Հավաստիացնում է ԳԹԿ փոխտնօրենը
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արմեն Փաշայանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ միասնական քննությունների քննական կենտրոնները ձեւավորվում են տվյալ առարկայից քննություն հանձնողների թվին համապատասխան: Առավելագույնը կգործի 39 քննական կենտրոն հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության ժամանակ: Պարոն Փաշայանի տեղեկացմամբ՝ քննական կարգի համաձայն, քննական կենտրոնների ղեկավարներին նշանակում է ԳԹԿ տնօրենը: Անգամ քննության մեկնարկից երկու օր առաջ ոչ ոք չգիտի, թե ով որ քննական կենտրոնի ղեկավար է լինելու: Ա. Փաշայանը նաեւ հավելեց. «Քննությունների մեկնարկից մի քանի օր առաջ մեր աշխատակիցները ստուգում են քննական կենտրոնները՝ ուշադրություն դարձնելով տեխնիկական հարցերին: Օրինակ՝ սեղանները բավարա՞ր հեռավորության վրա են դրված, համարակալումը ճի՞շտ է, ժամացույց, տեսախցիկներ, խլացուցիչներ տեղադրվա՞ծ են, բուժկետը գործո՞ւմ է, ուղեսլաքներն իրենց տեղո՞ւմ են եւ այլն»:
Հետաքրքրվեցինք՝ այս տարի քննությունների անցկացման եւ կազմակերպման առումով նորամուծություններ կա՞ն: ԳԹԿ փոխտնօրենը պատասխանեց. «Ձեռք ենք բերել եւ քննակենտրոններին տրամադրելու ենք մեծ էկրանով երեսուն նոր հեռուստացույց, նրանց տրվելու են նաեւ գելային գրիչներ՝ քննություն հանձնողների թվին համապատասխան եւ «Քիմիա» առարկայի համար Մենդելեեւի գունավոր պարբերական աղյուսակներ: Հաշվի ենք առել այն, որ անցյալ տարի եղան դժգոհություններ, որ աղյուսակները գունավոր չէին»:
Զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ մոնիտորների հարցին. սովորաբար քննությանը հետեւող ծնողները դժգոհում են, որ լավ չեն տեսնում իրենց երեխաներին, չեն կարողանում նրանց դեմքի արտահայտությունից կռահել՝ թեստային առաջադրանքները հաղթահարելու են, թե ոչ: Այս առիթով զրուցակիցս ասաց. «Ծնողների՝ մոնիտորներից դժգոհության հիմնական պատճառն այն է, որ իրենց երեխաներին շատ մոտիկից են ուզում տեսնել: Իրականում մոնիտորների տեղադրման նպատակն այն է, որ ծնողները հնարավորություն ունենան հետեւել քննության ընթացքին, ոչ թե երեխաներին»:
Այս տարի որոշ առարկաների միասնական քննությունների թեստերը տպագրվել են Հայաստանում՝ ԳԹԿ-ի տպարանում: Հետաքրքրվեցինք՝ այդ հանգամանքը ավելորդ խոսակցությունների տեղիք չի՞ տա: ԳԹԿ փոխտնօրենը պատասխանեց. «Ընդհանրապես բոլոր թեստերը Հայաստանում տպագրելու գաղափարը մեզ համար նոր չէ: Մեր կարծիքով՝ աստիճանաբար մենք պե՛տք է հասնենք դրան: Առայժմ միայն որոշ թեստեր են Հայաստանում տպագրվել: Ապահովվել է տպագրության ողջ գործընթացի գաղտնիությունը, այն ամբողջությամբ տեսագրվել է»:
Հավելենք, որ ԳԹԿ-ի տպարանում են տպագրվել նաեւ 9-րդ եւ 11-րդ դասարանների պետական ավարտական քննությունների թեստերը: