Իսրայելա-թուրքական հարաբերությունների սրման կապակցությամբ Իսրայելը սկսել է Թուրքիայում իր ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքների անդամների տարհանումն այդ երկրից: APA-ն, վկայակոչելով «Ֆրանս պրեսը», փոխանցում է, որ իսրայելցի մի չինովնիկ, իր անունը չհրապարակելու պայմանով, հայտնել է, թե այդ միջոցառումները վերաբերելու են Անկարայում աշխատող դիվանագիտական կորպուսի մոտ 50 աշխատակցի: Նա նաեւ հայտնել է Ստամբուլում Իսրայելի հյուպատոսությունը փակելու մասին, թեեւ, ինչպես «Ինտերֆաքսն» է փոխանցում՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին առայժմ խոսք չկա: Նույն աղբյուրի մատուցմամբ, արդեն երկու օր է, ինչ Անկարայում եւ Ստամբուլում ցուցարարներն արգելափակում են Իսրայելի ներկայացուցչություններն ու դեսպան Գաբի Լեւիի նստավայրը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ առանց այն էլ լարված հարաբերություններն էլ ավելի են սրվել՝ իսրայելցիների կողմից Գազայի հատվածի համար նախատեսված մարդասիրական օգնություն եւ շինանյութ տեղափոխող, այսպես կոչված, «Ազատության նավախմբի» վրա հարձակման պատճառով, որի արդյունքում զոհվել էր նավախմբի 19 անդամ, այդ թվում՝ Թուրքիայի 4 քաղաքացի:
BBC-ի մատուցմամբ, երեկ Իսրայելը վտարել է ավելի քան 120 պաղեստինամետ ակտիվիստների, որոնք ավելի վաղ կալանավորվել էին նավախմբի վրա կատարված հարձակումից հետո: Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող մահմեդական մի քանի երկրների ավելի քան 100 ներկայացուցիչներ չորեքշաբթի առավոտյան ավտոբուսներով տեղափոխվել են Հորդանան: Եվս 250 ակտիվիստների վտարումը Իսրայելից երեկ շարունակվել է: Թուրքիայի կալանավորված մոտ 60 քաղաքացիների տեղափոխումը կատարվելու էր հատուկ չվերթով, Բեն Հուրիոն միջազգային օդանավակայանից: Իսրայելի իշխանությունները ծրագրում են բոլոր կալանավորվածների վտարումն իրականացնել 48 ժամվա ընթացքում: