Երեկ այդպես վստահեցրին ՀՀԿ ղեկավարները օտարալեզու դպրոցների վերաբացմանը դեմ հանդես եկողների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամներին երեկ ընդունեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Առաջին հանդիպումը Գալուստ Սահակյանի հետ էր, որը կարեւորեց, որ չընդունվի այնպիսի օրենք, որը կարող է վնասել հայ ազգային դպրոցներին ու հանրակրթությանը: Սակայն կառավարության նախաձեռնության հակառակորդներին նաեւ կշտամբեց. «Ճիշտ կլինի՝ լավ աշխատենք, քան մեկը մյուսին ազգի դավաճան, պետությունը ծախող հորջորջենք: Նման խնդիրներով չենք կարող առաջ գնալ, այլ կոնկրետ փաստարկներով, կոնկրետ վերլուծություններով»: Իհարկե, նախաձեռնող խմբի անդամներն այս հանդիպման ընթացքում էլ ներկայացրին իրենց փաստարկները: Սակայն առաջ անցնելով՝ արձանագրենք, որ պարզվեց, թե ՀՀԿ ներկայացուցիչների մտահոգությունները քիչ են պակաս կառավարության նախաձեռնության արմատական ընդդիմախոսների դիրքորոշումներից: Վերջիններս համոզված են, թե օրենքն ընդհանրապե՛ս պետք չէ փոխել, իսկ ՀՀԿ գործիչները թույլատրելի են համարում օտարալեզու ուսուցում կազմակերպել միայն ավագ դպրոցներում: Թեեւ ՀՀԿ խմբակցության ղեկավարի համար մտորելու նյութ էր. «Ես մտածում եմ՝ ավագ դպրոցում եթե թողնելու լինենք՝ բոլորի՞ն ենք թողնելու, թե՞ մի մասին ենք թողնելու»:
Պետք է բացառությունն էլ նշել. Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ընթացքում ներկա էր նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, որի՝ հօգուտ նախագծի փաստարկը հետեւյալն էր. «Խնդիրը ո՞րն է՝ ստեղծել մի համակարգ՝ ոչ պետական, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան սովորել օտար լեզվով տարբեր առարկաներ: Մասնավոր դպրոցներում, որոնք այսօր էլ գոյություն ունեն արտասահմանում՝ այստեղից ահագին մարդ գնում է, մեծ գումարներ ծախսում: Այդ գումարները կծախսվեն այստեղ»: Ի դեպ, այս փաստարկը, թե այսպիսով ներդրումների հնարավորություն կստեղծվի՝ սոցիոլոգ Իզաբելլա Սարգսյանը հիշատակեց ԱԺ նախագահի հետ հանդիպման ընթացքում: «Ներդրում անող կա՝ դրա համար մեր լեզվի ուսուցումն ուզում ենք փչացնե՞լ: Նման բան ոչ ոք չի կարող ասել,- չհամաձայնեց Հովիկ Աբրահամյանը ու նախաձեռնող խմբի անդամների ճշտմանը, թե իրենք քիչ առաջ լսել են նման տեսակետ՝ այսպես արձագանքեց:- Կարող է մեկը խոսի այդպիսի բան, բայց դա չի նշանակում, թե բոլորի կարծիքն այդ է»: Նախաձեռնող խմբի անդամների փաստարկին, թե լրամշակված տարբերակով նախատեսված սահմանափակումը սողանցք է ստեղծում, որը չի բացառվում, թե հետո կարող է մեծացվել՝ 1 տոկոսը դառնա 5 տոկոս, 10 եւ գուցե 50 տոկոս՝ ԱԺ նախագահն այսպես արձագանքեց. «Դա Հայաստանի կործանում կլինի»: Թեեւ նաեւ նշեց. «Ես իրոք չեմ պատկերացնում, որ գոնե ինչքան մեր կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, իշխանության մեջ կլինի, թե կարող է մի անգամ նորից հարց բարձրացվի եւ քննարկվի այդ թվաքանակն ավելացնելու կամ այլ տարբերակներ»:
Հովիկ Աբրահամյանը հայտնեց, թե պիտի հանդիպի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին. «Դրա համար ուզեցա նաեւ ձեր կարծիքները լսել, որ որոշում կայացնելու ժամանակ մենք հաշվի առնենք»: Մեր հարցին, թե այսինքն՝ քաղաքական որոշում կայացված չէ՞, որ կառավարության ներկայացրած լրամշակված տարբերակն արդեն ընդունվելու է՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Ո՛չ: Կառավարության բերած նախագծերը, տեղյակ եք, որ շատ են փոխվում: Այդպես չէ, թե իրենք բերեցին՝ մենք էլ որպես օրենսդիր մարմին, դակիչ ենք: Ես ինչ եկել եմ՝ չեմ թողել, որ այդպես լինի: Ոչ էլ գլուխ եմ գովում՝ դա մեր խմբակցության աշխատանքի արդյունքն է»:
Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է կառավարության ներկայացրած այս օրենսդրական փաթեթը: Նախաձեռնող խմբի անդամները հետաքրքրվեցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ եթե մերժվի ՀՀԿ առաջարկը, օրինագիծը չներառվի ԱԺ օրակարգում: Հիշեցնենք, որ միայն ավագ դպրոցներում նման ուսուցում կազմակերպելու պահանջը պնդում է նաեւ ԲՀԿ-ն՝ խոստանալով, որ հակառակ դեպքում դեմ կքվեարկեն: «Օրակարգ մտնելն ի՞նչ կարեւոր է,- առարկեց Հովիկ Աբրահամյանը:- Դեմ կքվեարկենք՝ կգնա, ինչի՞ մասին է խոսքը»: Նաեւ խոստացավ. «Ես մինչեւ վերջ պայքարելու եմ դրա համար, չեմ թողնելու, որ ընդունվի՝ իմ հնարավորությունների չափով: Իհարկե, ես մի ձայն ունեմ՝ քվեարկելու կողմ կամ դեմ, բայց ես նաեւ իմ հեղինակությունը եւ ամեն ինչն օգտագործելու եմ, որ կառավարությունն ընդունի այդ առաջարկը»: ԱԺ նախագահը հայտնեց. «Դա ինձնից, մեր թիմից պահանջելու է մեծ ջանքեր: Վարչապետը, Արմեն Աշոտյանը չնայած երկուսն էլ մեր թիմից են, բայց նրանց տեսակետն այլ է՝ ամբողջ կառավարության»:
Խնդրեցինք նախարարի հետ հանդիպման ժամանակ պարզել այն հարցը, թե «Հանրակրթության մասին» գործող օրենքը, որով հնարավորություն է ընձեռվում 50-70%-ը տրամադրել միջազգային ծրագրերին՝ արդյոք բավարա՞ր չէ լուծելու այն խնդիրները, որոնք ցանկանում են լուծել կառավարության նախաձեռնությամբ: «Եթե մենք մեր ուզածը կարողանում ենք անել առանց փոփոխությունների, ինչ որ անելու ենք՝ կարող ենք անել առանց փոփոխությունների՝ փորձենք այդպես գնալ»,- արձագանքեց ԱԺ նախագահը: Սակայն հանդիպմանը ներկա մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը դարձյալ պնդեց, որ այդ հնարավորությունը սահմանափակում է «Լեզվի մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ «ՀՀ տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է»: Եվ հավելեց, թե անգլերենի խորացված ուսուցմամբ այն դպրոցները, որոնք մինչ այժմ բարձր դասարաններում 4 առարկա դասավանդել են անգլերեն՝ խախտել են օրենքը: Բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Զաքարյանն արձանագրեց՝ ուրեմն, 20 տարի օրենքը խախտվել է:
Իսկ ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաքապետոյանն ԱԺ նախագահին առաջարկեց ԿԳ նախարարին դեմ առ դեմ տալ նաեւ հետեւյալ հարցը. «Ի՞նչ է անում նախարարությունը դպրոցներում իրականացված դիտարկման այդ տխուր արդյունքները վերացնելու համար: Սա խայտառա՛կ փաստ է՝ հայերենի առումով հնարավոր 10 միավորից 3,9 են հավաքել: Գուցե սա՞ է առաջին հարցը եւ ոչ թե օտարալեզու դպրոցները»:
Հ. Գ. Ի դեպ, այս օրինագծի հակառակորդներն այսօր առավոտյան ԱԺ մուտքի առջեւ բողոքի ցույց են անցկացնելու: