Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԵՀԱԿԱՆ 36-ՐԴ ՀԱՏՈՒԿ ԳՆԴԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Հունիս 03,2010 00:00

Լեհաստանի ավիացիոն հաղորդակցության 36-րդ հատուկ գնդի 29 հոգանոց մի խումբ, որը պատասխանատու է երկրի ղեկավարների թռիչքները կազմակերպելու համար, վայր է դրել իր լիազորությունները: Ինչպես փոխանցում է «Newsru»-ն, վկայակոչելով լեհական հեռուստաընկերությունը, հրաժարական տվողների թվում կան օդաչուներ, նավիգացիոն համակարգերի ծառայողներ եւ բորտմեխանիկներ: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, հրաժարականները կապված են ապրիլի 10-ին Լեհաստանի նախագահի ինքնաթիռի կործանման հետ: Նման որոշման պատճառ կարող էին դառնալ նաեւ զինծառայողների համար սպասվող կենսաթոշակային բարեփոխումները, որոնց արդյունքում գնդում, այսպես թե այնպես, կրճատումներ էին լինելու: Այդուհանդերձ, Լեհաստանի պաշտպանության նախարարությունում վստահեցրել են, որ այդ առնչությամբ տարածված տեղեկությունները չափազանցված են, եւ հույս ունեն զինծառայողներին համոզել՝ հրաժարվելու աշխատանքից ազատվելու մտադրությունից:
Հավելենք միայն, որ 36-րդ հատուկ գունդն իր տրամադրության տակ ունի նաեւ մի քանի ռուսական ինքնաթիռներ, այդ թվում՝ «Տու-154» մեկ ինքնաթիռ: Այդպիսի ինքնաթիռով էր թռչում նաեւ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին: Ավիավթարից հետո լեհական իշխանությունները հայտարարեցին «Տու-154»-ից հրաժարվելու եւ երկրի բարձրագույն իշխանությունների թռիչքները երկու նոր բրազիլական «Embraer-175» ինքնաթիռներով իրականացնելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել