Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիրտ ներկրողներին դաշտից «մաքրո՞ւմ են»

Հունիս 04,2010 00:00

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» 2008-ից գործող ՀՀ օրենքը սահմանում է բրենդիի արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները: Այլ երկրների ծագման բրենդիների սպիրտները, սպիրտահումքը, սպիրտաջրերը եւ բուրավետ ջրերը կարող են օգտագործվել բրենդիի արտադրության մեջ, պայմանով, որ պատրաստի արտադրանքում բացարձակ սպիրտի հաշվով դրանց քանակությունը չպետք է գերազանցի 40%-ը, մնացած մասը՝ 60%-ը, պետք է լինի տեղական խաղողի սպիրտ: Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո սպիրտ ներկրող շատ ընկերություններ դադարեցրին իրենց գործունեությունը կամ նվազեցրին ներկրման ծավալները:

Վերջերս կառավարությունը քննարկում էր վերանայել 60/40 հարաբերակցությունը եւ սահմանել հայկական կոնյակի սպիրտի 100% չափաքանակը: Սա պայքար է սպիրտ ներկրող ու կոնյակ արտադրող ընկերությունների դե՞մ՝ ոչ, պատասխանում է գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ պարզաբանելով. «Օրենքը նոր կատեգորիա մտցրեց, որ արտադրողները հնարավորություն ունենան նաեւ տեղական սպիրտից բացի՝ ներկրված սպիրտով կոնյակ արտադրել, եւ դա մասսայական հետաքրքրություն չունեցավ արտադրողների շրջանում»: Ասածը ավելի համոզիչ դարձնելու համար ընդգծեց. «Ոչ մի ընկերություն Հայաստան սպիրտ չի ներկրել, եթե նույնիսկ ներկրել են, ապա՝ էպիզոդիկ քանակով, 40/60 հարաբերակցությամբ բրենդի Հայաստանում չի արտադրվում ու երբեւէ չի արտադրվել: Դա արվեց սպիրտ ներկրող ընկերություններին մախինացիաներից ու կորուստներից ազատելու նպատակով: Հիմա սպիրտ ներկրող շատ քիչ ընկերություններ կան, որոնք ժամանակավոր ռեժիմով են ներմուծում՝ արտահանման նպատակով»:

«Առավոտը» զրուցեց նաեւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի հետ. «Այո՛, կառավարությունում եղան քննարկումներ, բայց դեռ վաղ է մտածել, որ նման որոշում կընդունվի, ես չեմ կարծում, որ միանգամից պետք է բերենք դնենք 100%, որ ընդհանրապես սպիրտ չներկրենք: Երբ 130 հազար տոննա խաղողի փոխարեն կունենանք 500 հազար տոննա, որ բավարարի մեզ եւ ներքին, եւ արտաքին շուկայում, նաեւ՝ երբ այլեւս խնդիր չենք ունենա կոնյակի արտադրության եւ արտահանման հետ կապված, միգուցե նման որոշումները տեղին կլինեն, դեռեւս դրա մասին խոսք լինել չի կարող»:

Գյուղատնտեսության նախարարության Ագրովերամշակման եւ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գեւորգ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքի ընդունումից հետո տասնյակ ընկերություններ դադարեցրին իրենց գործունեությունը. «Նախորդ տարի դիմեցինք Պետեկամուտների կոմիտե, որտեղից մեզ տեղեկացրին, որ 2009-ի դրությամբ 690 հազար լիտր սպիրտ է ներկրվել մի ընկերության կողմից՝ ժամանակավոր ներմուծման ռեժիմով, որ հետո արտահանի: Այլ տվյալներ չտրամադրեցին»:

Պետական եկամուտների կոմիտեից «Առավոտին» ասացին, որ առաջիկա օրերին կտրամադրեն կոնյակի սպիրտ ներկրող ընկերությունների մասին տեղեկատվություն: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը կարծում է, որ օրենքը պաշտպանում է տեղացի արտադրողներին, որովհետեւ միշտ հնարավոր է ինչ-որ երկրից ներկրել էժան սպիրտ եւ կոնյակ արտադրել. «Արդյունքում մեր գյուղացին իր խաղողի ձեռքը կրակն է ընկնում, ինչպես անցած տարի, եւ չի իմանում՝ ոնց այն իրացնի: Ես կողմ եմ. եթե կառավարությունը մի օր որոշի 60/40 հարաբերակցությունը հավասարակշռել ու դարձնել 100% տեղական սպիրտով, դա միայն կխթանի տեղական արտադրությունը, մեր գյուղացիները կունենան երաշխավորված խաղողի իրացում, եւ հայկական կոնյակի վարկանիշը կբարձրանա միջազգային շուկայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել