Բրիտանական կառավարությունը գաղտնազերծել է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների մասին տեղեկությունը: Պարզվել է, որ ավելի քան 172 պետծառայող ավելի շատ է վաստակում, քան Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
Հրապարակված տվյալների համաձայն՝ երկրի կառավարության ղեկավարի աշխատավարձը կազմում է տարեկան 142 հազար ֆունտ ստերլինգ, ինչը ամսական 17 հազար դոլարից մի փոքր ավելի է: Իշխանություններն այդ տվյալները հրապարակելու որոշում են ընդունել՝ հուսալով, որ դա կառավարական ծառայությունների աշխատանքն ավելի թափանցիկ կդարձնի եւ կվերականգնի մարդկանց վստահությունը պետպաշտոնյաների նկատմամբ:
Որպես առաջին քայլ, կառավարությունը հրապարակել է տարեկան 150 հազար ֆունտ ստերլինգից բարձր աշխատավարձ ստացող չինովնիկների եկամուտները: BBC-ի մատուցմամբ, հետաքրքրականն այն է, որ երկրի պաշտպանության նախարարությունում այդպիսի աշխատավարձ ստանում է 28 մարդ, իսկ տրանսպորտի նախարարությունում դրանց թիվն ընդամենը երեքն է:
Ամենաբարձր աշխատավարձը ստանում է Արդար առեւտրի հարցերով գերատեսչության ղեկավար Ջոն Ֆինգլտոնը: Նա վաստակում է տարեկան մոտ 280 հազար ֆունտ, Առողջապահության ազգային ծառայության պետ Դեւիդ Նիկոլսոնն ու Զբաղվածության եւ կենսաթոշակի նախարարության PR-ի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատու Ջո Հարլին վաստակում են տարեկան 250 հազարական ֆունտ:
Փորձագետների ասելով, այդպիսի ազդեցիկ թվերի հրապարակումը կարող է միայն «որոշ հավակնոտ պետծառայողների» մղել դիմելու նաեւ իրենց աշխատավարձը բարձրացնելու խնդրանքով: Կառավարությունը, սակայն, այլ կարծիք ունի: Այնտեղ հույս ունեն, որ եկամուտների հրապարակումը հակառակ արդյունքը կունենա. նախարարների եկամուտների գաղտնազերծումը կհանգեցնի հասարակության կողմից ճնշման, որի հետեւանքով կկրճատվի նաեւ չինովնիկների աշխատավարձը: