ՆԺԿ նախագահի համոզմամբ՝ «օղակը Հայաստանի շուրջ սեղմվում է»
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 7-ին կժամանեն Ստամբուլ՝ մասնակցելու Ասիայում համագործակցության եւ վստահության ամրապնդման համաժողովին, ու կքննարկեն նաեւ երկու երկրների էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր: Իսկ Թուրքիայի ղեկավարության հետ ՌԴ վարչապետը, երկկողմ հարաբերություններից զատ, կքննարկի տարածաշրջանային խնդիրներ՝ հատկապես Իրանի միջուկային ծրագրին առնչվող։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն իր ասիական շրջագայության շրջանակում այցելելու է նաեւ Ադրբեջան՝ ԱՄՆ-ի՝ Աֆղանստան ուղարկվող բեռների մատակարարման ուղիներին առնչվող հարցեր կարգավորելու: Թուրք-իսրայելական լարված հարաբերությունների այս փուլում նման բարձրաստիճան այցելությունները, քննարկումները որքանո՞վ կշոշափեն հայկական հարցն ու հայաստանյան խնդիրները՝ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հիշեցնում է, որ դեռ ամիսներ առաջ «Առավոտի» էջերում ինքը քննարկել է այս երեւացող աշխարհաքաղաքական հարցերը եւ Հայաստանի իշխանություններին խելամտության, լրջության կոչեր արել: Այս ամենում նա ոչ պակաս է կարեւորում Թուրքիայի սեփական խաղը՝ նեոօսմանիզմը՝ Օսմանյան նոր կայսրության ստեղծումը: Ու այս համատեքստում հայ-թուրքական արձանագրությունների տապալումը Հայաստանի համար բնութագրում է՝ «աղետ, որից պրծանք, կամաց-կամաց հետ քաշվեցինք եւ չդարձանք նեոօսմանիզմի մեջ ընդգրկված մաս»: Մեր զրուցակցի կանխատեսումներով՝ Իրաքից 150 հազարանոց զորամիավորման՝ Աֆղանստան տարհանումից հետո, ինչը Գեյթսի ասիական շրջագայության արդյունքն է լինելու, Իրաքը երեք մասի կբաժանվի, եւ եթե Իրանի հյուսիսային հատվածում չհայտարարվի քրդական պետություն, ամեն դեպքում քրդական ֆակտորը բավականին անկախ կլինի: Նա նաեւ խորհուրդ է տալիս չթերագնահատել հրեական լոբբիի դերը աշխարհաքաղաքական գործընթացներում: Այս իրավիճակում Արամ Կարապետյանը մեր իշխանություններին կոչ է անում «չաքլորանալ»: «Որեւէ մեկի կողմը բռնելու խնդիր չունենք. թուրքերի հետ որեւէ աշխարհաքաղաքական ճանապարհ չունենք անցնելու, քանի դեռ մեր հարցերը լուծված չեն: Իսրայելի հետ բարեկամ երկրներ ենք, բայց ոչ ավելին. մեր 700 հազար սփյուռքը չենք կարող հարվածի տակ դնել: Պրովոկացիաների չպետք է տրվենք»,- ասում է ՆԺԿ ղեկավարը:
Ըստ մեր զրուցակցի, տարածաշրջանում գնալով բարձրանում է Ադրբեջանի դերը, իսկ Հայաստանինը՝ նվազում: Նա նաեւ ահազանգում է. «Եթե Իրանի նկատմամբ որոշվի պատժամիջոցներ կիրառել՝ հայաստանյան իշխանավորներն իրենց հաշիվ տալի՞ս են, որ մեր երկիրն էլ է ստիպված լինելու միանալ, քանի որ ՄԱԿ-ի անդամ է»: Ի դեպ, այդ մասին օրերս ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն էլ է խոսել. «Պատժամիջոցները լինելու են ՄԱԿ-ինը, իսկ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է»,- ասել է տիկին դեսպանը: Նման զարգացումները վտանգավոր որակելով՝ Արամ Կարապետյանը չի պատկերացնում, թե այդ դեպքում ի՞նչ կլինի մեր սահմանի վիճակը, քանի որ Վրաստանն էլ անկայուն իրավիճակում է. «Մենք չորս կողմից փակված վիճակի մեջ կարող ենք հայտնվել, ու մեզ մնում է մի բան՝ ամբողջ աշխարհն ասելու է՝ դե, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները բացեք: Գնալով օղակը սեղմվում է մեր շուրջ, երկրի դերն էլ իջնում է: Այնպիսի անխելք, անգլուխ քաղաքականություն ենք տանում, որ Ռուսաստանն էլ բան չի հասկանում: Գնդակի նման էստեղ-էնտեղ ենք գլորվում»: Արամ Կարապետյանը մի բան է ուզում հասկանալ. «Սերժ Սարգսյանը գնաց Եվրոպա, հանդիպեց այդ թվում նաեւ Բարոզայի հետ: Մայիսի 31-ին Բարոզան եկավ Մեդվեդեւի մոտ: Հետո, պաշտոնական հաղորդագրության համաձայն, Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին տեղյակ պահեց, թե ինչ են խոսել Բարոզայի հետ»: Այս ամենը դիվանագիտական լեզվով թարգմանելով՝ ստացվում է՝ «Սերժ Սարգսյան, գնացիր Բարոզային բան ասեցիր, ինքն էլ եկավ մեզ հարցրեց՝ անե՞նք, թե՞ չէ»:
Պարոնայք կոալիցիոններ եւ հատկապես հանրապետականներ, Արամ Կարապետյանը չի մոռացել չորս-հինգ ամիս առաջ ունեցած ձեր բոցաշունչ ելույթները սահմանը բացելու մասին, հակառակ տեսակետն արտահայտողներին ծաղրելը, հեգնելը, «օրթախություն» սկսելը, Արաքսի ափերին վետերոկներ սարքել, անգամ դրանց տեղերը որոշելը, Ղարաբաղի մասին հայտարարությունները. «Ո՞ւր են հիմա հանրապետականների ջահել եւ ահել տղաները, ինչո՞ւ չեն խոսում. թող գնան Գեյթսի հետ հանդիպեն, Լուկաշենկոյին համոզեն, Մեդվեդեւին, Պուտինին ասեն, որ այսպիսին ենք: Նժդեհի դրոշը թող առնեն եւ էդ բոլոր հարցերը լուծեն: Հազիվ 18-20 տարեկան աղջիկներին են բռնում տանում: Նալբանդյանն ասում էր՝ Էրդողանն ու Դավութօղլուն ո՞վ են, որ մեզ բան ասեն. դե, թող գնա ինքն էլ նրանց թշերը քաշի»: