ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ օտարալեզու դպրոցների դեմ հանդես եկողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց. «Ես դեմ եմ լինելու, որ տարրական դասարաններից նման ուսուցում լինի: Լավագույնը, եթե մենք համաձայնենք, սա պիտի լինի միայն ավագ դպրոցում»: Եվս մեկ անգամ ընդգծեց. «Ես հակված եմ, որ մենք պնդենք ավագ դպրոցների մասով: Հիմա որ բերել են՝ 15 տարեկան, չգիտեմ, այս-այն… այդ բաները չեմ ընդունելու: Սա որպես ԱԺ նախագահ եմ ասում եւ կուսակցության երկրորդ դեմք: Եվ համոզված եմ հաստատ, որ ՀՀ նախագահն էլ է պաշտպանելու մեր տեսակետը, ինքն էլ է իմ կարծիքին: Հիմա Աշոտյանը մեր թիմի, մեր ներկայացրած նախարարն է, եւ իր տեսակետը հարգում եմ: Բայց իր տեսակետը մեզ համար այդպես չէ, էլի, որ պարտադիր է իրականացնելու համար»: Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ հանդիպելու է ԿԳ նախարարին. «Իմ տեսակետն ասելու եմ: Եթե համաձայնեն՝ կքննարկենք: Եթե չեն համաձայնի՝ մենք դեմ ենք լինելու»: Մեր տեղեկություններով՝ Արմեն Աշոտյանը գոնե երեկ չի համաձայնել ավագ դպրոցների վերաբերյալ առաջարկին: