Սովորո՞ւյթ, թե՞ կապվածություն
Այսօր մեր շրջապատում կան շատ երիտասարդներ, ովքեր քնում են իրենց սիրելի խաղալիքների, շնիկների եւ այլնի հետ: Առաջին հայացքից թվում է, թե դրանք մանկությունից մնացած սովորույթներ են, բայց արի ու տես, որ շատ մարդիկ այդ սովորույթը ձեռք են բերել բավականին հասուն տարիքում:
Օրինակ, Մանեն 21 տարեկան է, բայց դեռ չի հրաժարվել մանկական սովորույթներից: Երբ հարցրի, թե ո՞ւմ հետ է քնում, նա անմիջապես պատասխանեց՝ «Պեպեիս հետ»: Պեպեն Մանեի շունիկն է: «Մինչեւ շունիկիս հայտնվելը, անկողնուս մեջ չորսով էինք քնում՝ ես եւ իմ երեք արջուկները: Ու նրանց միշտ խղճում էի, որովհետեւ գիշերվա ընթացքում հայտնվում էին տարբեր տեղերում: Այժմ, երբ Պեպես կա, փափուկ խաղալիքներս հավաքել եմ, քանի որ շունիկս «լեզու չի գտնում» նրանց հետ: Երբ շանս կողքին չեմ լինում՝ նվնվում է, անգամ գիշերը, երբ հանկարծ ինքն արթնանում է, իսկ ես քնած եմ»,- պատմում է Մանեն:
Արդեն մեկ տարի է, ինչ Արեւիկն իր անկողինը «կիսում» է իր արջուկի հետ: «Իմ 20- ամյակին նվեր եմ ստացել մի արջուկ, որին անվանել եմ «Բուռչո»: Մինչեւ «Բուռչոյիս» չեմ գրկում՝ քունս չի տանում, իսկ երբ քաղաքից դուրս եմ գնում, նրան անպայման ինձ հետ եմ վերցնում: Այս տարի իմ «Բուռչոն» ծննդյանս օրը դարձավ մեկ տարեկան»,- պատմեց Արեւիկը եւ ավելացրեց, որ «Բուռչոյի» համար նույնիսկ փոքրիկ տորթ էր գնել՝ վրան մեկ մոմ դրել:
Ի տարբերություն այն երիտասարդների, ովքեր մինչ այժմ քնում են իրենց խաղալիքների, տիկնիկների եւ շունիկների հետ, 20-ամյա Անին քնում է իր կանաչ գույնի «կասինկայով», ինչը պահպանվել է մանկուց: Նշեմ, որ երբ տեսա Անիի գլխաշորը, շատ զարմացա, որովհետեւ, կարծում եմ, վաղուց ժամանակն է այն փոխարինել մեկ այլ կտորով, իսկ Անին, այնուամենայնիվ, չի հրաժարվում դրանից: Փորձեցինք այս փաստը մեկնաբանել հոգեբանական տեսանկյունից:
Հոգեբան Սեյրան Ամիրյանը կարծում է, որ մարդը մշտապես կապված է բնությանը, կենդանական աշխարհին՝ անկախ տարիքից: Եվ այդ փաստով էլ բացատրում է այն, որ հաճախ տարբեր տարիքի երիտասարդներ քնում են իրենց խաղալիքների եւ շնիկների հետ. «Ընդհանրապես երեխաներին միշտ էլ հետաքրքրում է, թե իրենք ինչ դեր ունեն բնության մեջ, չէ՞ որ մարդը հենց բնությունից է ստեղծվել, շատ բաներ կենդանիներից է սովորել: Ծնողների վերաբերմունքը կենդանիներին՝ նույնպես մեծ նշանակություն ունի այս դեպքում. շատ ծնողներ՝ փողոցում կամ մեկ այլ տեղում տեսնելով շուն, կարող են հարվածել կամ հեռու քշել: Այս դեպքում երեխան մտածում է իր ծնողի պես, եւ երբեք նա չի կարող մտերմանալ շան հետ: Իսկ շատ ծնողներ էլ շուն տեսնելիս միշտ շոյում են: Ահա այս դեպքում էլ, բնականաբար, երեխան ձգտում է այդ ամենն ինքն անել»,- ասաց պարոն Ամիրյանը:
Քնի կարեւորությունը
Մարդը քնի վրա ծախսում է իր կյանքի մոտ 1/3 մասը, իսկ տեսած երազների ընթացքը կազմում է մոտ 5 տարի: Քունն ավելի կարեւոր է մարդու համար, քան սնունդը: Առանց սնվելու մարդ կարող է ապրել մի քանի օր կամ շաբաթ, իսկ առանց քնելու՝ հնարավոր չէ ապրել մի քանի օր: Հին Անգլիայում դատապարտյալների մահապատիժը իրականացնում էին՝ զրկելով նրանց քնից: Չինաստանում դա համարվում էր ամենադաժան հալածանքը: Մարդիկ չքնելու պատճառով խանգարումներ էին ստանում: Օրվա քնի տեւողությունը պետք է լինի 7,5-9 ժամ՝ երեխաներինը՝ մինչեւ 12 ժամ, ընդ որում, 1-2 ժամը պետք է լինի մինչեւ կեսգիշերվա ժամը, քանի որ մինչեւ կեսգիշերվա յուրաքանչյուր 1 ժամվա քունը համարժեք է կեսգիշերվանից հետո 3 ժամվա քնին: Քնելու համար սենյակը պետք է լավ օդափոխված լինի, իսկ քնողը՝ ազատ գիշերազգեստով: Բարձը պետք է փափուկ, հարթ ու փոքր լինի, որպեսզի արյան հոսքը դեպի գլխուղեղ հեշտ լինի:
Հետազոտությունները պարզել են, որ գոյություն ունի քնի երկու տեսակ, այսինքն քնած վիճակի երկու ենթատեսակ՝ դանդաղ եւ արագ քուն: Արագ քնի փուլերում, որոնք զբաղեցնում են մարդու գիշերային քնի մոտավորապես 20-22 տոկոսը, աչքերն արագ շարժումներ են կատարում: Դանդաղ քնի փուլում եւս կան հոգեկան ապրումներ: Հենց այս փուլում է, որ որոշ թվով քնած մարդիկ բարձրաձայն խոսում են՝ շարունակելով քնած մնալ:
Անքնություն եւ դրա հետեւանքները
Ռեժիմի խանգարման հետեւանքով մարդիկ կարող են տառապել անքնությամբ: Անգլիացի գիտնականները գտնում են, որ անքնության դեմ ավանդական միջոցը, որ պետք է ինչ-որ առարկա հաշվել, այնքան էլ արդյունավետ չէ, հատկապես, երբ անքնության պատճառը տագնապային վիճակն է: Պարզապես խորհուրդ է տրվում վերացնել անքնության պատճառը, իսկ քնելն առանց հաշվելու էլ կստացվի: Պիտսբուրգի համալսարանի մասնագետների կատարած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քնի պակասի պատճառով մարդիկ ավելի արագ են վարակվում վիրուսներով, որովհետեւ քնից կախված է մարդու օրգանիզի դիմադրողականությունը: Մասնագետները երկու շաբաթ հետազոտել են 21-55 տարեկան 153 տղամարդկանց ու կանանց՝ հետեւելով նրանց քնի տեւողությանը եւ որակին: Այնուհետեւ 5 օրվա ընթացքում հետազոտվողներին փորձարկել են՝ նրանց մոտ տարածելով հարբուխային վիրուսներ: Նրանք, ովքեր նախորդ երկու շաբաթների ընթացքում քնել էին օրական 7 ժամից պակաս, 3 անգամ ավելի խոցելի են եղել մյուսներից եւ վարակվել են վիրուսով: Միջինում օրական 8 ժամ քնած հետազոտվողների օրգանիզմն ավելի բարձր դիմադրողականություն է ցուցաբերել վիրուսների դեմ: Որքան էլ որ անքնությունը երկարատեւ է, դրա դեմ կարելի է պայքարել: