Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց «Օլիմպ» ԱԿ-ի հայցն ընդդեմ «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի՝ գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից ետ պահանջելու մասին գործը, դատավորն էր Գ. Խանդանյանը։ Պատասխանող էին նաեւ ԴԱՀԿ-ն ու ՀՀ Պետական պահպանության ծառայությունը։ «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ ներկայացուցիչը դատարան չէր ներկայացել։ Հիշեցնենք, որ 2010 թ. մարտի 10-ին, չունենալով «Օլիմպ»-ի վերաբերյալ դատարանի որեւէ վճիռ, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ապօրինաբար ներխուժեցին «Օլիմպ»-ին պատկանող, Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութ եւ մի քանի օրվա ընթացքում «Օլիմպ»-ին իր գույքի հետ միասին վտարեցին իրեն պատկանող տարածքից։ Երեկվա դատական նիստի ժամանակ «Օլիմպ» ԱԿ-ի փաստաբաններ Հ. Ալումյանի եւ Տ. Հայրապետյանի հարցումներին ի պատասխան՝ ՊՊԾ ներկայացուցիչը հաստատեց, որ «Միլանո» խանութում պահակային ծառայությունն իրականացնում է պահպանություն՝ հիմնվելով «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի ներկայացրած գրության եւ դատարանի վճռի վրա։ «Օլիմպ» ԱԿ-ի փաստաբանը ներկայացրեց կադաստրի տրամադրած տեղեկանքը, ըստ որի՝ տվյալ անշարժ գույքը դեռեւս գրանցված է «Օլիմպ»-ի անվամբ։ ՊՊԾ ներկայացուցիչն ընդունեց, որ իրենք կադաստրից չեն ճշտել տվյալ գույքի իրական սեփականատիրոջը եւ առանց սեփականատեր «Օլիմպ»-ի համաձայնության իրականացրել են ապօրինի պահպանություն։ Պատասխանողների տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր ոք կարող է ուրիշի սեփականություն հանդիսացող գույքը պահատվության հանձնել ՊՊԾ-ին։
ԴԱՀԿ աշխատակիցները փաստաբանների հարցին, թե՝ ունեցե՞լ են դատարանի վճիռ կամ կատարողական թերթ, որով պետք է վտարեին «Օլիմպ»-ին՝ իրեն պատկանող տարածքից, ասացին, թե չգիտեին, որ տարածքը «Օլիմպ»-ի սեփականությունն է։ Տեղյակ լինելով սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու հանգամանքին, ԴԱՀԿ աշխատակիցը ակնհայտորեն մոլորության մեջ գցեց դատարանին, քանի որ այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների կողմից բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է։ Փաստաբանի հարցին, թե արդյոք «Օլիմպ»-ը կարո՞ղ է մուտք գործել եւ տնօրինել իր տարածքը, ԴԱՀԿ աշխատակիցները տվեցին դրական պատասխան։ Գ. Խանդանյանը հետաձգեց նիստը՝ նշանակելով այն հուլիսի 1-ին։