Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 3 ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունիս 04,2010 00:00

ՀՀ կառավարության նախաձեռնած Պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ժամանակակից սարքավորումներով են համալրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության 3 հաստատություններ՝ Ստանդարտների եւ Չափագիտության ազգային ինստիտուտները եւ Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը: 200-ից ավելի ցուցանմուշ փորձարկում կարող է կատարվել Ստանդարտների եւ Չափագիտության ազգային ինստիտուտների լաբորատորիաներում՝ վերազինվելով յուրահատուկ նորագույն սարքավորումներով: Փորձարկվող ցուցանմուշների ընդլայնումն օգնում է հասկանալ, թե արդյոք սննդամթերքն անվտա՞նգ է առողջության համար, թե՞ դրա օգտագործումն անթույլատրելի է: Փորձարկումների լաբորատորիայի առաջատար մասնագետ Նարինե Քարամյանի խոսքերով. «Նախկին սարքերը թույլ էին տալիս միայն թունաքիմիկատների խմբակային հետազոտություն, իսկ նոր գազահեղուկային քրոմոտոգրաֆի բարձր զգայունության շնորհիվ հիմա կարելի է ուսումնասիրել բոլոր քիմիկատներն առանձին-առանձին եւ անգամ գրանցել առկա թունավոր նյութերի աննշան պարունակությունները: Նախկինում մենք քրոմոտոգրամաները ստանալով՝ դրանք համեմատում էինք ստանդարտի հետ՝ ձեռքով ու քանոնով, իսկ հիմա համակարգիչն ինքն է մեզ տալիս թիվը»: Ըստ մասնագետի՝ կենդանական եւ բուսական գյուղմթերքներում միկրոտոքսինների հետազոտությունը կատարվում է հեղուկային քրոմոտոգրաֆի միջոցով: «Վտանգավոր այս նյութերը կարող են ախտահարել լյարդը, երիկամները, ինչպես նաեւ ազդել վերարտադրողականության, պտուղի հետագա զարգացման վրա: Այս սարքը մեծացրել է հետազոտության ճշգրտությունը, իսկ աշխատանքի տեւողությունը նվազեցրել 20%-ով»,- ասում է Քարամյանը: Ի տարբերություն նախկին հետազոտությունների, որտեղ սխալի հավանականությունը 30% էր, հեղուկային քրոմոտոգրաֆը մինչեւ 90%-ի ճշգրտության հնարավորություն է տալիս: Մեկ այլ՝ սպեկտրոմետր կոչվող սարքը թույլ է տալիս բոցային եւ թերմո եղանակներով որոշել պարենային եւ ոչ պարենային սննդամթերքներում թունավոր մետաղների՝ կապար, պղինձ, ցինկ, անագ, երկաթ, նիկել, քրոմ եւ այլն, պարունակությունն ու չափաքանակը: «Դրանք մարդու կյանքի համար վտանգավոր են՝ կուտակվում են ու հետագայում կարող են ազդել ներվային համակարգի վրա կամ խաթարել երիկամների, լյարդի աշխատանքը»,- ասաց գլխավոր մասնագետ Նունե Սահակյանը: Իսկ Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը շուրջ 2 տարի է՝ շարժական լաբորատորիայի օգնությամբ ստուգում է ՀՀ ներկրված նավթամթերքների որակն ու հայտնաբերում անթույլատրելի շեղումները: Շարժական լաբորատորիայի շնորհիվ հնարավոր է դարձել բենզինը ստուգել հենց բենզալցակայանում ու պահման կետերում՝ առանց ավելորդ ժամանակ ու ռեսուրսներ վատնելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել