ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կքննարկվեն «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրինագծերը:
Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր կքննարկվեն կառավարության ներկայացրած «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրինագծերը: Այսօր քննարկվելիք տարբերակներում կառավարությունը որոշակի փոփոխություններ է կատարել, սակայն, ըստ մեր զրուցակից պատգամավորների, այդ փոփոխությունները բավարար չեն օրինագծերում առկա վտանգները չեզոքացնելու համար: Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի՝ այն, ինչ կար նախապես, եւ այն, ինչ այժմ կառավարությունը ներկայացրել է որպես լրամշակված տարբերակ, բավականաչափ տարբեր են իրարից, բայց եւ հիմնական ասելիքում դեռ կան հարցադրումներ. «Կարծում եմ՝ եթե հանձնաժողովում քննարկումներից հետո հանձնաժողովը այդ օրինագծերին տա դրական եզրակացություն, ապա նաեւ ԱԺ լիագումար նիստի քննարկումների ժամանակ եւ օրենքի ընդունման ամբողջ ընթացակարգի ընթացքում պետք է, ըստ էության, ընտրենք գաղափարը, իսկ գաղափարը, կարծում եմ, բոլորի կողմից ընդունելի եւ ընկալելի է՝ օտար լեզուների իմացությունն այլընտրանք չունի, բայց օտար լեզուների իմացությանը մենք ուրիշ ճանապարհով պիտի հասնենք: Այժմ խոսքը ճանապարհի ընտրության մասին է եւ մեխանիզմների ընտրության հարցն է: Այս առումով, իհարկե, եթե Հայաստանի Հանրապետությունում բացվում է օտարալեզու դպրոցների մուտքը, ապա հսկայական հարցադրումները, որոնք տեղ են գտել ԶԼՄ-ներում, իհարկե, տեղին են, եւ միանշանակ այդ մտավախությունները փոխանցվում են յուրաքանչյուրին:
Կարծում եմ՝ կառավարության կողմից ներկայացված նոր տարբերակում արդեն իսկ կան բավականաչափ սահմանափակումներ՝ եւ «Լեզվի մասին» օրենքի շարադրանքն է փոխվել, եւ «Հանրակրթության մասին» օրենքի, փոխվել է շեմի հարցը, ուսումնական սահմանափակ թվով հաստատությունների հարցը, նաեւ՝ որոշակի սահմանափակումներ կան Երեւանի եւ մարզերի համար: Սակայն, այս ամենով հանդերձ, միաժամանակ պահպանվում են որոշակի հարցադրումներ, մասնավորապես՝ թե ինչի՞ց ելնելով են սահմանվել թվային ցուցանիշները, սահմանաչափերը, եւ արդյոք բոլոր այն մտահոգությունները, որ տեղ են գտել անվանի եւ ճանաչված լեզվաբանների եւ գործիչների կողմից, կարողանո՞ւմ ենք փարատել նրանց անհանգստությունը, մտավախությունները, եւ արդյոք զե՞րծ ենք մնալու բոլոր այն վտանգներից, որոնք հնչեցնում են այս օրինագծերին դեմ արտահայտվողները»:
Արտակ Դավթյանը հույս հայտնեց, որ առկա բոլոր հարցերի պատասխանները օրինագիծը ներկայացնող կառավարության ներկայացուցիչը պետք է անպայման ունենա. «Կարծում եմ՝ կառավարության ներկայացուցիչը կկարողանա հստակ պատասխաններ տալ առկա հարցերին, որպեսզի հանձնաժողովի անդամները ճիշտ կողմնորոշվեն քվեարկելու պահին»:
Հանձնաժողովի նիստում այսօր կքննարկվեն առկա բոլոր հարցերը, սակայն, կարծես, հրավիրված են ոչ բոլոր շահագրգիռ կողմերը: Պատճառը տեղի սղությունն է, քանի որ ԱԺ մեծ դահլիճում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Ի դեպ, չի բացառվում, որ օրինագիծը չի մտնի երկուշաբթի սկսվող ԱԺ քառօրյայի օրակարգ: Իսկ եթե դա տեղի ունենա, ապա հարցը կհետաձգվի մինչեւ աշուն կամ ավելի ուշ: Հայտնի է, որ բազմաթիվ օրինագծեր կան, որ գտնվելով ԱԺ մեծ օրակարգում՝ տարիներ շարունակ չեն քննարկվում: Սակայն, մյուս կողմից, եթե կառավարությունը իր համար «կենաց-մահու» հարց է դարձրել այս օրինագծերի ընդունումը, ապա պատգամավորները ստիպված են լինելու դրական եզրակացություն տալ եւ քննարկել: Թե ինչու են «ստիպված» լինելու, կարծեմ չարժե քննարկել, քանի որ առանց ասելու էլ պարզ է:
Մեր զրուցակիցը չբացառեց, որ այս օրինագծերը եւս կարող են տեղ գտնել հետաձգվող օրինագծերի շարքում. «Մինչեւ չփարատվեն բոլոր հարցադրումները, կասկածները եւ անհանգստությունները: Առավել եւս, որ հասարակական կարծիքը այս հարցի շուրջ եռում է: Կարծում եմ՝ ավելորդ շտապողականությունն այս հարցում տեղին չէ»:
Համացանցում շարունակ հարցումներ են արվում, թե ով է այս օրինագծի նախաձեռնության հեղինակը, ով է շահագրգիռ, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացվեն: Հավանական հեղինակների մեջ նշվում է երեք անուն՝ Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Արմեն Աշոտյան, եւ երկու հավանական կողմ՝ ՌԴ-ն կամ «դրսի ուժերը»: Արտակ Դավթյանին հարցրինք, թե իր կարծիքով՝ ո՞վ է շահագրգիռ այս փոփոխությունների իրականացման հարցում: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ԿԳ նախարարն արդեն իսկ այդ հարցին պատասխանել է. «Անկախ նրանից, թե ինչ տեսակետներ են հնչում իմ գործընկերոջ հասցեին, ես անձնավորված մոտեցումները չեմ ընդունում: Նա հայտնել է կարծիք, տեսակետ՝ իր սահմանադրական իրավունքը օգտագործելով: Կարող ենք նախագծի շուրջ խոսել, բայց՝ չանձնավորել, եւ պետք է նաեւ հարգալից վերաբերվել մի մարդու, որը, չնայած այդքան հակադրություններին, հակասություններին, չի խուսափում պատասխանատվությունից եւ ներկայացնում է, որ՝ այո, ինքն է այդ օրենսդրական նախաձեռնության հեղինակը: Իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ այս ամենը կարող է լինել նախագահական նստավայրից, ես կարծում եմ՝ բազմիցս հարցազրույցներում եւ հանդիպումներում փարատել եմ նման տեսակետները, որովհետեւ մենք մի թիմի կազմում ենք գործում, եւ թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ նման օրենսդրական փաթեթներ պարտադրվում են: Նաեւ մեր այսօրվա խոսակցությունն էլ լավագույն ապացույցն է այն բանի, ինչ ես հիմա ասացի»: