Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-ը «գեղեցկության մրցույթի» ժյուրի է

Հունիս 04,2010 00:00

Այսպես է ստացվում կառավարության այն հիմնավորումներից, որով նրանք փորձել են արդարացնել նախապես տրված խոստումը չկատարելը:

Էկոնոմիկայի նախարարությունը երեկ ներկայացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ ստացված առաջարկների մասին հեռուստառադիոթվայնացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի մոտեցումները: Եվ պարզվեց, որ դարձյալ անտեսվել է «Ա1+»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը, թե արտոնագրի տրամադրման մերժումը պետք է պատշաճ կերպով հիմնավորված լինի: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում մայիսի 24-ին այս օրինագծի քննարկման ժամանակ երբ հետաքրքրվել էինք, թե ինչու են նախագծից հանել գործող օրենքի այն դրույթները, ըստ որոնց՝ ՀՌԱՀ-ը պարտավոր է հիմնավորել արտոնագրատիրոջն ընտրելու եւ արտոնագիր տալը մերժելու իր որոշումները՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը տեղի ունեցածը բացատրել էր այն հանգամանքով, որ նոր խմբագրության նախագծում միացվել են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «ՀՌԱՀ կանոնակարգ» օրենքները, եւ մի շարք հոդվածներ էապես փոփոխվել են: «Բայց կարելի է վերականգնել,- համաձայնել էր պրն Ամալյանը:- Որեւէ խնդիր չկա»:

Չանցավ եւ 10 օր, ու նախագծի հեղինակները պարզեցին, թե այնուամենայնիվ՝ խնդիր կա, եւ այն էլ ինչպիսի՜: Հիմնավորումը, որը ներկայացված է ԵԱՀԿ փորձագիտական խմբի առաջարկին ի պատասխան՝ «Վերստին նախատեսել այն դրույթը, որի համաձայն Ազգային հանձնաժողովը պարտավոր է պատշաճորեն հիմնավորել հեռարձակման լիցենզիա տրամադրելը մերժելու մասին իր որոշումը», այնպիսի արվեստի գործ է, որն արժե մեջբերել հնարավորինս ամբողջական: Արվեստը զոհեր է պահանջում, եւ տեղի պատճառով հնարավոր չի լինի ներկայացնել քննարկման մանրամասները եւ արված այլ փոփոխությունները՝ դա կանենք վաղվա համարում: Եվ այսպես, օրենքի հեղինակները նշել են, թե ՀՌԱՀ «ամեն անդամի որոշում չի կարող լինել մաթեմատիկական հաշվարկի առարկա կամ հիմնավորման ենթակա երեւույթ: Այդ է պատճառը, որ լիցենզառուի ընտրության, այսինքն՝ մրցույթում հաղթող ճանաչելու ընթացակարգը շատ երկրներում համանման է եւ հաճախ անվանվում է «գեղեցկության մրցույթ» (beauty contest): Նման մեթոդ կիրառվում է թվային հեռարձակման համակարգին անցած գրեթե բոլոր պետություններում (Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Սլովենիա, Իտալիա եւ այլն): Հետեւաբար, ինչպես գեղեցկության մրցույթներում հնարավոր չէ հստակ հիմնավորել հաղթողի ընտրությունը, այնպես էլ հեռարձակման լիցենզիաների դեպքում դա պարզապես անհնար է: Ներկայումս գործող օրենքը, հիմնականում պահպանելով «գեղեցկության մրցույթի» կանոնները եւ հնարավորություն տալով ՀՌԱՀ-ին որոշումներ կայացնել վարկանիշային քվեարկությամբ, այսինքն՝ յուրաքանչյուր անդամի հայեցողական կամքի հիման վրա, միեւնույն ժամանակ պահանջում էր հիմնավորել անհնարը, այն է՝ անկախ կոլեգիալ մարմնի յուրաքանչյուր անդամի ազատ գնահատականի արդյունքում ձեւավորված որոշումը, ինչը պարադոքսալ պահանջ է եւ այդ պատճառով նախագծով հանված է օրենքից: Այս դիրքորոշումը եւ մոտեցումը վերցված է վերը նշված առաջադեմ երկրների փորձից»: Ահա այսպես՝ ԵԱՀԿ փորձագիտական խմբի համար մեր կառավարությունը «լիկբեզ» է արել եւ նրանց բացատրել միջազգային փորձը:

Քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այլ սրտառուչ մանրամասներ էլ հավելեց, թե ինչու չեն ուզում, որ ՀՌԱՀ անդամները հիմնավորեն իրենց որոշումները. «Մենք հանձնաժողովի անդամին դնում ենք շատ վատ իրավիճակում, երբ իրեն ասում ենք՝ բացատրի»: Ըստ նրա՝ դրանով պաշտպանվում է անաչառ քվեարկությունը. «Եթե մի հատ էլ պիտի բացատրություն տա, թե ինչի է այդ որոշումը կայացրել, ապա խորհրդի անդամի անձնական integrity-ն խախտվում է»: Իսկ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ավետիս Բերբերյանն անգամ Եվրատեսիլի քվեարկությունը վկայակոչեց. «Նույն ձեւով լինելու է այստեղ»:

Քանի որ դժվար էր հավատալ, թե ՀՀ կառավարությունը նման հիմնավորումներով գիտակցաբար գնում է դեպի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր վճիռներ՝ դարձյալ ճշտեցինք, թե հաստա՞տ օրենքն այս մասով թողնում են նույն վիճակում, որի պատճառով արդեն մի անգամ պարտվել են: ՀՌԱՀ նախագահն ի պատասխան մեզ կոչ արեց զերծ մնալ վճռի մեկնաբանություններից: Սակայն քիչ անց Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն ուղղակի ընթերցեց հատված ՄԻԵԴ համապատասխան վճռից եւ մեջբերեց ԵԽ նախարարների կոմիտեի պահանջը՝ արտոնագրի տրամադրման մերժումը պետք է պատշաճ կերպով հիմնավորված լինի: Հույսը վերջինն է մեռնում, թե այս հիշեցումներն ի վերջո կունենան ազդեցություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել