Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱԳԻՐՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ

Հունիս 03,2010 00:00

«Այսօր մանկական գրքեր գրելը նույնն է, ինչ բաղնիքում քեզ համար երգելը, ինչքան ուզում է հրաշալի երգի, մնում է չորս պատերի մեջ»,- երեկ կայացած ասուլիսում ասաց մանկագիր Ղուկաս Սիրունյանը: Նա գտնում է, որ մանկագրության ոլորտում պետք է մեծ ներդրումներ արվեն. «Երեխաների համար ստեղծած գիրը պետք է հասանելի լինի հասցեատերերին, գրողները պետք է այցելեն դպրոցներ, հանդիպումներ ունենան աշակերտների հետ, ինչպես անցյալում էր… Մեկ-երկու անգամ առիթ ունեցել եմ այցելել դպրոցներ, այդ երեխաների համար ասես երկնքից իջած էակներ լինենք, հրեշտակներ: Երեխաները մանկության մեջ են, իսկ մանկությունից զրկել նրանց չի կարելի: Ստեղծվող գրականությունը նրանց չի հասնում, ամսագրերը դպրոցներ մուտք չունեն, պատճառաբանությունն այն է, թե չեն ուզում, որ աշակերտները առեւտրով զբաղվեն»: Մանկագիրը նկատում է, որ նման վերաբերմունքը հիասթափություն է առաջացնում ստեղծագործողի մեջ. «Ես մանկագիր եմ, չգրել չեմ կարող, բայց երբեմն ցանկությունդ կորում է, որովհետեւ վստահ չեմ, որ իմ գրվածքը տեղ է հասնում կամ տպագրվում է ընդամենը 500 ողորմելի օրինակ… Ո՞ւր պետք է գնա այս խղճուկ տպաքանակը, ում կհասնի»: «Ծիծեռնակ» մանկապատանեկան ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը, ի տարբերություն Ղ. Սիրունյանի, նշեց, որ պետության հովանավորություն կա. «Այդ 500 օրինակը, որ տպագրվում է՝ պետական բյուջեից է: Խնդիրը միայն վաճառքի մեջ է: Համաձայն եմ, որ պետության ձեռքն այստեղ կարեւոր է՝ լավ է, որ աջակցում է տպագրության հարցում, բայց հետադարձ կապին արդեն տեր չի կանգնում: Նախ պետք է մտածել գրախանութների վերակենդանացման մասին»: Ըստ մանկագիր Յուրի Սահակյանի, պետական հովանավորության հարցը լուծվելուն պես՝ բոլոր խնդիրները կհարթվեն: Նա մտահոգված է նաեւ մանկական հաղորդումների ու մանուկների հանդեպ անուշադրությամբ. «Երբեք ոչ մի մանկագիր հեռուստաընկերությունների կողմից չի հրավիրվում, առաջարկ չի ստանում, որ խմբագրի մանկական հաղորդումներ, որովհետեւ գուցե դա մեծ հոնորարների հետ է կապված եւ TV-ները նախընտրում են այդ հոնորարներն իրենց պահել…»:
Անդրադառնալով մանկական հաղորդումներին, Ղ. Սիրունյանը նշեց. «Էն, որ չգիտես ում համար՝ ինչ միջոցներով վերջին մոդայի հոլովակներ են նկարում, թող դրա փոխարեն «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդմանը նոր տեսք ու շունչ տան, թող գունավոր ու վառ նոր տեսահոլովակ նկարեն, որ երեխաները հաճույքով դիտեն հաղորդումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել