մի շարք երկրների հետ համաձայնության են եկել, որպեսզի զոհերին «սպիտակ անձնագրեր» տրամադրեն՝ սահմաններն առանց խոչընդոտի հատելու համար: Ա. Բուդիչի խոսքերով, աղջիկներին խաբեությամբ Մոսկվա էր տարել երկար տարիներ այնտեղ բնակվող նրանց մանկության ընկերուհին. «Աղջիկներին խոստանալով բարձր վարձատրվող աշխատանք, Մոսկվա հասնելուն պես ընկերուհին նրանց ուղեկցել էր քաղաքի ծայրամասում գտնվող ինչ-որ մի բնակարան եւ անհայտացել: Կավատները Օքսաննայի եւ Մարիայի ձեռքից վերցրել էին անձնագրերը եւ աղջիկներին բացատրել իրենց «գործի» բնույթը, սպառնալով, որ եթե հրաժարվեն եւ իրավապահներին դիմեն՝ նրանց ու հարազատներին կսպանեն»:

Աղջիկները Ա. Բուդիչին նաեւ պատմել էին, որ Մոսկվայում բազմաթիվ մոլդովացի աղջիկներ կան, նույնիսկ անչափահասներ, որոնք մարմնավաճառությամբ են զբաղվում՝ ոմանք հարկադրաբար, ոմանք էլ՝ հոժարակամ:

Պարտադրանքով մարմնավաճառությամբ զբաղվողների համար շատ ավելի դժվար է կավատների ձեռքից դուրս պրծնել, քանի որ նրանց նկատմամբ շատ խիստ հսկողություն է սահմանվում, ուստի, Ա. Բուդիչի կարծիքով, փախուստի դիմած Օքսաննայի եւ Մարիայի բախտն ուղղակի բերել է. «Մի օր այնպես է ստացվել, որ կազմակերպիչները մոռացել են դռները կողպել եւ աղջիկներին հաջողվել է փախչել: Հասնելով երկաթգծի կայարան, նրանց այնտեղ օգնել է հարեւանությամբ ապրող մի ընտանիք, որն աղջիկներին մի քանի օր պատսպարել է, հնարավորություն տվել զանգել մեր «թեժ գծի» հեռախոսահամարով: Քանի որ նրանք ոչ փաստաթուղթ, ոչ էլ գումար ունեին, նրանց խնդրել ենք սպասել, մինչեւ որ կազմակերպությունը կարողացել է «սպիտակ անձնագրեր» պատրաստել ու նրանց տեղափոխել Մոլդովա»:

«Լաստրադայի» ներկայացուցչի համոզմամբ, նման պատմությունների հետեւում շատ հաճախ կանգնած են լինում տվյալ երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչները. «Այդ հանգամանքը շատ է բարդացնում մեր գործը, քանի որ մեզ համար շատ վստահելի պետք է լինեն այն մարդիկ, որոնց հետ տվյալ երկրում մենք աշխատում ենք»:

Ա. Բուդիչի խոսքերով, նախընտրելի է, որպեսզի մի որոշ ժամանակ Օքսաննան եւ Մարիան տուն չգնային եւ, բացի ծնողներից, այլ հարազատներ եւ հարեւաններ նրանց գալստյան մասին չիմանային, սակայն, ըստ տիկին Բուդիչի, դա անխուսափելի է. «Նրանցից մեկի մայրը ծանր հիվանդ է, եւ աղջիկն անհամբեր սպասում է, թե երբ է մորը տեսնելու, իսկ որ ավելի սարսափելի է, մյուս աղջկա 6-ամյա քույրն է մահացել եւ նա պետք է գնա, որպեսզի գոնե թաղմանը մասնակցի»:

Կազմակերպության ղեկավարի ներկայացմամբ, իրենք օգնում են թրաֆիքինգի զոհերին վերականգնողական կուրս անցնել, հակառակ դեպքում, հատկապես մարմնավաճառությամբ զբաղված կանայք հայրենիքում էլ են նույն գործը շարունակում. «Շատերը վերադառնալուց հետո ընտանիքի անդամների կողմից մերժված են լինում եւ տնից վտարվում են, եւ քանի որ ստիպված են լինում բնակարան վարձել, սկսում են գումար աշխատել մարմինները վաճառելով»:

Նշենք, որ միջազգային կառույցների վիճակագրության համաձայն, Մոլդովան դասվում է մարմնավաճառ արտահանող երկրների շարքին: Հիմնականում արտահանվում են Թուրքիա, Ռումինիա, Ռուսաստան եւ Հունաստան:

Քիշնեւում Եվրոպական միության պատվիրակության փորձագետ Դիրք Լորենցի համոզմամբ, ինչպես հետխորհրդային շատ երկրներում, Մոլդովայում էլ մարդկանց առեւտրի, մարմնավաճառության հիմնական պատճառները երկրի վատ սոցիալ-տնտեսական պայմաններն են՝ գործազրկությունը, աղքատությունը. մարդիկ լավ աշխատանք գտնելու հնարավոր ուղիներ են փնտրում: Բացի այդ, պարոն Լորենցը գտնում էր, որ թրաֆիքինգի աճի պատճառ են նաեւ բնակչության ոչ բավարար գիտելիքները թրաֆիքինգի եւ նրա դրսեւորման ձեւերի մասին: Փորձագետի խոսքերով, հակաթրաֆիքինգը պահանջում է միջազգային եւ տեղական համագործակցություն:

Հ. Գ. Նշենք, որ մայիսի 23-29-ը Մոլդովա մեր այցելությունը «Եվրոպական հարեւանության լրագրական ցանց» ծրագրի կազմակերպիչների նախաձեռնությամբ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել