Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաքծնանք՝ ըստ Հախվերդյանի

Հունիս 03,2010 00:00

Բանավեճ՝ «Հայելի» ակումբում

«Մեր լեզուն մեր հայրենիքն է, լանդշաֆտը չէ, սարերը չեն: Արդեն ամեն ինչ ծախված է, մնում է լեզուն, լեզուն էլ որ ծախենք, ռուսները լավ «կհագնեն» մեզ, ու ամեն ինչ կվերջանա…»,- երեկ «Հայելի» ակումբում օտարալեզու դպրոցների մասին իր տեսակետը հայտնեց երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ նկատելով, թե մենք ռուսաքծնանքով ենք զբաղված: Նրա հետ համամիտ չէ երաժիշտ Արմեն Թութունջյանը՝ Չիկոն: «Ինչքան լեզու գիտես՝ այնքան մարդ ես, մենք համաշխարհային գրականությանը ծանոթանում էինք ռուսական թարգմանություններով, օտար լեզուները պետք է խորությամբ ուսումնասիրել, դրանից միայն կշահենք, իսկ օտարալեզու դպրոցների գործունեությունից հայերենը չի կարող տուժել: Օտարամոլությունը այլ բան է, որը ոչ միայն կրթության, այլեւ երաժշտության մեջ է: Սովետի ժամանակ էլ նույնն էր, հայերը ազգովին ամեն օր ժամը 5-ին ռադիոյով Բաքուն էին «քոքում» ու լսում ադրբեջանցիներին»,- ասում է Չիկոն: «Եվրատեսիլին» անդրադառնալով, պարոն Հախվերդյանն ասաց, թե մեր երկրում ավելի լուրջ անելիքներ կան եւ չարժե ամեն տարի դրա վրա այդքան կենտրոնանալ. «Կեղտը շոկոլադո՞վ են ուզում փակել: Խեղճ գյուղացիները տնից տեղից զրկված փախնում են խոպանները, հանրապետությունում ծանր սոցիալական վիճակ է, իսկ «Եվրատեսիլը» հասարակությանը խնդիրներից շեղելու նպատակ ունի»:
Ա. Թութունջյանի խոսքով, պետք է հանդուրժող լինել «Եվրատեսիլի» հանդեպ, այն ժամանցի ձեւ է, չնայած ինքը նախընտրում է ազատ ժամանակ բռնցքամարտ դիտել: Թութունջյանին չի զարմացնում այն, որ վերջին տարիներին բարձր արվեստը հասարակության նեղ շրջանակներին է հետաքրքրում. «Ինչքան արվեստը բարձրանում է, այնքան նրա սպառողների քանակը նվազում է, բարձր արվեստ ընկալելու համար էլ նախ պետք է բարձր ճաշակ ունենաս»: Նրա կարծիքով՝ ելքը ժողովրդին կրթելն է: Ռ. Հախվերդյանն էլ նշեց. «Մեր վրա քաշել ենք դիմակը, իբր ջազային հանրապետություն ենք, մինչդեռ քաղաքը նախընտրում է ռաբիսը…»: Թութունջյանի համոզմամբ՝ «մարդիկ արդեն ձանձրացել են, որ երկու մտավորական նստում՝ նվնվում են, պետք է հանդուրժող լինենք ու հասկանանք՝ ո՞նց դուրս գանք այդ իրավիճակից»: Ըստ Հախվերդյանի, հայկական երգը նախեւառաջ հայերեն բառն է. «Մենք երկու մեծ դժբախտություն ունենք, մեկը՝ թուրքերենից գողացված երգերն են, երկրորդը՝ Երգի պետական թատրոնն է, որտեղ մկը կում են հայերեն բառեր, բայց դրանք չեն հասկացվում սխալ շեշտադրության պատճառով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել