«Ժառանգության» օրինագիծը դրական եզրակացության չարժանացավ
Երեկ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:
Հանձնաժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Իր ելույթում Սաֆարյանը անդրադարձավ ներկայումս ԼՂՀ-ի շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակին: «ԼՂՀ-ի եւ ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ վերջին շրջանում արվող հայտարարություններն ու միջազգային կառույցներում ընդունվող բանաձեւերը եւ զեկույցները միգուցե չլինեին, կամ մեզ այդկերպ նետված ձեռնոց չլիներ, եթե ժամանակին օրինագծի քննարկումը ոչ թե հետաձգեինք կամ հապաղեինք, այլ առնվազն ընդգրկեինք ԱԺ նստաշրջանի օրակարգում: Կարծում եմ՝ դա կանխարգելիչ նշանակություն կունենար: Եթե մենք կարող ենք հակահայկական բնույթի հայ-թուրքական արձանագրությունները ներառել ու պահել Ազգային ժողովի օրակարգում, ապա անհասկանալի է, թե ինչու ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը չենք ներառում: Դա անելը ոչ միայն պատվաբեր ու պետականաշահ է, այլեւ՝ քաղաքականապես նպատակահարմար: Մենք ակնկալում ենք դրական եզրակացություն»,- եզրափակեց Սաֆարյանը: Օրինագծի վերաբերյալ արտահայտվեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նա ընդգծեց, որ, հաշվի առնելով Եվրախորհրդարանի կողմից վերջերս ընդունված 2216 բանաձեւը, ստեղծված իրավիճակը առավել քան հարկադրում է օր առաջ ՀՀ կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը, որոնցից մեկը կարող է հանդիսանալ «Ժառանգության» ներկայացրած օրինագծի՝ ԱԺ մեծ օրակարգ ընդգրկելը: «Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը ՀՀ ու Արցախի նկատմամբ բացասական վերաբերմունքի վերջին կաթիլն է: Մեր ներկայացրած օրենքի նախագիծը ԱԺ մեծ օրակարգ ընդգրկելը կարող է Հայաստանի կողմից համարժեք պատասխան լինել: Միջազգային մի շարք պաշտոնյաների հետ մեր ունեցած հանդիպումները ցույց են տվել, որ միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ ընդունում են, որ ԼՂՀ ԱԺ վերջին ընտրությունները անցել են ազատ եւ ժողովրդավարական պայմաններում, եւ որ այդ ընտրությունները օրինակելի են տարածաշրջանի համար»: Լ. Ալավերդյանը ընդգծեց, որ իրենք չեն պնդում օրինագիծը ԱԺ առաջիկա քառօրյա ընդգրկելու կամ քվեարկելու հարցում. «Թող այդ հարցը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու եւ քվեարկելու պահը որոշվի հետագայում՝ Ազգային ժողովի մեծամասնության հետ քաղաքական բանակցությունների արդյունքում»:
Ըստ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի. «Վաղ 90-ականներին Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու նախաձեռնողների թվում էր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ թե իբրեւ արտգործնախարար, թե հետագայում իբրեւ հանրային ու քաղաքական գործիչ: Նրա այս հետեւողական դիրքորոշումը հետագայում դարձավ նաեւ կուսակցության քաղաքական գծի ու ռազմավարության անքակտելի բաղկացուցիչը, եւ այսօր էլ «Ժառանգությունը» համոզված է, որ մեծապես նպաստում է հայկական երկու պետությունների կայացմանը»: Քաղաքական մեծամասնության կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցի ոչ նպատակահարմարության վերաբերյալ բերվող պատճառաբանություններին ի պատասխան՝ Մարտիրոսյանը հավելեց. «Հայաստանի իշխանությունները ե՛ւ 1992 թվականին, ե՛ւ 1994 թվականին, ե՛ւ հետագայում նպատակահարմար չգտան Արցախի անկախության ճանաչումը»: Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ընդդիմությունն այս քայլով հնարավորություն է տալիս քաղաքական մեծամասնությանը վերանայել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը:
Օրինագծի քննարկումը հետաձգելու հնարավորության վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հարցին հիմնական զեկուցող Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ «Ժառանգությունը» չի եղել դրա հետաձգումների կողմնակից եւ այժմ էլ չէ: Նա տեղեկացրեց, որ նախկին հետաձգումների առաջարկները մեկ նպատակ են ունեցել՝ ժամանակի ընթացքում հասնել առնվազն հարցը նստաշրջանի օրակարգում ներառելու շուրջ քաղաքական համաձայնությունների ձեռք բերման, ինչը, ցավոք, չի ստացվել մինչեւ օրս: Քաղաքական կոալիցիայի անունից ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանն էլ հայտարարեց, որ այս պահին նպատակահարմար չեն համարում ոչ միայն օրինագծի ընդունումը, այլեւ դրա ներառումը մեծ օրակարգում:
Քվեարկության արդյունքում 2 կողմ («Ժառանգություն»-ից՝ Ստյոպա Սաֆարյանը եւ ՀՅԴ-ից՝ Վահան Հովհաննիսյանը), 5 դեմ (ՀՀԿ-ից՝ Վազգեն Կարախանյանը, Համլետ Հարությունյանը եւ Շիրակ Թորոսյանը, ԲՀԿ-ից՝ Էռնեստ Սողոմոնյանը, անկախ պատգամավոր Լեւոն Խաչատրյանը) եւ 1 ձեռնպահ (ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը) ձայների հարաբերակցությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն չտրվեց:
Հունիսի 4-ին «Ժառանգություն» խմբակցությունն իր հերթական նիստում կքննարկի օրինագծի քննարկումն արտահերթ ճանաչելու հարցը: Որոշում ընդունելու դեպքում՝ այն կներկայացվի Ազգային ժողովի նախագահին աշնանային նստաշրջանի քառօրյա նիստերից մեկի ընթացքում, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, արտահերթ ընթացակարգով քննարկման դնելու համար: