Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանին դուր եկավ ոստիկանական ֆիլմը

Հունիս 03,2010 00:00

Հունիսի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Սպիտակ գայլերի որսը» հայկական առաջին դետեկտիվ ֆիլմի պրեմիերան: Ֆիմլնը երեք քննիչների մասին է, որոնք բացահայտում են միմյանց հետ կապված սպանությունների շարքը:
Հեղինակները խուսափել էին դաժան ու «բաց» տեսարաններից: «Սպիտակ գայլերի որսը» կինոնկարի սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Ժիրայր Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանեց. «Ֆիլմում բոլոր գործողությունները Հայաստանի օրենքի սահմաններում են: Կյանքի դաժանությունն ենք ներկայացնում, բայց ֆիլմը դիտողի վրա արյուն չենք «շփում»:
Ֆիլմում սիրային պատմություններ կան: Քննիչ Հակոբ Մանուկյանը աշխատանքային աննորմալ գրաֆիկի պատճառով ժամանակ չի գտնում սիրած աղջկա՝ Աննայի հետ շփվելու, այսպիսով արժանանում է ապագա զոքանչի հակակրանքին: Ժ. Հակոբյանը նշում է, որ ֆիլմն իր երիտասարդության մասին է. «Գլխավոր հերոսը՝ քննիչ Հակոբ Մանուկյանը, ես եմ երիտասարդ ժամանակ, իսկապես նախկինում ոստիկանության համակարգում էի աշխատում: Ֆիլմի զոքանչը իմ «չկայացած» զոքանչն է, որովհետեւ իմ ներկայիս զոքանչին շատ եմ սիրում: Աղջիկն էլ էն աղջիկն է, որին սիրում էի, բայց չամուսնացա: Երբ Մոսկվայում սպասում էի համակարգում աշխատելու դիմումի պատասխանիս, պարապությունից որոշեցի գրել այս ամենը… Հիմա այն ֆիլմ է դարձել»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը նկարի մասին «Առավոտին» ասաց. «Ֆիլմը հասարակությանը կմոտեցնի ոստիկանությանը: Իրականությանը շատ մոտ դրվագներ կան, հասարակությունը գուցե այս ֆիլմի միջոցով հասկանա, որ մենք կոչված ենք պաշտպանելու քաղաքացիների իրավունքները  եւ հասարակության մի մասն ենք: Ֆիլմը գրագետ էր կառուցված, քրեակատարողական նորմերի որեւէ խախտում չկար: Սցենարիստը նախկին քննիչ է, նմանատիպ ֆիլմ նկարահանելու խիզախություն ունենալու համար պարտադիր է, որ սցենարիստը համակարգին ծանոթ լինի, ներսից իմանա ոստիկանությանը: Հետաքրքիր էր քննիչ եւ օպեր համադրումը, շփումը, մինչեւ անգամ՝ հումորը»:
Նկարը ցուցադրվելու է նաեւ Գյումրիի, Վանաձորի եւ Ստեփանակերտի կինոթատրոններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել