Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՍԻՆ «ՊՏՏԵՑՆԵԼՈՒ» ԱՎԱՆԴՈՒՅԹԻՑ ՀՐԱԺԱՐՎԵ՛Ք

Հունիս 04,2010 00:00

Հորդորեց վարչապետը կառավարության նիստում

Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը ՀՀ ոստիկանության պետի կողմից սահմանված դեպքերում եւ ժամկետին մշտական անշարժ ծառայություն կարող է իրականացնել Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի, Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկների տարածքում, Ֆրանսիայի հրապարակում, Նալբանդյան փողոցում՝ ՀՀ ոստիկանության շենքի մոտ, եւ Հանրապետության հրապարակում: «Բազմաթիվ բողոքներ ենք ստանում, այդ թվում՝ զբոսաշրջիկներից՝ Հանրապետության հրապարակում ավտոմեքենաների ազդանշանների կիրառմամբ անցկացվող միջոցառումների, մասնավորապես՝ հարսանյաց հանդեսների վերաբերյալ: Անհրաժեշտ է դիմել երեւանցիներին, որ հրաժարվեն այդ ավանդույթից»,- երեկ կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարությունը հավանության է արժանացրել Կենտրոնական բանկի ապահովագրական ռեգիստրի եւ ՀՀ ոստիկանության միջեւ տվյալների փոխանակման հայեցակարգը, որի նպատակն է ապահովել ավտոճանապարհային միջոցների օգտագործումից բխող ապահովագրության համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ տվյալների փոխանակումը նշված գերատեսչությունների միջեւ: Վարչապետը հիշեցրեց. «Այս հայեցակարգը անհրաժեշտ է, քանի որ եկող տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր ապահովագրությանը վերաբերող օրենքը: Քաղաքացիները պետք է նախօրոք իմանան, թե ինչ իրավական հարցեր են առաջանում դրանից հետո: Ճիշտ կլինի, որ բնակչության իրազեկմամբ զբաղվեն նաեւ ապահովագրական ընկերությունները»:

Կառավարության հավանությանը արժանացավ նաեւ գյուղատնտեսության նախարարության ներկայացրած «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այն, օրենսդրական նախաձեռնության կարգով, ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են «անասնաբուժություն» եւ «անասուն» հիմքով եւ դրա հոլովաձեւերով բառերը փոխարինել «կենդանաբուժություն» եւ «կենդան» հիմքով եւ դրա հոլովաձեւերի բառերով: Գործադիրը առաջարկել է միայն որոշակի փոփոխություններ անել: «Նման օրինագիծ ընդունելու առաջարկով հանդես են եկել ոլորտի մասնագետները, փորձագետները… վստահում ենք մեր գործընկերների կարծիքին ու գնահատականներին»,- ասաց վարչապետը: Գործադիրը երեկ լրացումներ ու փոփոխություններ կատարեց կառավարության 2005թ. նոյեմբերի 24-ի 2137 որոշման մեջ, ըստ որի՝ նոր խմբագրությամբ է շարադրվում տրանսպորտային միջոցներում, երկաթուղային եւ ջրային տրանսպորտում գովազդի տեղադրման կարգը: Նախագծով հնարավորություն է ընձեռվում գովազդ տեղադրել նաեւ տրանսպորտային միջոցների տանիքներին:

Կառավարությունը կշարունակի պայքարել անօրինական շինարարության դեմ: Այս համատեքստում գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է կատարել 2006-ի մայիսի 18-ին՝ «Ինքնակամ կառույցների օրինականացման տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել